«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2002-10-05 | #181, 2002-10-08 | #182, 2002-10-09


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 200-ԱՄՅԱԿԸ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դեռեւս Ալեքսանդր Առաջինի ստորագրած փաստաթղթերով Ռուսաստանում ստեղծվեցին յոթ նախարարություններ, որոնց թվում էր նաեւ արտաքին գործերի նախարարությունը։ «Ռուսական դիվանագիտությունն անցել է շատ երկար ճանապարհՙ ապրելով եւ վերելք, եւ վայրէջք։ Քիչ չեն նաեւ այս տարածաշրջանում տարված դիվանագիտական աշխատանքները։ Այն իր անկումն ապրեց Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ եւ միայն 1946 թվականին արտաքին գործերի նախարարությունը վերսկսեց իր գործունեությունը»,- ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Դրյուկովըՙ Ռուսաստանի ԱԳ նախարարության 200-ամյակին նվիրված «Ռուսաստանն ու Հայաստանը. 21-րդ դար» կոնֆերանսին։ Նրա խոսքերով, այս օրերին ԱԳ նախարարությունն ապրում է զարգացման կարեւորագույն եւ պատասխանատու պահ, «երբ պետք է ճիշտ կողմնորոշվել, թե ինչպիսին ենք լինելու. 2001 թվականի սեպտեմբերի 11-ը փոխեց աշխարհը, բոլորը գիտակցեցին, որ քաղաքակրթությանն սպառնում են ընդհանուր մարտահրավերներՙ միջազգային ահաբեկչությունը, թմրամիջոցների եւ զենքի վաճառքը, մարդավաճառությունը, էկոլոգիական խնդիրները։ Դրանք այն մարտահրավերներն են, որոնք հնարավոր չէ լուծել առանց միավորելու ուժերը։ Իսկ միավորման գործընթացում իր ուրույն դերն ունի դիվանագիտությունը»։

Ըստ դեսպանի, դիվանագետների աշխատանքն ավելի է հեշտանում, երբ պետությունը հզոր է, ունի ուժեղ տնտեսություն, ներքին կայուն քաղաքականություն եւ հզոր բանակ։

Անդրադառնալով Հայաստանի ու Ռուսաստանի փոխհարաբերություններինՙ Ա. Դրյուկովն ասաց, որ երկու պետությունները միջազգային ասպարեզում հանդես են գալիս գրեթե նույն դիրքերից, որոնք վկայում են սերտ համագործակցություն։ Նա նաեւ նշեց, որ Ռուսաստանի կառավարությունը շատ բարձր է գնահատում Հայաստանին որպես դաշնակից պետության, որի հետ կապում են շատ սերտ հարաբերություններ ինչպես մշակութային, հոգեւոր, տնտեսական ոլորտներում, այնպես էլ պատերազմի դաշտում։

Գիտական համաժողովին իրենց շնորհավորանքի եւ ողջույնի խոսքն ասացին ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Աշոտ Մելիք-Շահնազարյանը, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4