«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2002-10-01 | #177, 2002-10-02 | #178, 2002-10-03


Ո՞Վ ՊԱՅԹԵՑՐԵՑ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԵՔԵՆԱՆ

«Ազգ» թերթի մայիսի 8-ի համարում «ԱԺ պատգամավորի 210 հազար դոլարի գրավը» հետաքննական հոդվածը տպագրվելուց մեկ շաբաթ հետո «Հետաքննող լրագրողների ընկերակցություն» այցելեցին ՀՀ գլխավոր դատախազության երկու քննիչներ։ Նրանք ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի մեքենայի պայթյունը քննող քննչական խմբի անդամներն էին, որոնք հոդվածը մի լավ տնտղելուց հետո հասկացել էին, որ պարտված են։ Սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կալանքից ազատեց 19-ամյա Վարուժան Գյուրջինյանին, որը ձերբակալվել էր 2001 թ. դեկտեմբերի 29-ինՙ ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի մեքենան պայթեցնելու մեղադրանքով։ 9 ամիս կալանքի տակ պահելովՙ նախաքննությանը չհաջողվեց նրան ահաբեկչի կերպար տալ։

Քննիչները զրույցի ընթացքում գոնե առերեւույթ հետաքրքրված էին, թե ինչո՞ւ եւ որտե՞ղ եմ հանդիպել գործին առնչվող մի վկայիՙ Ռուբեն Գաբրիելյանին, որին քննչական խումբը փորձել էր անտեսել։ Բանն այն է, որ Ռ. Գաբրիելյանի վկայությունները նրանց պարտավորեցնում էին որոշ սրբագրումներ մտցնել մինչ այդ օրը կազմած քրեական գործի 9 հատորների բովանդակության մեջ, իսկ հոդվածի հրապարակումից հետո հարկադրված եղան եւս մեկ հատորով համալրել քրեական գործը։ «ՀՊՃՀ էլեկտրատեխնիկական դեպարտամենտի ուսանող Վարուժան Գյուրջինյանը 2001 թ. դեկտեմբերի 29-ին, ժամը 4-ի սահմաններում Ամիրյան փողոցում նստելով պատահական տաքսի ավտոմեքենա, գնացել է Ավան թաղամասՙ Մելիք Գասպարյանի տան մոտ, պայթուցիկ սարքը մագնիսի միջոցով ամրացրել շենքի բակում կայանված նրա ավտոմեքենայի տակՙ վարորդի նստատեղի ուղղությամբ, որից հետո պատահական այլ ավտոմեքենայով վերադառնալով տունՙ անաղմուկ պառկել է մահճակալին ու քնել (հիշեցնենք, որ նույն մահճակալին նրանք քնած են եղել երեք ընկերներով- Ս. Պ.)։ Առավոտյան արթնանալովՙ Սեւակ Մարտիրոսյանի հետ իր ուսանողական գործերով գնացել է Հայաստանի ճարտարագիտական համալսարան, իսկ Վ. Սուքիասյանը մնացել է քնած։ ՀՊՃՀ-ում գործերն ավարտելով, բաժանվել է Ս. Մարտիրոսյանից, որից հետո պատահական տաքսիով գնացել է դեպքի վայր հավաստիանալուՙ պայթուցիկ սարքը գործե՞լ է, ավտոմեքենան պայթե՞լ է, թե՞ ոչ։ Հեռվից նայելով ու համոզվելով, որ ավտոմեքենան պայթել է, ժամը 13¬14-ի սահմաններում վերադարձել է տուն»։

