Ալիեւ. «Ռուսաստանը բոլորին զենք է վաճառում, մեզ էլ կվաճառի, եթե ցանկանանք»
«Պատերազմ սկսելու հայտարարությունները չպետք է չափազանցել», հայտարարել է Ադրբեջանի նախագահըՙ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտնող ռազմական ճանապարհով ԼՂ հակամարտությունը կարգավորելու հայտարարությունները։ «Պատերազմն այնպիսի գործ չէ, որ հնարավոր լինի սկսել հայտարարություններով», ըստ ANS գործակալության ասել է Ալիեւը։
Մեկնաբանելով Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Իվանովի վերջերս Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ստորագրած պայմանագիրը, Ալիեւը նկատել է, որ դա չպետք է ընդունել ճնշում Ադրբեջանի վրա։ «Ռուսաստանը բոլորին զենք է վաճառում, մեզ էլ կվաճառի, եթե ցանկանանք», ասել է Ալիեւը։
Անցած ուրբաթ Ալիեւի որդինՙ Իլհամը, հայտարարել է, որ Ադրբեջանում Հայաստանի դեմ պատերազմի կոչ անող գործիչները պոպուլիստներ են։
Մենք համաձայն ենք Հեյդար Ալիեւի տեսակետին, համաձայն ենք նաեւ Իլհամ Ալիեւի տեսակետին, որ Ադրբեջանում հայերի դեմ պատերազմի կոչ անող գործիչները պոպուլիստներ են։ Միեւնույն ժամանակ զարմանալի են հայր եւ որդի Ալիեւների «խաղաղության աղավնու» դերի հավակնությունները. վերջին մի քանի տարիներին նրանք տասնյակ անգամ պատերազմի կոչ են արել։ Բայց ինչո՞ւ ենք զարմանում, չէ՞ որ նրանք էլ են պոպուլիստներ։
Քիշնեւից վերադառնալով Բաքու, Հեյդար Ալիեւը հավանական է համարել իր հերթական հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ նոյեմբերի վերջերինՙ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք ՆԱՏՕ¬ի գագաթաժողովի շրջանակներում։ Ալիեւը նշել է, որ Քոչարյանի հետ պայմանավորվել է շարունակել ղարաբաղյան բանակցությունները։
Թ. Հ.