«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2002-10-08 | #182, 2002-10-09 | #183, 2002-10-10


ԸՆՏՐԱՇՐՋԱՆԸՙ «ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁԱՔԱՐ

Առաջին շշմեցուցիչ փորձությունը ապագա միասնական թեկնածուի... «պետականացումն» էր

Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում Շիրակի մարզում համայնքապետներ են ընտրվելու 89, ավագանիներՙ 84 համայնքներում։ Դրանցից 3-ը մարզի 3 քաղաքների (Մարալիկ, Արթիկ, մարզկենտրոն Գյումրի), մնացած բոլորըՙ գյուղական համայնքներ են։ Սակայն Գյումրիում այս թեմայով ինչպես քաղաքական շրջանակների, այնպես էլ առօրյա խոսակցությունների հիմնական նյութն առայժմ մնում է քաղաքապետի ընտրության հարցը։ Մթնոլորտը, այսպես ասենք, քաղաքապետայնացված է, եւ վաղուց։ Իսկ այժմ արդեն սկսվել է մի շրջան, երբ նույնիսկ քաղաքական դաշտ ասվածը կարծես թե իր տեղը զիջել է տարբեր թեկնածուների նախընտրական շտաբներին։ Գուցե այդպես թվում է, կամ դա ժամանակավոր է, սակայն նման ինչ-որ մի բան կա, եւ դրանում... իշխանության մատը խառն է։ Եվ այն էլՙ ոչ գաղտնի, այլ միանգամայն բացահայտ ու օրենքի տեսակետից անթերի։ Այստեղ արդեն խնդիրն առնչվում է մեկ տասնյակից ավելի կուսակցությունների մարզային կամ Գյումրու տարածքային կառույցների արդեն մեկ տարի երկու ամիս գործող «Շիրակի մարզային կուսակցական համաձայնություն» միջկուսակցական միավորմանը, ընտրություններում նրա ունենալիք դերին։ Սակայն, ինչպես ասում են, ամեն ինչ հերթով։

Նախընտրական «ական»... պետպատվերով

Ի տարբերություն կուսակցությունների երեւանյան հայտնի խմբի (16-ի), որոնք կարծես թե միավորվել են նույնքան հայտնի «ընդդեմ» գաղափարի շուրջը, Շիրակի մարզային «Համաձայնությունը», համենայն դեպս, ըստ ժամանակին արված հայտարարության, ստեղծվել է Գյումրի քաղաքում ու մարզում առկա հիմնախնդիրների լուծմանն աջակցելու նպատակով։ Այսինքնՙ «հանուն» սկզբունքով։ Միավորումը տարբեր առիթներով հայտարարել էր, որ ՏԻՄ գալիք ընտրություններում պաշտպանելու, աջակցելու է Գյումրու քաղաքապետի մեկ միասնական թեկնածուի։ Անունը չէր տրվում, բայց ե՛ւ ասողների, ե՛ւ լսողների համար պարզ էր, թե խոսքն ում մասին է։ Մոտ մեկ ամիս առաջ, քննարկելով խնդիրը եւ նկատի առնելով քաղաքի հիմնահարցերի լուծման գործում «կուսակցությունների պատասխանատվությունն ու պատրաստակամությունը», «Շիրակի մարզային կուսակցական համաձայնությունը» ութ կուսակցությունների ներկայացուցիչների ստորագրությամբ պաշտոնապես հայտարարեց, որ միասնաբար պաշտպանելու է «Ազգային միաբանություն» կուսակցության Գյումրու խորհրդի նախագահ Մարզպետունի Մարգարյանի թեկնածությունը։ Ընդսմին կարեւոր է նշել, որ այս որոշումն, ըստ պնդումների, կայացվել է թեկնածուի ոչ թե կուսակցական պատկանելության, այլ նրա անձնական հատկանիշների հիման վրա։ Հաշվի էր առնվել, որ Մարգարյանը ղեկավարման լուրջ դպրոց է անցել, մինչ այդ կուսակցության անդամ լինելը, քաղաքապետի նախորդ ընտրություններում ստացած քվեներով երկրորդն էր եւ այժմ էլ բավական բարձր վարկանիշ ունի։ Եվ սպասվում էր, որ այս ընտրություններում էլ հիմնական մրցակցությունը կծավալվի նրա ու ներկայիս քաղաքապետ Վ. Ղուկասյանի միջեւ, որը եւս հայտարարել էր կրկին առաջադրվելու իր մտադրության մասին։ Այսինքն թեկնածուն կարող էր եւ ընտրվել։