Ահա այսպիսի եզրակացությամբ քննչական խումբը ավարտված էր համարել ԱԺ պատգամավոր Մ. Գասպարյանի մեքենայի պայթյունի նախաքննությունըՙ ինքն իրեն համոզելով, որ ամեն ինչ պարզել է։ Իրենց երազած միակ վարկածը դարձավ մեղադրանք շնորհիվ ձեռք բերված «ապացույցների»ՙ «պատահական տաքսի ավտոմեքենայով», «անհայտ անձից գնված պայթուցիկով» եւ այլն։ Ու հանկարծ թերթի էջերում հայտնվում է մի վկաՙ Ռուբեն Գաբրիելյան անունով եւ ինձՙ լրագրողիս պատմում է, որ Ս. Մարտիրոսյանից բաժանվելու ու ձերբակալվելու արանքում ընկած մեկ ժամը իրենք միասին են եղել, երբ քննչական խումբն ուզում էր, որ այդ ժամին Վարուժան Գյուրջինյանը մի անգամ էլ Ավան հասներՙ «դեպքի վայր հավաստիանալուՙ պայթուցիկ սարքը գործե՞լ է, ավտոմեքենան պայթե՞լ է, թե՞ ոչ»։

Ռուբենն ինքը քննիչներին ամեն ինչ պատմել է այնպես, ինչպես հարցազրույցի ժամանակ, միայն թե այդ ամենը վերագրել է դեկտեմբերի 28-ին։ Հենց այն հանգամանքը, որ քննիչները հոդվածի հրապարակումից հետո, մայիսի 15-ին են միայն հարցաքննել այդպիսի մի կարեւոր վկայի, արդեն իսկ մեզ հիմք է տալիս պնդելու, որ միտումնավոր են փոխել նրանց հանդիպման օրը։ Հակառակ դեպքում նրանք Ռ. Գաբրիելյանին շատ ավելի վաղ կհարցաքննեին, քանի որ նրա մասին տեղեկացրել էր Վ. Գյուրջինյանըՙ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում։

«Ինտերնետ մենք մտանք մոտ ժամը 11։30-ին, Վարուժը զանգեց քեռուն, խոսեց եւ ժամը 11։50-ի կողմերը բաժանվեցինք», հայտնել է Ռ. Գաբրիելյանը քննիչներին։ Ընդ որում հատկանշական է, որ Ռուբենը իր մի քանի էջանոց ցուցմունքների ավարտին է փոխում հանդիպման օրըՙ կտրուկ փոխելով բացատրությունների ոճը։ Ապա ավելացնում է. «Իսկ լրագրողի մոտ նշել եմ դեկտեմբերի 29-ը, որովհետեւ այդ մասին ինձ խնդրել էր Արտուրը» (նկատի ունի մեղադրյալի հորը-Ս.Պ.)։ Բայց քննիչներին արդեն Ռուբենը չի ցանկացել խաբել։ Գնահատե՞նք նրա ազնվությունը։ Իրականությունն այն է, որ զրույցի ընթացքում քննիչները հանգեցին նրան, որ ես չունեմ հեռախոսային խոսակցության տվյալները, որը նրանց հիմք տվեց մեկ օր առաջ տեղափոխել նրանց հանդիպումը։

Հետաքննությունն իրականացնելու ընթացքում հեռախոսակապի աշխատակցի միջոցով պարզել էի, որ Ռ. Գաբրիելյանը ինտերնետ կենտրոնից, 52¬96¬40 համարից իր քեռունՙ 25¬35¬08 համարին զանգահարել է հենց դեկտեմբերի 29-ին, ժամը 11։22 րոպեին։ Այսինքն, հեռախոսազանգը գրանցվել է, չնայած կենտրոնի տնօրենը քննիչներին հայտնել է, որ «Արմենտելում» քաղաքային հեռախոսազանգերի 2001 թ. դեկտեմբեր ամսվա տվյալները չեն պահպանվել։ Սակայն գրավոր տվյալները կարող էինք ստանալ միայն ինտերնետ կենտրոնի տնօրենից։ Նա զգուշացավՙ իմանալով, որ խոսքը քրեական գործի մասին է։ «Արմենտելը» մերժեց նաեւ փաստաբանների զանգերին ծանոթանալու գրավոր միջնորդությունը, դարձյալ տալով նույն պատասխանըՙ միայն դատարանի գրավոր հարցումով։ Հետաքրքիր է նաեւ այն, որ քննիչները բազում այլ անձանց հեռախոսազանգեր են կցել գործին, բայց 25¬35¬08 համարի տվյալները չեն կցվել։

