Երեկ «Ավասա» գրախանութում Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ բացվեց Համահայկական գրքի երկրորդ ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում էին Հայաստանի, Արցախի, սփյուռքի հրատարակիչները։ Ներկայացված էին վերջին շրջանի լավագույն հրատարակություններըՙ թվով 1400 գիրք, ի դեմս «Հայկական հանրագիտարան», «Տիգրան Մեծ», «Արեգ», «Փինթինֆո», «Սարգիս Խաչենց», «Նոր Դար», «Վան Արյան», «Ապոլոն», «Նաիրի», «Արեւիկ», «Զանգակ», «Անկյունաքար», «Հայասա», «Անահիտ» եւ այլ հրատարակչությունների։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, հրատարակիչներ, մտավորականներ, գրասեր հանրություն։
Բացման խոսքում Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանը խոսեց վերջին շրջանում հրատարակչական ոլորտում կատարված փոփոխությունների, առաջընթացի եւ ձեռքբերումների մասին։ Այս ցուցահանդեսին հետեւելու է Ֆրանկֆուրտի միջազգային տոնավաճառինՙ հայ հրատարակիչների մասնակցությունը, որի ֆինանսավորումը կատարում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամը, իսկ ասոցիացիայի ներկայացուցիչների հոգսերը հոգում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։
Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը ողջունելով ցուցահանդեսի կազմակերպիչներին եւ մասնակիցներին, ցավով նկատեց, որ խզումը գրքի եւ ընթերցողի միջեւ ավելի է խորացել։ Սակայն վերջերս Ազնավուրի հրապարակում կազմակերպված գրքի ցուցահանդեսը, Մեսրոպ արք. Աշճյանի նախաձեռնությամբ հռչակված հայ գրքի ակումբը գրողների միության մեծ սրահում, «Աջակցություն բարեկիրթ հասարակությանը, գրքին եւ ընթերցանությանը» ծրագիրը, նաեւ այս ցուցահանդեսը, ցույց են տալիս, որ գրահրատարակչական ոլորտում կանգնած ենք մեծ բեկման առաջ եւ առաջընթաց ենք արձանագրում։
«XXI դարում չենք կարող ունենալ ոգեզուրկ, կիսագրագետ սերունդ։ Պետք է հասարակությանը վերադարձնենք գրքին, ընթերցանությանը։ Այս ցուցահանդեսն ավանդական է դառնում, իսկ աշունըՙ գրքի տոն։ Գրողների միությունն աշունը պիտի դարձնի նաեւ գրական, հրատարակչական մրցանակների տոն եւ, կարծում եմ, մինչեւ 3-րդ ավանդական ցուցահանդեսը պիտի կարողանանք միջոցներ հայթայթելՙ լավ գրված եւ լավ հրատարակված գրքերն արժեւորելուՙ համաժողովրդական մրցանակների ձեւով»։
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորանքի ելույթում ընդգծվեց այն հանգամանքը, որ ցանկացած, ամենաարդիական տեղեկատվական միջոցների մեջ գիրքը միեւնույն է, իր արժանի տեղն է միշտ ունեցել եւ դիմացել մրցակցությանը, գրականության նկատմամբ հետաքրքրությունը չի նվազել, քանի որ «գիրք կարդալը, գրախանութ մտնելը մեծ հաճույք է»։ Վարչապետը նշեց, թե 91-ի այն մտահոգությունը, որ գրախանութները վայրենի ձեւով սեփականաշնորհելուց հետո խնդիրներ կառաջանան հրատարակչությունների, գրքի վաճառքի հետ կապված, վերջին տարիներին վերացավ։ Եվ սա այն նվիրյալների ջանքերով, ովքեր իրենց պատասխանատու աշխատանքով պահպանել են գիրք սիրողների ավանդույթները, եւ այն հրատարակիչների շնորհիվ, ովքեր հայ գրահրատարակչական, պոլիգրաֆիական արվեստը կարողացան համապատասխանեցնել արդիական չափանիշներին։
Վարչապետը մաղթեց, որ ցուցահանդեսն ավանդական դառնա, հետաքրքրվեցՙ ամառվանից հետո նոր ձեռքբերումներով, անշուշտ, նախընտրեց որոշ գրքեր, գտնելով, որ այստեղ գիրք արժեւորողներ են հավաքվել, ոչ թե նախկին պաշտոնյաների պես, որոնց համար գիրքը կահույքի բաղկացուցիչ մաս էր։ Մինչդեռ «գիրքը սիրում են, եւ թանկ գիրքերը շատ կարդալուց նույնիսկ մաշվում էին»։
Լավ գրականություն «Ավասա» գրախանութում, իրոք, ներկայացված էր, սակայն ցուցադրված գրականությունը որոշ դեպքերում պատշաճորեն չէր ներկայացված, գուցե գրախանութն էր փոքր, շատ արժեքավոր հրատարակություններ կային, որոնք, սակայն, նկատելի չէին։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