Եվ, այնուամենայնիվ, Մ. Մարգարյանը նշված կուսակցության անդամ էր, ղեկավար անդամ. Գեղամյանի կուսակիցը, հետեւաբարՙ նաեւ համագործակիցը... Սակայն կա մի պարզ ու փորձված հնարք. քաղաքական գործչին չեզոքացնելու լավագույն միջոցը նրան պաշտոն տալն է։ Մարզպետունի Մարգարյանը նշանակվեց Շիրակի մարզպետարանի վարչության պետ, եւ նրա թեկնածության հարցը մեջտեղից դուրս եկավ։ Շախմատում այսպիսի քայլի կողքին երկու բացականչական նշան է դրվում, որ նշանակում է շատ ուժեղ քայլ։ Դրան նախորդած մանրամասներ էլ կան, որոնց չենք անդրադառնում։

Ընտրական գործընթացն այժմ

Ներկայիս քաղաքապետից բացի այժմ Գյումրու համայնքի ղեկավար ընտրվելու համար պայքարում են եւս երեք թեկնածուներ, որոնց հնարավորությունների վերաբերյալ «կողքից» որեւէ մեկը դժվարանում է կանխատեսումներ անել։ Այդ թեկնածուներից մեկը պետական ծառայողի (ղեկավար աշխատողի) բավական փորձ ունեցող, ըստ մեր ունեցած տեղեկությանՙ շահարկումների առիթ չտալու նպատակով ընտրաշրջանի շեմին Հանրապետական կուսակցությանն իր անդամակցությունը վայր դրած Մարտին Զիլֆիմյանն է, մեկըՙ մարզպետարանի բաժնի վարիչ, ՀՅԴ ներկայացուցիչ Հովսեփ Սիմոնյանը, մյուսըՙ միլիցիայի պահեստի գնդապետ, 1990-ականների սկզբին ՀՀ ՆԳ նախարար աշխատած, այժմ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության փոխնախագահ Լեւոն Գալստյանը։ «Համաձայնություն» միավորումից ոմանց կարծիքովՙ այսպիսով իշխանությունը ներկայացված է երեք, ընդդիմությունըՙ մեկ թեկնածուով, ուրեմն ընդդիմության թեկնածուն առավելություն ունի։ Կարծիք է։ Ընդդիմության համակրանքն ըստ երեւույթին կլինի Լ. Գալստյանի կողմը, սակայն միասնական թեկնածուի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն առայժմ կարծես թե չի սպասվում։ Մնացածը, դարձյալ առայժմ, սովորական նախընտրական պայքար է։ Որի մի տարրն էլ տարբեր տեսակ խոսակցություններն են։

«Համաձայնությունը»... եթերո՞ւմ է

«Շիրակի մարզային կուսակցական համաձայնությունը» որպես քաղաքական ուժ ինքնահաստատվելու համար պետք է լուծեր մի կարեւոր հարց. հասներ իր թեկնածուի ընտրվելուն, ինչի համար երկար ժամանակ աշխատել էր։ Միասնական թեկնածուի «առեւանգման» իշխանության կատարած քայլը գոտկատեղից ներքեւ հարված էր «Համաձայնությանը», ըստ վերջինիս ներկայացուցիչներիՙ ընդհանուր առմամբ քաղաքական դաշտին։ Եվ բնական է դրանից առաջացած շփոթությունը։ Մյուս կողմից, նախապես 13 կուսակցություններից ստեղծված միավորման աշխատանքին մասնակցությունից գործնականում որոշ թվով կուսակցությունների հրաժարումը, վերջերս նաեւ պաշտոնապես արված հայտարարությամբ նրա կազմից ՀԺԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների դուրս գալը ոչ պակաս անորոշ վիճակ են ստեղծել «Համաձայնության», գուցե նրա բուն գոյության համար։ Միավորման որոշ արմատական անդամներ վերլուծում են այդ ամենի պատճառներըՙ դասեր քաղելու համար, եւ հուսահատված չեն ու ասում են, որ պետք չէ ողբերգություն սարքել։ «Համաձայնությունը», նրանց հավաստմամբ, դեռ ունենալու է իր դերը քաղաքական կյանքում եւ լինելու է դրական իմաստով հակակշիռ իշխանություններին։ Եթե այդպես է, ապա դա իրոք կարեւոր է։

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին, հիմնական խնդիրներն այստեղ դրանց թափանցիկության ապահովումը եւ ընտրողների շահերի պաշտպանությունն են։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4