Հայ օգնության ֆոնդը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանն օրերս պայմանագիր ստորագրեցին Մ. Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ Լեռնային Ղարաբաղում վերջինիս տրամադրած 15 մլն դոլարով առաջիկա 5 տարիների ընթացքում մարդասիրական զարգացման մի մեծ ծրագիր իրականացնելու համար։ Տվյալ միջոցներն օգտագործվելու են Լեռնային Ղարաբաղում դպրոցների, կլինիկաների ու ջրագծերի վերականգնման եւ նորերի կառուցման համար։ ՀՕՖ-ն իրականացնելու է շինարարական ծրագրերը, մինչ ՀԱՀ-ը մասնագիտական կողմն է ապահովելու ծրագրի առողջապահական խնդիրների։
Մոտակա ժամանակներում ՀՕՖ-ը Ստեփանակերտում կհաստատի գրասենյակներ ծրագրի համակարգման եւ իրականացման համար։ Միաժամանակ մասնագիտական խումբը Լեռնային Ղարաբաղի տարածքում գնահատելու է առկա կառույցների վիճակը եւ այնուհետեւՙ դպրոցների, կլինիկաների ու ջրագծերի վերականգնման եւ նորերի կառուցման ծախսերը։
Զույգ կազմակերպությունների համար այս պայմանագրի ստորագրումը կարեւոր է նաեւ այն պատճառով, որ առաջին անգամն է, որ հայկական կազմակերպություններն այսքան կարեւոր գումար-դրամաշնորհ են ստանում իրենց համատեղ ներկայացրած ծրագրերի իրականացման համար։