«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2002-10-05 | #181, 2002-10-08 | #182, 2002-10-09


ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՆ ԻԲՐԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾՈՆ

«Բացախոսության հրավեր առողջապահական հարցերի շուրջ» «Ազգի» հուլիսի 27-ի համարում լույս տեսած հրապարակումը հրավեր էր հասարակության տարբեր շերտերինՙ բանավեճերի, խորհրդածությունների, առաջարկների ձեւով անդրադառնալու առողջապահության բնագավառում տիրող իրավիճակին։

Մեր վերոհիշյալ հրապարակումն անարձագանք չմնաց։ Առաջինը բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ Սարգիս Ավագյանն էրՙ առողջապահության ոլորտում բարեփոխումներիՙ մեր կարծիքով անհրաժեշտ բազմաթիվ առաջարկներով։ Իր հետ զրույցից պարզ էր, որ անկեղծ սրտացավություն ունի եւ ձգտում է առողջացած տեսնել առողջապահական համակարգիՙ խորհրդային տարիներից մեզ ժառանգած հիվանդ մարմինը։

Բժշկական ինստիտուտը գերազանց ավարտելովՙ նա մեկնել է շրջաններ (Արագած, Մասիս), աղետալի երկրաշարժից անմիջապես հետո կամավոր մեկնել ու մոտ մեկ տարի աշխատել է ավերված Լենինականում, երբ շատ տեղացի բժիշկներ փախչում էին աղետի գոտուց, կլինիկական օրդինատուրան անցել է «Մոր եւ մանկան» առողջապահության պաշտպանության գիտահետազոտական կենտրոնում, աշխատել է նաեւ արտասահմանում (Իրանում, ԱՄՆ-ում, Հոլանդիայում)։ Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։

Արտասահմանյան երկրների աշխատանքային փորձն օգնել է նրան համեմատելու տարբեր երկրների առողջապահական համակարգերի առավելություններն ու թերությունները։ Հատկապես ԱՄՆ-ում աշխատած տարիներն արդյունավետ են եղել տարբեր առումներով, հատկապես իմաստավորելու մարդկային շատ արժեքներ։ Շրջանցելով այս հարցերը, այնուամենայնիվ, չեմ կարող չհիշատակել Հայաստանից մեկնած բժշկի հետ պատահած մի դեպք. «Սուր ատամնացավ ունեի։ Ոչ մի կերպ չէի կարողանում մեղմել ցավը։ Դրամս չէր բավականացնում մասնավոր բժշկական ծառայության դիմելու։ Դիմեցի «Հրեշտակների հոսպիտալի» օգնությանը, որ սոցիալապես անապահով խավերին է սպասարկում։ Ինձ ընդունեց բարեկիրթ աշխատակցուհինՙ էթիկայի բոլոր կանոններին համապատասխան։ Երբ իմացա, որ հայուհի է, խնդրեցի օգնել ինձ։ Նա ժպտալով պատասխանեց, որ պետք է սպասեմ։ Իհարկե, ասացիՙ կարծելով, թե մեկ-երկու ժամ կամ օր։ Հանկարծ նա, թեՙ պետք է սպասեք 1 տարի, ըստ հերթականության»։

Սուր ատամնացավի դեպքում 1 տարի սպասել. լսվա՞ծ բան է։ Երեւանում որեւէ տեղ հաստատ կգտնվեր, որտեղ արագ օգնություն ցույց կտրվեր։ Չգիտեմՙ զգա՞ց, թե ինչ կատարվեց այդ պահին իմ հոգում (սուր ատամնացավս մոռացա), ինչպես տակնուվրա եղա, դուրս եկա փողոց, սիրտս վիրավոր տնքում էր. «Որտե՞ղ է երկիրս...»։

