«Գլաձոր» կառավարման համալսարանի գիտական խորհրդի նիստում օրերս ներկայացվեց Վիլեն Սաֆարյանի «Որոնումներ «մեռյալ» լեզուների պանթեոնում։ Շումերական գրերի հայերեն ընթերցանության ապացույցները» թեման, որը ներկաներին մերթ հիացրեց, մերթ զարմացրեց ու զայրացրեցՙ ի վերջո արժանանալով շնորհավորանքների։ Նա պարզել է «սկզբի սկիզբը», ռեբուսային տարբերակը, որն օգտագործել են նախադպրության շրջանում առաջին եւ անգերազանցելի, բազմահնար «շումերները»։ Զննելով հազվագյուտ գրական հուշարձաններ հանդիսացող մանրանկարները, հինգ հազարամյակների հնություն ունեցող կավե սալիկներըՙ հայտնաբերված Ուրուկի եւ Ջեմդեդ Նասրի (Իրաք, Միջագետք) զետեղարաններում, ակնհայտ է դարձել, որ դրանց վրա գրված նկարներն ու խրթին պայմանական նշանները կրում են որոշակի տեղեկատվություն։ Նա հետեւել է հայտնի ուսումնասիրողների (Ի. Ֆրիդրիխ, Ա. Վայման, Ի. Դյակոնով) աշխատություններինՙ քննադատաբար վերաիմաստավորելով եւ նորովի կարդալով տպագրված նյութերից հայթայթվածը։ Վերծանման շնորհիվ միանշանակ, մաթեմատիկական ճշգրտությամբ հնարավոր դարձավ լուծել հավասարումըՙ ռեբուսի լեզուն հավասար է գյուտարարների լեզվին։ Խնդրի էությունն այն է, որ «շումերական» դպիրները դժվար պատկերվող հասկացության փոխարեն նկարում էին նման հնչում ունեցող, առարկայապես խորթ հասկացությունը (օր.ՙ փետ, պետ, մուտ-մուտ(ք) եւ այլն)։ Արձանագրություններից հայտնաբերված համանունների զույգերի որոշակի քանակությունը, ըստ Վիլեն Սաֆարյանի, բավարար ապացույց են, որ «շումերական» անվանված տեքստերը գրված են հայերեն։ Նա փաստեց, որ թեպետ 19-րդ դարից ի վեր հնագետների հետազոտություններն ի հայտ բերեցին քաղաքակրթությունների մի ամբողջ համաստեղություն եւ «մեռած լեզուների պանթեոն, շրջանառության մեջ դրվեցին մինչ այդ անհայտ «շումերերենը», «խուռիերենը» եւ «ուրարտերենը», սակայն հայ հասարակության սպասելիքները չարդարացան։ Պատասխան չտրվեց մեզ հուզող հարցին, թե որքան խորն են հայերի արմատները քաղաքակրթության պատմության ընդերքում։ Թեեւ ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը նկատեց խեթերի նշած «Հայասա» երկրում հայերի օրրանը, ուրարտագետներն էլ տեսան Հայկական բարձրավանդակի տեղանուններ հուշող անվանումներ, «խուռիների» բառացանկում էլ առանձնացվեցին հայերենին հարազատ տասնյակ բառեր, այնուամենայնիվ, չխարխլվեցին գլխավոր անսասան դրույթներըՙ հայոց պետականությունը կազմավորվել է Վանի թագավորության անկումից հետո, իսկ հայոց գիրը պարտական է հանճարեղ Մեսրոպ Մաշտոցին։
Այսպիսով, Վիլեն Սաֆարյանն ապացուցում է, որ ծածկանկարների եւ սեպագրերի ճարտար ընթերցանությունը վերջ է դնում հարատեւող գիտական կաղապարին, որը շրջանառության մեջ է եղել տասնամյակներ շարունակ։ Նա գաղտնազերծված է համարում հնագույն քաղաքակրթության, մասնավորապես դպրության մեծագույն գաղտնիքը։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