Հոդվածի հրապարակումից հետո քննիչներն արդեն պարտավորված էին պարզել, թե նրանք ո՞ր օրն են զանգել ինտերնետ կենտրոնիցՙ դեկտեմբերի 28-ի՞ն, թե՞ 29-ին։ Հարցումն արվել է մայիսի 18-ին։ «Ձեր հեռախոսակապի տրամադրման ծառայությունից 2001 թ. դեկտեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածում Մոսկվա քաղաքի # եւ Երեւան քաղաքի # հեռախոսահամարին զանգեր եղե՞լ են, թե՞ ոչ»։ Ինտերնետ կենտրոնի գործադիր տնօրենը պատասխանում է. «Մեր հեռախոսահամարից միջազգային զանգեր 2001 թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում չեն կատարվել»։ Իհարկե, այս պատասխանն էլ ճիշտ չէ, քանի որ նրանց տրամադրած հեռախոսային խոսակցության տվյալներում դեկտեմբեր ամսին գրանցված բազմաթիվ նման զանգեր կան, սակայն Մոսկվայի զանգերը չկան։ Նշված զանգերը գոյություն չունեն նաեւ դեկտեմբերի 28-ինՙ չնայած Ռուբենի պնդմանը, որ դեկտեմբերի 28-ին Վարուժանը զանգահարել է կենտրոնից։ Քննիչները չե՞ն, հետաքրքրվել, թե ինչու չեն գրանցվել Մոսկվայի զանգերը։ Իբրեւ գաղտնիք հայտնեմ, որ ես ձեռք եմ բերել Մոսկվայի զանգերի տվյալները, որտեղ զանգերը գրառված են հենց դեկտեմբերի 29-ին։

Չնայած, ի՞նչ է փոխում քրեական գործի մեջ Ռուբեն Գաբրիելյանի ցուցմունքները փոփոխելը, որի վրա այդքան ջանք են գործադրել քննիչները, եթե ապացույց չունեն, որ Վարուժանն է պայթեցրել մեքենան։

Ի՞նչ էր անում Մելիք Գասպարյանը մինչեւ «ահաբեկչությունը» եւ դրանից հետո

Քննչական խումբը շատ էր ցանկանում, որ օգնենք իրենցՙ «Մոսկվայում լրագրողները հետաքննություն են կատարում քննիչների հետ»։ Մենք նույնպես չենք զրկում հայաստանցի քննիչներին մեր աջակցությունից եւ առաջարկում ենք համատեղ պարզելՙ ի՞նչ էր անում Մելիք Գասպարյանը «ահաբեկչությունից» հետո։

Նախաքննության ձեռք բերած բոլոր տվյալները հավաստում են, որ նա խոսում էր բջջային հեռախոսով եւՙ անընդմեջ։ Շտապ օգնության բուժաշխատողները հայտնել են, որ 10։10 րոպեին ռացիայով կանչ են ստացել, որից հետո գնացել են այդ հասցեովՙ Ավան, Աճառյան փ., 18 շենք, բնակ. 34։ «Մենք մտանք բնակարան, Մելիք Գասպարյանն անհանգիստ քայլում էր բնակարանում։ Հիվանդանոց տանելու ճանապարհին նա անընդհատ խոսում էր բջջային հեռախոսով։ Հարցերին պատասխանեց, որ լավ է զգում եւ իրեն հիվանդանոց են տանում», պատմել է բուժքույր Իրինա Բալայանը։ Բժշկուհի Ռիմա Հարությունովան հայտնել է, թե իր հարցինՙ որեւէ մեկին կասկածո՞ւմ է, պատգամավորը պատասխանել էՙ չգիտեմ, եւ որ ինքն արդեն տեղեկացրել է իր նախարարին։