Երկիրն այստեղ է ու մեր մտահոգություններն արտագաղթի կամ «ուղեղների հոսքի» հետ կապված ոչինչ չարժեն, եթե գործնական լուրջ քայլեր չեն արվում ու շարունակում են օտար ափերում դեգերել մեր շատ հայրենակիցներ։ Իսկ ամենաէականը դրանցից, կարծում եմ, նախ եւ առաջ հասարակության բոլոր շերտերի մտածողության մեջ փոփոխություն կատարելն է։

Իմ զրույցը Սարգիս Ավագյանի հետ առողջապահության ոլորտում մրցութային սկզբունքը ներդնելու մասին է, մի հարց, որ դեռեւս 1992¬93 թթ. բարձրացվել է ամենատարբեր ատյաններում իմ զրուցակցի եւ իր համախոհների կողմից։

¬ Հնարավո՞ր է այսօր որեւէ կլինիկայում ազատ աշխատատեղ գտնել։

¬ Բաժնետիրական ընկերությունների վերածված կլինիկաների աշխատատեղերը պետական են, քանի որ բաժնետոմսերի մեծ մասը պետության ձեռքում է։ Այդ հարցի պատասխանը մեկն էՙ տեղ չկա, կրճատումներ են։ Իրականում վիճակագրություն անցկացնելու դեպքում կտեսնենք, որ նոր ընդունվել են ե՛ւ թերապեւտներ, ե՛ւ վիրաբույժներ։

Իսկ ինչպե՞ս է կատարվում այդ կադրերի ընտրությունը։ Քաղաքակիրթ աշխարհում վաղուց իբրեւ լավագույն ձեւ ընդունված է մրցութային սկզբունքը։ Իսկ մեզանում ընտրությունը կատարվում է անձնական հայեցողությամբ, որ չարաշահումների տեղիք է տալիս։ Մենք ունենք հարցի նախապատմությունը եւ բազմաթիվ աշխատանքներ ենք կատարել այս ուղղությամբ։ Հասկանալով, որ սա ստվերային մի հսկա համակարգին կհարվածի, վերադաս ատյաններից շուրջ 12 տարի միշտ ստացել ենք նույն պատճառաբանությունները. «Չի մշակված մրցույթ անցկացնելու կանոնակարգ, եւ օրենքն էլ մեզ չի պարտադրում մրցույթ անցկացնել»։ Բայց օրենքը նաեւ չի արգելում։ Առանց մրցույթի ընտրության դեպքում առաջնային համարվում է ոչ թե պրոֆեսիոնալիզմը, այլ նախկին հովանավորչական մեթոդները։ Այսօր խախտված են շատ չափանիշներ։ Աշխատանքի ընդունվում են ըստ հեղինակություն ներկայացնող իրենց բարերարի։ Սրա հետեւանքով, օրինակ, մի կերպ, հատկապես մասնավոր բժշկական բուհերում հայտնված ու ավարտած այս կամ այն շրջանավարտն աշխատանքի է ընդունվում, իսկ գիտությունների թեկնածուներ դրսում են մնում։

¬ Մրցույթը մի՞թե ենթադրում է չարաշահումների բացառում։

¬ Չարաշահումներ կլինեն, անշուշտ, բայց ոչ այդպես կոպտորեն։ Մրցույթը նաեւ լավագույն հնարավորությունն է տալիս փորձելու սեփական ուժերը։ Մրցույթի գաղափարը հասարակության առաջընթացն ապահովող գործոններից մեկն է, որովհետեւ դրա արդյունքում ընտրվում է առաջատար մասնագետը, որն ապահովում է տվյալ բնագավառի որակյալ սպասարկումըՙ պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից։ Մրցույթ չանցկացնելը սոցիալական անարդարությանը նպաստող գործոններից է, որը բերում է հետագա ավելի մեծ չարաշահումների։ Այսպես, կադրերի ընտրությունը կատարում է պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը, մինչդեռ աշխատողների ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից։ Նրանցից շատերն ընդունվում են անօրինական ճանապարհով եւ պետական բյուջեից ստանում աշխատավարձ։ Ստացվեց, որ գլխավոր բժիշկը պետբյուջեն վաճառեց։

