«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2002-10-10 | #184, 2002-10-11 | #185, 2002-10-12


ԱՎԱՐՏՎԵՑ ԼԵՈՆԻԴ ԿՈՒՉՄԱՅԻ ԱՅՑԸ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի գլխավորած պատվիրակությունը, ավարտելով եռօրյա պաշտոնական այցը Հայաստան, այսօր մեկնեց Կիեւ։

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Տյագլոն օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ նախագահ Լ. Կուչման այսօր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ իր այցելությունը բնորոշել է որպես «գերազանց»։ Դեսպանի խոսքերով, նախագահի այցը Հայաստան նշանակալի իրադարձություն էր եւ միաժամանակ հզոր խթան երկկողմ հարաբերությունների սերտացման ու ամրապնդման առումով։ Վ. Տյագլոն նշեց, որ Ուկրաինայի նախագահը խիստ բարձր է գնահատել Հայաստանի նախագահի եւ առհասարակ բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամական ու ջերմ ընդունելությունը։

Պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասաց, որ այցի ընթացքում ստորագրված բոլոր համաձայնագրերի բովանդակությունը մատչելի է ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ Անդրադառնալով երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագրին, դեսպանը նշեց, որ դրանով նախատեսվում է փորձի փոխանակում, մասնագետների վերապատրաստում, համատեղ ուսուցումներ։

ՀՀ արդյունաբերության եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, որը նաեւ հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է, լրագրողներին հայտնեց, որ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը երկու երկրների նախագահները դիտում են որպես երկկողմ համագործակցության առաջնահերթ ուղղություն։ Առեւտրաշրջանառության ծավալները վերջին երկու տարվա ընթացքում աճել են երկու անգամ, իսկ նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի դրանք ավելացել են 30 տոկոսով։ Սպասվում է, որ 2003թ. երկկողմ առեւտրաշրջանառության եւ բեռնափոխադրումների ծավալը կկազմի 40 մլն դոլար։

Կ. Ճշմարիտյանի խոսքերով, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում (տեղի կունենա Կիեւում) մանրամասն քննության կառնվեն ձեռք բերված համաձայնությունները, ինչպես նաեւ գիտական եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Նիստի ընթացքում կորոշակիացվեն նաեւ 2003 թ. Ուկրաինայում հայկական, իսկ 2004 թ. Հայաստանում ուկրաինական մշակույթի օրեր անցկացնելու հետ կապված հարցեր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4