«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2002-10-08 | #182, 2002-10-09 | #183, 2002-10-10


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԵՐԸ ՍՏՎԱՐԱՆՈՒՄ ԵՆ

Ընտրվեց Երիտասարդական-արիական կազմակերպության վարչության կազմը

Ռամկավար Ազատական կուսակցության երիտասարդական թեւը, որը հայտնի է որպես Արմենական շարժում, բավականին հասուն քաղաքական ուժ է սփյուռքահայ գաղութներում։ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը երկրում նույնպես փորձում է քաղաքական, հասարակական ազդեցության հասնել։ Եվ վերջերս ստեղծված ՀՌԱԿ Արմենական-արիական ակումբը հատկապես հատուկ ուշադրության է արժանանում ուսանողության շրջանում։

Երեկ ՀՌԱԿ Հանրապետական վարչության կենտրոնական գրասենյակում երիտասարդ ռամկավարներին միացան եւս 14 նորագիրներՙ Երեւանի պետական համալսարանի, մանկավարժական, պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներ։ Նորագիրների երդման արարողությանը մասնակցում էին Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենադպիր Գառնիկ Հովակիմյանը, Հանրապետական վարչության անդամ Մեսրոպ Հարությունյանը, ինչպես նաեւ հյուրեր սփյուռքիցՙ Հակոբ Անդրեասյանը (ՌԱԿ Երուսաղեմի շրջանակի փոխատենապետ), Հակոբ Փանոսյանը (ՌԱԿ Երուսաղեմի շրջանակի վարչության անդամ) եւ Գեւորգ Գյոնջյանը (ՌԱԿ Դամասկոսի շրջանակի փոխատենապետ)։ Ինչպես նշեց ՀՌԱԿ ատենադպիր Գառնիկ Հովակիմյանը. «Մեր հյուրերն այսօր պատիվ են արել իրենց մասնակցությամբ լինելու երիտասարդ ռամկավարների երդման արարողությանը, այլեւ առավել մոտիկից ծանոթանալու Հայաստանի երիտասարդ ռամկավարների նորաստեղծ կազմակերպության առաջին քայլերին»։

Հայրենաբնակ երիտասարդներին հետաքրքրող շատ հարցեր կային, որոնց սիրով եւ հանգամանալից պատասխանեցին հյուրերը։ Երուսաղեմը, որը 100¬150 տարի եղել է ջարդերից մազապուրծ հայերի կարեւոր ապաստարաններից մեկը, հայերով բնակեցված է եղել դեռեւս Հիսուս Քրիստոսի ժամանակներից։ Եվ եթե այսօր Երուսաղեմում զգալիորեն պակասել է հայերի թվաքանակը, այնուամենայնիվ, հայերը զգալի դեր են խաղում բիբլիական այս քաղաքում։ Հատկապես վերջին երեք տարում ռամկավար-ազատական երիտասարդական շարժումը դարձել է տարածաշրջանի երիտասարդական կարեւոր հանդիպավայրերից մեկը։ Տարին մեկ անգամ Միջին Արեւելքի երկրների հայ երիտասարդները հավաքվում են Հորդանանումՙ բանակումի, եւ այս միավորման նախաձեռնողներն ու պատասխանատուները Երուսաղեմի եւ Ամմանի ՌԱԿ շրջանակներն են։ Քեսաբում (Սիրիա) ամենամյա 10-օրյա հավաքների կազմակերպմանը նույնպես ակտիվ մասնակցում են ինչպես տեղի, այնպես էլ տարածաշրջանի ռամկավար մյուս շրջանակները։ Ինչպես նշեց իր խոսքում ՌԱԿ Դամասկոսի շրջանակի վարչության փոխատենապետ Գեւորգ Գյոնջյանը, Դամասկոսի 5 հազարի հասնող հայերը գործող մեկ եկեղեցիով գուցե չկարողանային ազգանպաստ լայն գործունեություն ծավալել, եթե չլինեին կուսակցական շրջանակները, հատկապես Ռամկավար Ազատական կուսակցության տեղի շրջանակը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոչ միայն զուտ կուսակցական, այլեւ երիտասարդների միջեւ սերտ հարաբերություններ ստեղծելու հարցերը, որոնք կարելի կլինի լուծել բանակումների շնորհիվ նաեւ։

ՀՌԱԿ Արմենական-արիական ակումբը ընտրեց ակումբի վարչություն։ Ատենապետ ընտրվեց Էդուարդ Համբարձումյանը, փոխատենապետՙ Լիպարիտ Ավետիքյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4