«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2002-10-05 | #181, 2002-10-08 | #182, 2002-10-09


ՎԼԱԴԻՄԻՐ ՏՅԱԳԼՈ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ»

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ քաղաքական խնդիրներ չկան, երկու երկրների նախագահներն այդ մասին դեռեւս նշել են այն ժամանակ, երբ ես Երեւանում նոր սկսում էի իմ դիվանագիտական առաքելությունը։ Հատկանշականն այն է, որ ի լրումն երկու երկրների բարեկամական հարաբերություններիՙ մարդկային ջերմ շփումներ են հաստատված հենց նախագահների միջեւ, որոնք հանդիպումների ընթացքում կարող են անկաշկանդ մթնոլորտում քննարկել ամենատարբեր հարցեր», Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի Հայաստան կատարելիք եռօրյա պաշտոնական այցի նախաշեմին Արմենպրեսին տված հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Տյագլոն։

Դեսպանի խոսքերով, մինչ օրս երկու երկրների միջեւ ստորագրվել է ավելի քան 50 համաձայնագիր, որոնցից մոտ 40-ը վավերացված է եւ արդեն գործում, այդ թվումՙ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ բարեկամության ու համագործակցության մասին պայմանագիրը, որի հիման վրա էլ կառուցվում են երկկողմ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային եւ հումանիտար հարաբերությունները։

Ըստ Վ. Տյագլոյի, երկու երկրները բավականին արդյունավետ համագործակցում են միջազգային կառույցներում. որպես թարմ օրինակ դեսպանը հիշեցրեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին նստաշրջանը, որտեղ ընդունվեց Հայաստանի համար նպաստավոր որոշումՙ նաեւ Ուկրաինայի պատվիրակների աջակցությամբ։ Այս առումով նա նշեց, որ դեսպանատունը սերտ կապ է պահպանում Հայաստանը միջազգային կառույցներում ներկայացնող խորհրդարանականների հետ։ ՄԱԿ-ում, ԵԽ-ում ԵԱՀԿ-ում եւ տարածաշրջանային այլ կազմակերպություններում կողմերը փոխադարձաբար աջակցում են պարտավորությունների կատարման ընթացքի, թեկնածությունների պաշտպանության հետ կապված հարցերի քննարկման ժամանակ։

Հայ-ուկրաինական առեւտրատնտեսական հարաբերությունների առնչությամբ դեսպանը փաստեց, որ վերջին 3-4 տարիների ընթացքում նկատվում է առեւտրաշրջանառության եւ բեռնափոխադրումների ծավալների աճի միտում։ Ըստ նրա, 2001 թ-ին Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշռում Ուկրաինայի հետ առեւտրաշրջանառության մասնաբաժինը (5,7 տոկոս) զբաղեցրել է երկրորդ տեղը։ Սպասվում է, որ այս տարի կկազմի 40 մլն դոլար, ինչը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը, եւ դա, ըստ Վ. Տյագլոյի, դեռեւս սահմանային հանարավորությունը չէ։ Առաջիկայում բեռնափոխադրումների ծավալները կաճեն մեքենաշինական եւ քիմիական ապրանքների, գյուղատնտեսական մթերքների, էներգետիկ սարքավորումների հաշվին։ Դիվանագետի խոսքերով, առեւտրատնտեսական հարաբերությունները երկկողմ համագործակցության առաջնահերթ ուղղություններից են։

Դեսպանը նշեց, որ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության մոտ 90 տոկոսն իրականացվում է Իլյիչովսկ-Բաթում¬Փոթի¬Երեւան ուղիով։ Ընդ որում, այս ճանապարհը կարեւոր է ոչ միայն հայ-ուկրաինական երկկողմ առեւտրական հարաբերությունների, այլ նաեւ հայ-ռուսական, հայ-բելառուսական եւ ընդհանրապես Հայաստան-Եվրոպա բեռնափոխադրումների տեսանկյունից։ Ըստ դեսպանի, Հայաստանն էլ իր հերթին Ուկրաինայի համար ներկայանում է դեպի Իրան, ապա եւ Աֆղանստան տանող ցամաքային ուղու արժեքավոր հատված (այս ճանապարհով Իրանի հետ Ուկրաինայի առեւտրաշրջանառությունն ունի մինչեւ 1 մլրդ դոլարի հասնելու հնարավորություն)։ Վ.Տյագլոյի խոսքերով, երկու նախագահների հանդիպման ժամանակ, խնդրի կարեւորությունը հաշվի առնելով, կքննարկվի Իլյիչովսկից մինչեւ Երեւան առեւտրական ուղու ցամաքային հատվածով բեռնափոխադրումները դյուրացնելու հարցը։

Երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործում դիվանագետը կարեւորեց հայկական եւ ուկրաինական սփյուռքի եւ մշակութային առնչությունների դերը։ Նա հայտնեց, որ Ուկրաինայում գոյություն ունի 17 հայկական կրոնական համայնքՙ համախմբված 11 եկեղեցիների շուրջ. նախապատրաստական աշխատանքներ են տարվում մի քանի եկեղեցի կառուցելու ուղղությամբ։ Նշենք, որ այցի ընթացքում նախատեսված է Լ. Կուչմայի հանդիպումը Հայաստանում ուկրաինական համայնքի ներկայացուցիչների հետ։

Դեսպանը տեղեկացրեց, որ Լեոնիդ Կուչմայի առաջիկա այցի ընթացքում կստորագրվեն 2 միջկառավարական եւ 2 միջգերատեսչական համաձայնագրեր։ Միջկառավարական համաձայնագրերը վերաբերում են տեղեկատվության, գրահրատարակչության եւ գրատարածման ոլորտում համագործակցությանն ու գաղտնի տեղեկատվության փոխադարձ պահպանությանը։ Իսկ միջգերատեսչական համաձայնագրերից մեկն առնչվում է ռազմական համագործակցությանը, մյուսըՙ էներգետիկայի բնագավառում գործակցությանն ու էներգետիկ սարքավորումների փոխադրմանը։ Ըստ Վ. Տյագլոյի, վերջին համաձայնագրի վավերացումը հրատապ է, դրանով նախատեսվող ձեռնարկումները կատարվելու են շուտափույթ կարգով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4