Երեկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Երեւան» հյուրանոցում հանդիպեց լրագրողների հետ։ Նախ նա խոսեց հոկտեմբերի 6¬8-ը Հայաստանում անցկացված «Աշխարհի հայերը դարի սահմանագծին եւ միջազգային հարաբերությունների հրատապ խնդիրները» խորհրդաժողովի մասին։
Մոսկվայում այդ օրերին քննարկվել են Ցեղասպանությանը, Հայաստան-սփյուռք հարաբերություններին, նաեւ տնտեսությանը վերաբերող հարցեր։ Այդ հարցերի կապակցությամբ ընդունվել են նաեւ որոշումներՙ նպատակ ունենալով միավորել հայությանը եւ ստեղծել մի միասնական կառույց։
ՌՀՄ-ն այսօր գործում է Ռուսաստանի 67 տարածաշրջաններում։ Ըստ նախագահ պրն Աբրահամյանի, միությունն ակտիվորեն մասնակցում է հայերի հետ կապված ցանկացած խնդրի քննարկմանն ու լուծմանը։
Անդրադառնալով արդեն ՌՀՄ օրերինՙ Արա Աբրահամյանը նշեց, որ պատվիրակությունը երեկ հանդիպել է ՀՀ նախագահին, վարչապետին։ ՌՀՄ անդամները մասնակցել են նաեւ Բաբաջանյան-38, 39 հասցեով 2 հանրակացարաններիՙ դրանում բնակվող փախստականներին որպես սեփականություն հանձնելու արարողությանը։
Այսօր պատվիրակությունը կմեկնի Արցախ, եւ ինչպես նշեց ՌՀՄ նախագահը, կծանոթանա մոտ 1 մլն դոլար ներդրումների (որպես սառնարանային տնտեսություն) արդյունքներին։
Խոսելով իր հայրենի գյուղիՙ Մալիշկայի մասին, պրն Աբրահամյանն ասաց, որ այնտեղ ՌՀՄ միջոցներով կապահովվի գազիֆիկացում, նախատեսվում է կառուցել պահածոների գործարան։
ՌՀՄ օրերի ընթացքում պատվիրակությունը կլինի նաեւ աղետի գոտում։
Պատասխանելով լրագրողների հարցերինՙ Արա Աբրահամյանն ասաց, որ ՌԴ-ում իրենք ակտիվորեն մասնակցում են հայերի հետ կապված խնդիրների լուծմանը։ Եվ այսուհետեւ նպատակ ունեն, օրինակ, Կրասնոդարի երկրամասում (որտեղ բնակչության 20 տոկոսը հայեր են) մասնակցել ընտրություններին։
ՌՀՄ-ն աշխատում է նաեւ Ռուսաստանում գտնվող անանձնագիր 300¬350 հազար հայերի համար որեւէ կարգավիճակի սահմանում ստանալ։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին պարտքի դիմաց գույք տալու տարբերակին, ապա, ըստ պրն Աբրահամյանի, եթե չլինեին ՌՀՄ ջանքերը, այս գործարքը չէր կայանա։ Այսինքնՙ Ռուսաստանն այնքան էլ ոգեւորված չէ պարտքը նման կերպ մարելու եղանակից։ ՌՀՄ նախագահը նաեւ նշեց, որ այդ գործարանների մենեջերությունն իրեն հանձնելու հարց Ռուսաստանում քննարկվել է, բայց դա ընդամենը նախնական ծրագիր է։ Պարզապես ՌՀՄ-ն չի ցանկանում, որ որեւէ այլ կազմակերպություն ստանձնի կառավարումըՙ չաշխատեցնելով գործարանները։
Պատասխանելով ապագա նախագահական ընտրություններում որեւէ մեկի, օրինակ, Քոչարյանի թեկնածությունը պաշտպանելու կամ չպաշտպանելու հարցերինՙ Արա Աբրահամյանի խորհրդական Անդրանիկ Միհրանյանը նշեց, որ ՌՀՄ-ն կարծիք կկազմի այս կամ այն թեկնածուի նախընտրական ծրագրի հիման վրա եւ, իհարկե, տվյալ թեկնածուին էլ կհամակրի։
Հանդիպման ավարտին ՌՀՄ նախագահը ամփոփեց 2 տարում կազմակերպության արածը եւ համարեց լրիվ բավարար։ Եվ այս ամենն, ըստ Աբրահամյանի, պիտի ծառայեցնել աշխարհի հայերի կազմակերպության ստեղծման համար, որը ոչ թե ֆինանս հավաքող, այլ ֆինանսավորող կլինի։
Ա. Հ.