Ըստ «Ասպարեզ» ակումբի ուսումնասիրության
Գյումրեցիների նախընտրական տրամադրությունները պարզելու նպատակով ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ԱՄՆ ժողովրդավարական հանձնաժողովի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հանրային հարաբերությունների գրասենյակի աջակցությամբ դեռ անցած ամսին ուսումնասիրել է հանրային կարծիքը։ Զանգվածային հարցման 600 մասնակիցներին տրված հարցերը վերաբերում են ընտրողների կողմնորոշումներին, համայնքի ղեկավարի ու ավագանու անդամության թեկնածուներից քաղաքի բնակիչների ակնկալիքներին, նրանց շահագրգռություններին, ընտրական ակտիվությանը եւ նման խնդիրների։ Ըստ վերջերս ամփոփված արդյունքների, հարցված գյումրեցիների ավելի քան երկու երրորդը պատասխանել է, որ որպես ընտրող մասնակցելու է գալիք ընտրություններին։ Մոտ 9,9 տոկոսը տվել է «չգիտեմ» պատասխանը, եւ միայն 15 տոկոսն է պատասխանել, որ ընտրություններին չի մասնակցելու։ Հարցված ընտրողների 58,7 տոկոսը տեղյակ է, թե որ տեղամասում է կատարելու իր ընտրությունը։ Նրանց թվի 47,5 տոկոսը մտադրություն է հայտնել մինչ ընտրությունները ստուգելու ընտրացուցակներում իրենց անունների առկայությունը, իսկ 41,5 տոկոսը հարցին պատասխանել է, որ չի ստուգելու։
Գաղտնիք չէ, որ մեր ընտրական պրակտիկայում տակավին իր տեղն ունի այնպիսի մի բացասական երեւույթ, ինչպիսին ընտրակաշառքն է։ «Ասպարեզի» հարցմանը մասնակցածների 20 տոկոսը հայտնել է, որ նախորդ ընտրությունների ժամանակ իրենց կաշառք առաջարկել են։ 16 տոկոսն ընտրակաշառքը (իր ձայնը նվաճելու համար առաջարկվող սնունդը, դրամը, կոմունալ ծախսի հոգսի ստանձնումը եւ այլն) լավ կամ նորմալ է գնահատում։ Ավելին, 12 տոկոսը հայտնել է, որ առիթը ներկայանալու դեպքում կուզեին իրենց ձայնը վաճառել ընտրակաշառքով։
Ի դեպ, 600 հարցվածների 37,6 տոկոսը գործազուրկներ են, 22,6-ըՙ թոշակառուներ։ Ընտրողներին հուզող հիմնախնդիրների թվում առաջինը, ինչպես միշտ նման դեպքերում, աշխատատեղերի ստեղծումն է (պատասխանների 24,8 տոկոս) եւ միայն դրանից հետոՙ բնակարանային խնդիրը (20 տոկոս)։
Գ. Մ.