«Արմենտելից» քննչական խմբի ձեռք բերած հեռախոսազանգի տվյաները եւս հաստատում են, որ մեքենայի պայթյունից անմիջապես հետո Մ. Գասպարյանը ակտիվ հեռախոսազրույց է սկսել բջջային հեռախոսով։ Ընդ որում, պարզեցինք, որ առաջին երկու զանգերովՙ 10։18 րոպեին, ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հետ է կապվել։ Մ. Գասպարյանը նախարարին երկրորդ անգամ զանգահարել է 10։21 րոպեին։ Այնուհետեւ, ԱԺ պատգամավորն անընդմեջ խոսել է բջջային հեռախոսովՙ օրվա ընթացքում «իր նախարարի հետ կապվելով մի քանի անգամ»։ Այսպիսով, պատգամավորի հեռախոսային խոսակցության ռիթմը ցույց է տալիս, որ նրա շփոթմունքը կարճատեւ է եղել եւ շարունակել է գործնական զրույցը բջջային հեռախոսով։

Մ. Գասպարյանի կինը քննիչին տված բացատրության մեջ հայտնել է, որ ժամը 8-ին մեքենայի ազդանշանը միացավ, սակայն հարց չի տրվումՙ որտե՞ղ էր ամուսինը այդ պահին, ոչ մի խոսք այն մասին, թե ինչպիսի՞ն էր ամուսնու արձագանքը։ Մանավանդ որ, նրա ասելով, նախկինում նման դեպք չի եղել, բացի այդ, 2 ժամ հետո մեքենան պայթել է։ Կինը Մ. Գասպարյանի մտերիմ ընկերների շարքում, որոնց հետ նա «կիսվում» է, նշել է ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին։ Ինչպես տեսնում եք, Ռ. Գաբրիելյանը միակ կարեւոր վկան չէ այս գործով, որին քննիչները ցանկացել էին շրջանցել, նրանք չեն ցանկացել նաեւ Վ. Այվազյանից պարզել, թե ինչ էր հաղորդում նրան Մ. Գասպարյանը պայթյունից վայրկյաններ անց։

Պայթյունի ականատեսներ ո՛չ մենք մեր հետաքննությամբ, ո՛չ էլ քննչական խումբը չհայտնաբերեցինք։ Անգամ պատգամավորի ընտանիքըՙ աղջիկը եւ մյուսները, պայթյունի մասին տեղեկացել են Մ. Գասպարյանիցՙ «հորիցս իմացա», եւ հատուկ նշում էՙ այդ պահին մոտը մարդ չկար։ Պատահականությո՞ւն համարենք։ Իսկ ա՞յն, որ Վ. Գյուրջինյանին տեղատեսության տանելիս նրանք երկրորդ օրը դետալներ են հայտնաբերել դեպքի վայրում։ Թեպետ նախորդ օրը օպերատիվ քննչական խումբը տեղազննում էր կատարել, բայց պարզվում էՙ պայթուցիկ սարքի որոշ դետալներ մոռացել էին մեքենայի շուրջբոլորը ու դրանք անպայման գտնում է քննիչ Աշոտ Նադոյանի ձեռքըՙ ջանալով նրան դուրս թողնել կադրից։ Այսպիսով, քրեական գործի 10 հատորներում կա ամեն ինչ, բացի գործին առնչվող վարկածներից ու դրանց ուղղված բացահայտումից։ Բայց քանի որ դատախազությունը պետք է ի վերջո քննի ԱԺ պատգամավորի մեքենայի պայթյունը, կարծում ենք, վերը արված մեր դիտարկումները պետք կգան նրանց։

Հ. Գ. Հոկտեմբերի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունը որոշեց կարճել Վարուժան Գյուրջինյանի մեղադրանքը։

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀԵՏԱՔՆՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ, http։//www.hetq.am/


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4