Ասում են նախկին եւ գործող արտգործնախարարները
Ադրբեջանի արտգործնախարար Վ. Գուլիեւը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի առաջարկել ղարաբաղյան կարգավորման նոր տարբերակՙ «մերձդնեստրյան մոդելի» սկզբունքներով։ Համաձայն «մերձդնեստրյան մոդելի»ՙ Մոլդովան եւ ինքնահռչակ Մերձդնեստրը ձեւավորում են դաշնային հարաբերություններ։ «Եթե 1998 թ. Ադրբեջանն արդեն հրաժարվել է «ընդհանուր պետություն» բանաձեւից, ապա «դաշնային» կամ «համադաշնային» հարաբերությունները մեզ համար չեն կարող լինել ընդունելի տարբերակներ», ասել է Գուլիեւը։ Ադրբեջանի արտգործնախարարը մեկ անգամ չի նշել, որ Բաքվի համար անընդունելի է ղարաբաղյան կարգավորման «փաթեթային» տարբերակը։
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թ. Զուլֆուգարովը «Էխո» թերթում նշում է, որ Բաքվի համար անընդունելի է ղարաբաղյան կարգավորման «փաթեթային» ցանկացած տարբերակ, իսկ «մերձդնեստրյան մոդելը» հենց «փաթեթային» է։
Քաղաքագետ, նախկինում Հեյդար Ալիեւի մտերիմներից Էլդար Նամազովը կարծում է, որ Ադրբեջանի դաշնայնացումն անընդունելի է, ղարաբաղյան կարգավորումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում, այլ ոչ թե երկրում փոխվի պետական կարգըՙ հանուն հակամարտության կարգավորման։
Պաշտոնական Բաքուն առավել ընդունելի է համարում ղարաբաղյան հարցի կարգավորման «փուլային» տարբերակը, ըստ որի նախ հայկական կողմն ազատում է իր վերահսկողության տակ գտնվող շրջաններըՙ ԼՂՀ-ի շուրջ ստեղծած անվտանգության գոտին, իսկ ԼՂ կարգավիճակի հարցը թողնվում է ապագային։