Վերջին երեք-չորս տարիներին Գյումրիում գուցե շախմատային մեծ նվաճումներ չեն արձանագրվել, այնուամենայնիվ, այստեղ էլ մարզաձեւի մասսայականության պայմաններում խոստումնալից պատանի մարզիկներ են աճում, որոնց սատարելու դեպքում կարող են լավ արդյունքներ ակնկալվել։ Այս տարի քաղաքի մեծահասակների առաջնության հաղթող դարձած, 16-ը չբոլորած Սիմոն Մկրտչյանը, ապրիլին հաջող հանդես գալով նաեւ պատանիների հանրապետական առաջնության եզրափակիչում, նվաճեց երկրորդ մրցանակ եւ Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցելու իրավունք։ Գյումրեցի աղջիկներից Տաթեւ Գասպարյանը եւ Վարդուհի Քալաշյանն իրենց տարիքային խմբերում (համապատասխանաբար մինչեւ 10 եւ 12 տարեկաններ) արժանացան նոյեմբերին Հունաստանում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգրերի։
Սակայն, պարզվում է, այստեղ էլ ֆինանսական խնդրի չլուծվածությունը կարող է պարզապես արգելափակոց լինել պատանի շախմատիստների ճանապարհին։ Դա ցույց տվեց նաեւ մի քանի օր առաջ հանրապետության տարբեր տարիքային խմբերի պատանիների կազմում մեծ դժվարությամբ Իսպանիա մեկնած Սիմոն Մկրտչյանի այս առաջին փորձը։ Որքան կարողացանք տեղեկանալ Սիմոնի մարզչիցՙ Շիրակի մարզի շախմատի ավագ մարզիչ Հարություն Պեպելյանից, միայն տեղական ջանքերով մի կերպ հաջողվեց հայթայթել մարզիկի մեկնման համար անհրաժեշտ գումարը, որի կեսը տրամադրեցին Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը, իսկ մյուս կեսը հարկ եղավ ճարել պարտքով։
Առջեւում, ինչպես ասացինք, աղջիկների մեկնման խնդիրն է, որի համար առայժմ ոչ ոք չի խոստանում միջոցներ տրամադրել։ Իսկ չէ՞ որ նրանք բոլորը Հայաստանը, հանրապետությունն են ներկայացնելու, ուրեմն եւ խնդիրն էլ հանրապետական մակարդակի է։ Մնում է հուսալ, որ շախմատի հանրապետական ֆեդերացիան սպորտին ու շախմատին աջակցող մարմինների օգնությամբ, այնուամենայնիվ, հնարավորություններ կգտնի հարցը լուծել։
Գ. Մ.