«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2002-10-01 | #177, 2002-10-02 | #178, 2002-10-03


ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ՀԱՇՏՎԻ ՇԱՀԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՃԱՇԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԵՏ

Երեւանի քաղաքապետարանում Առնո Բաբաջանյանի արձանի շուրջ քննարկումները, ինչպես եւ ենթադրել էինք կանխավ, իրավիճակի մեջ որեւէ փոփոխություն չմտցրեցին։ Ներկաները լսեցին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի անիմաստ եւ ոչինչ չասող ելույթներն ու հիմնավորումները, որոնք ազատ, բայց «ընդդիմադիր» «Հայկական ժամանակը» համարեց «շատ կառուցողական» եւ «կուռ տրամաբանություն» ունեցող։ Թողնենք լրագրողի խղճին, թե որքանով էր «կառուցողական» եւ «կուռ» քաղաքապետի ներողությունը լրատվամիջոցների հրապարակումների համար եւ թե ինչպես է պատահում, որ նման «անկաշառ» օրաթերթը սկսում է քծնել քաղաքապետին, իսկ մինչ այդՙ գլխավոր ճարտարապետին։ Անդրադառնանք խնդրի էությանը։

Քաղաքապետն այդ օրն իսկապես փայլում էր իր «հանճարեղությամբ»։ Նա նախ առաջարկում էր Առնո Բաբաջանյանի երկրորդ, երրորդ արձանը կանգնեցնել (հետաքրքրական է, ի վերջո որերորդն է քիչ թե շատ նմանվելու անվանի կոմպոզիտորին), հետո իրեն մեղավոր համարում ստեղծված վիճակի համար, սակայն վերջում որոշում է ընդունում արձանի ճակատագիրը, փաստորեն, հանձնել այն մարդուն, որն Առնո Բաբաջանյանի ծաղրանկար հիշեցնող արձանի հիմնական մեղավորն է։ Խոսքը Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ թե Նապոլեոն Սարգսյանի մասին է։

Գլխավոր ճարտարապետը, որն իր մասին շատ բարձր կարծիք ունի եւ հավանաբար հարգված անձնավորություն է... իր ընկերների շրջանում, ի սկզբանե հայտարարեց, որ կերպարի ու արձանի փոփոխություն չի լինելու։ Այլ կերպ լինել չէր էլ կարող։ Բացօթյա սրճարանների «ասպետը», որն առանց աչքը թարթելու, եւ, իհարկե, անշահախնդրորեն դրանց կառուցման թույլտվություններ էր աջ ու ձախ բաշխում, ինչպե՞ս կարող էր մերժել արձանի ճարտարապետ Լեւոն Իգիթյանին։ Մի մարդու, որը հեռուստատեսությամբ ու թերթերում ջանք ու եռանդ չի խնայում պաշտպանելու իրեն պաշտոն եւ «ընտանիք պահելու» հնարավորություն տված գլխավոր ճարտարապետին։ Ինչպես ասում են, ամեն ինչ փոխադարձ է ե՛ւ ճարտարապետության, ե՛ւ քանդակագործության, ե՛ւ դրանց հետ բացարձակապես կապ չունեցող ու բիզնես հիշեցնող փոխհարաբերությունների մեջ։

Եվ պատկերացնո՞ւմ եք, դեռեւս կլինեն մարդիկ, որ կհավատան, թե գերազնիվ Նարեկ կամ Նապոլեոն Սարգսյանն անպայման հաշվի կառնի հասարակական կարծիքը, Առնո Բաբաջանյանի գործընկերների, հարազատների դիրքորոշումը եւ կհրաժարվի շրջապատում ահ ու սարսափ սփռող արձանից։

Կարելի է կանխագուշակել նաեւ, թե Նապոլեոն կամ Նարեկ Սարգսյանի հրամանատարությամբ ստեղծվելիք գեղարվեստական խորհրդի կազմում կլինեն նաեւ արվեստագետներ, որոնք կարծում են, թե «արվեստի գործերը քննարկման ենթարկելը բոլշեւիզմ է», որ մենք բոլորս «գավառական փոքրիկ մտածողություն ունենք», որ «Երեւանը չենք սիրում» եւ նման այլ «արվեստագիտական» ցնդաբանություններ։ Այդ խիստ արվեստագետ անձնավորություններին, որոնք ամենայն հավանականությամբ կհաստատեն արձանի տեղադրման արդեն ընդունած որոշումը, առաջարկում ենք սեփական մտքի արգասիքները ներկայացնել Առնո Բաբաջանյանի արձանի մոտով անցնող սովորական երեւանցիներին, որոնք անարգված ու ստորացված են զգում իրենց այդ արձանի առկայությամբ։

Վերջում այս բոլորինՙ քաղաքապետին, գլխավոր ճարտարապետին, արձանի հեղինակներին եւ նրանց ձայնակցող «արվեստագետներին», որոնց համար անձնական շահը վեր է ամեն ինչից, կցանկանայինք ասել, որ բարոյական իրավունք չունեն գավառամտության, դիլետանտիզմի եւ Աստված գիտե, թե էլ ինչի մեջ մեղադրելու հասարակությանը, մարդկանց, որոնք ընդվզում են ազգային արժեքները (դժվար թե որեւէ մեկը կասկածի, որ Առնո Բաբաջանյանն այդպիսին է) պղծելու փորձերի դեմ, որոնք ցանկանում են գեղագիտական հաճույք ստանալ իսկապես արվեստի գործերից, այլ ոչ թե նողկանք զգալ մտքի նման փայլատակումներից եւ անիծելով դրա հեղինակների «կերածն ու արածն» արագորեն հեռանալ, որոնք այսպես թե այնպես չեն հաշտվելու շահամոլության ու անճաշակության այդ հուշարձանի հետ։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4