Եվրամիության հանձնաժողովի օրերս հրապարակած որոշմանն առընթեր Բրյուսելում (Բելգիա) այդ նույն միջազգային կազմակերպության «Եվրոպայի հայկական ասոցիացիաների» (ԵՀԱ) գրասենյակի լույս ընծայած մի զեկուցագիր հստակորեն ցույց է տալիս, որ վերջերս Թուրքիայի խորհրդարանի ընդունած բարեփոխումների փաթեթն ամենամակերեսային ձեւով անգամ չի անդրադառնում երկրի ո՛չ հայկական, ո՛չ էլ մյուս ոչ մահմեդական փոքրամասնությունների նկատմամբ իրագործված հարատեւ խտրականությունների վերացման կամ թեկուզ թեթեւացման պահանջներին։
«Հայ փոքրամասնության հանդեպ Թուրքիայի վերաբերմունքը լակմուսյան փորձաքննություն պետք է լինի իրական բարեփոխումներ անցկացնելու եւ Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկությունների», ասել է այս առթիվ ԵՀԱ-ի գրասենյակի աշխատակից Նիկոլաս Դավիթյանը։ Երկրի բնակչության 0,1 տոկոսը կազմող 70 հազարանոց հայկական համայնքը հունական, ասորական, հրեական փոքրամասնություններից ամենախոշորն է։
Արեւելյան Թուրքիա կոչված տարածքում, որը եղել է նրանց հայրենիքը, Եղեռնից հետո մնացած հայերի մեծամասնությունն այժմ ապրում է Ստամբուլում։ Նրանք այժմ էլ երկրի զանգվածային լրատվության եւ քաղաքական հաստատությունների կողմից հրահրվող ուժեղագույն նախապաշարումների թիրախ են։ Նրանք ենթարկվում են ինչպես վարչական, այնպես էլ իրավական խտրականությունների։ ԵՀԱ-ի զեկուցագրի հեղինակ, դոկտ. Թեսա Հոֆմանի համաձայն, Թուրքիան փաստորեն խախտում է Լոզանի դաշնագրի յուրաքանչյուր հոդված, որտեղ ամրագրված են փոքրամասնությունների իրավական կարգավիճակները։ Հայերին արգելված է կոմունալ սպասարկության, բանակային եւ իրավաբանական ոլորտներում մասնագիտանալ։ Հայկական եկեղեցիները, գերեզմաններն ու դպրոցները հաճախակի հարձակումների թիրախ են։ Մեղավորները երբեք չեն հետապնդվել կամ բռնվել։ Հայկական համայնքին ծառայող միակ հաստատությունները կրոնական են, որոնք լայնածավալ սահմանափակումների ենթակա են եւ աչալուրջ ոստիկանության («Վա Քիֆլար Գենել Մուդուրլուղու» եւ «Ազինլիքլար Թալի կոմիսյոնու») հսկողության տակ։
Հայ ընտանիքների շատ երեխաներ թուրքերի քմահաճ կարգադրությունների հետեւանքով զրկված են հայկական դպրոց հաճախելու իրավունքից։ Եվ ամենասարսափելինՙ թուրք երեխաներին փոքրուց սովորեցնում են ատել հայերին, պատմության դասերը նախատեսված են է՛լ ավելի ուժեղացնելու նրանց մեջ արմատացած նախապաշարումները հայերի նկատմամբ։ Հարցման ենթարկված երեխաների 73 տոկոսի կարծիքով հայերը վատն են։
Այս եւ բազմաթիվ այլ օրինակներ վկայում են, որ Թուրքիայում ընդունված բարեփոխումների փաթեթը շատ հեռու է բավարարելու Եվրամիության պահանջները։
«Մենք հաճախ լսում ենք թուրք առաջնորդներին, որոնք Եվրամիությանը մեղադրում են ամբողջովին քրիստոնեական մի ակումբ լինելու մեջ», ավելացրել է Նիկոլաս Դավիթյանը, որը հիշեցրել է, թե ով ով, բայց Թուրքիան այդ մասին խոսելու իրավունք չունի, քանի որ այդ երկիրը 20-րդ դարի ընթացքում ամենակատարյալ էթնիկական զտումն է իրագործել։ «Նրա ոչ մահմեդական բնակչությունը, որը 1914 թ.-ին ընդհանուր բնակչության 25 տոկոսն էր կազմում, նվազել է 0,15 տոկոսի։ Դրա պատճառները, որոնք դեռեւս գոյություն ունեն երկրում, պետք է ուշադրության արժանանան Եվրամիության կողմից։ Եվրոպան պետք է անհանդուրժողական լինի թուրքերի անհանդուրժողականության հանդեպ», եզրակացրել է նա։
Հիշեցնենք, որ Եվրոպայի Հայկական ասոցիացիաների ֆորումը հիմնվել է 1998 թ.-ին սփյուռքի հայկական կազմակերպություններին համախմբելու եւ նրանց միջեւ համագործակցությունը դյուրացնելու նպատակով։ Եվրոպական 18 երկրներում գործող հայկական կազմակերպություններ անդամ են այդ հաստատության, որն զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների հաստատման խնդիրներով։
Հ. Ծ.