Համաձայն կանոնակարգիՙ բնակչության որոշակի թվաքանակին համապատասխան բուժհիմնարկներում սպասարկող բժիշկներ են աշխատում։ Եվ, բնականաբար, արհեստական աշխատատեղեր չեն կարող ստեղծվել։ Բոլոր հաշվարկներն արված են այնպես, որ ենթադրում են տեղամասը սպասարկող մանկաբույժի կամ թերապեւտի որոշակի աշխատանքային ծանրաբեռնվածություն, այն էՙ ամեն 30¬40 րոպեում ընդունել 1 հիվանդի, այսինքնՙ օրական ունենալ մոտ 8¬10 հիվանդ, բայց ո՞ր պոլիկլինիկայում է այդպես։ Բժիշկների հաստիքների քանակը որոշվում է ըստ բնակչության թվաքանակի։ Հիմնավորվել դրա վրա աշխատանքի ընդունելիս, ինչպես արվում է այսօր, ճիշտ չէ, քանի որ բնակչության թիվն անընդհատ տատանվում է սեզոնային աշխատանքի տեղափոխվելու, արտագաղթի եւ այլ պատճառներով։

Մրցակցության պարագայում գլխավոր բժիշկը շահագրգռվածություն չի ունենա ավելորդ աշխատող ընդունելու։ Մինչդեռ հիմա որեւէ ձեւով բնակչության թվի ավելացման հիմնավորում են գտնում եւ աշխատատեղեր ստեղծում։

¬ Պրն Ավագյան, Դուք մրցութային սկզբունքն առաջարկում եք միայն կադրերի ընտրությա՞ն հարցում։

¬ Ոչ։ Սրան հետեւում է եւս մեկ առաջարկՙ աշխատատեղ ստեղծել աշխատավարձային մրցույթով։ Այսօր Երեւանի կենտրոնում եւ սահմանամերձ հեռավոր գյուղերում աշխատող բժիշկները նույն ձեւով են վարձատրվում։ Այս դեպքում կարելի է անցկացնել մրցույթ հետեւյալ ձեւովՙ օրինակ, Երեւանի որեւէ բուժհաստատությունում պահանջվում է բժիշկ, ասենք, 5.000 դրամ աշխատավարձով, Նոյեմբերյանում կարելի է հրավիրել բժիշկ 200 դոլար աշխատավարձով (խնայված աշխատավարձերի հաշվին)։ Երեւանը գերկենտրոնացված է, մինչդեռ Հայաստանում շատ բնակավայրեր կան, ուր բժշկական ծառայողներ ընդհանրապես չկան։ Այսպիսի պայմանների դեպքում տեսեք, թե ինչպես կգնան։

Հաջորդ առաջարկը հետեւյալն է. անցկացնել մրցույթ պետպատվերի շրջանակում բուժսպասարկում իրականացնող 2 պոլիկլինիկաների միջեւ, որոնցից մեկը, որը թերբեռնված է եւ լավ չի աշխատում, դուրս է մնում մրցույթից։ Գլխավոր բժիշկը հասկանալով, որ վատ կադրեր ունենալու դեպքում դուրս կմնա մրցույթից եւ կզրկվի պետպատվերով իջեցված դրամից, կդադարի իր հայեցողությամբ կամ զանազան միջնորդություններով աշխատող ընդունել։

¬ Բայց մրցույթից դուրս մնացածները գործազուրկ կդառնան։

¬ Լավ բժիշկը, տանը թե դրսումՙ լավ բժիշկ է։ Նա կարող է տարածք վարձակալել եւ մասնավոր գործունեությամբ զբաղվել։

¬ Իսկ ունի՞ նա այդ իրավունքը։

¬ Սա արդեն այլ խնդիր է, երկրորդ լուրջ հարցադրումըՙ թույլատրել բժշկին ալտերնատիվ, ոչ պետական, մասնավոր գործունեություն։

Այս թեմայի շուրջ մեր զրույցը կներկայացնենք հետագայում։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4