Սերբական Կրաինայի ողբերգությունը ցնցել էր առաջին նախագահին, այլապես նա չէր պնդի «փուլ առ փուլ» տարբերակի ընդունելի լինելը Հայաստանի եւ ԼՂՀ-ի համար
Վերջին անգամ ադրբեջանցի իմ գործընկերներին հանդիպել էի Բաքվումՙ անցյալ տարվա ամռանը։ Մի քանի օր առաջ Քիշնեւում ադրբեջանական առաջատար օրաթերթի լրագրողների հետ տեսակետներ փոխանակելու նոր հնարավորություն ստացա։ Ինձ հատկապես հետաքրքրում էր հետեւյալ հարցը. ինչո՞ւ են Բաքվի քաղաքական շրջանակները ցանկանում Լեւոն Տեր¬Պետրոսյանի վերադարձը։ Պատասխանը չզարմացրեց. Տեր¬Պետրոսյանը կողմ էր ղարաբաղյան խնդրի կարգավորման «փուլ առ փուլ» տարբերակին։
Հայաստանի առաջին նախագահը «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հայտնի հոդվածում գրում էր. «Նախագահության օրոք ոչ մի բարիք կամ սեփականություն չեմ ստացել եւ չեմ էլ ուզում ստանալ։ Անձնական փառքի կամ հերոսականացման ձգտելու պարագայում ես պարզապես չէի մասնակցի 1996 թ. ընտրություններին, սերունդների աչքում մնալով որպես անկախություն նվաճած, ղարաբաղյան հերոսամարտը շահած, հայկական տարածքներն ընդարձակած նախագահ, անկախ այն բանից, թե որքան արդարացի է այդ ամենի ինձ վերագրումը»։
Հիրավի, կարո՞ղ է այս աշխարհում որեւէ մեկը ճշգրտել Տեր¬Պետրոսյանի դերը Շուշիի փառավոր հաղթանակի կամ Գետաշենի, Արծվաշենի ամոթալի պարտության մեջ։ Ադրբեջանի արտգործնախարար Գուլիեւը Բաքվի «Էխո» թերթում ՀՀ երկու նախագահներին համարելով ագրեսոր, կիսահռետորական հարց է տալիս. երբ զավթվեց մեր երկրի տարածքի 20 տոկոսը, մոտ մեկ միլիոն ադրբեջանցի դարձավ փախստական, Հայաստանում նախագահը Տեր¬Պետրոսյանն էր, Ղարաբաղի առաջնորդըՙ Քոչարյանը։
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Քոչարյանը, օգտագործելով ագրեսիվ-«հայրենասիրական» ռետորիկան, պաշտոնանկ արեց խաղաղության ջատագով Տեր¬Պետրոսյանին։ Առաջին եւ երկրորդ նախագահների հիմնական տարբերությունը, թերեւս, այն է, որ Տեր¬Պետրոսյանն ուզում էր լուծել կոնֆլիկտը, իսկ Քոչարյանը դա չի ուզում, ձգձգում էՙ հանուն սեփական իշխանության պահպանման»։
Ճիշտ է, Տեր¬Պետրոսյանն ասում էր, որ Ղարաբաղի հարցի լուծման հինգ տարբերակ գոյություն ունի, դրանցից իրատեսական եւ հայկական կողմի համար ընդունելի էր համարում մեկըՙ «փուլայինը», սակայն, մեր կարծիքով, առաջին նախագահի վրա ցնցող տպավորություն էր թողել սերբական Կրաինայի ողբերգությունը եւ որպես հետեւանքՙ սերբերի հետ կատարվածը տեսականորեն չէր բացառում ղարաբաղցիների դեպքում։ «Եթե Բոսնիայի սերբերը մեկ տարի առաջ համաձայնեին այն լուծմանը, որ նրանց առաջարկվում էր, այսօր նրանք շատ ավելի լավ վիճակում կլինեին, եւ կպահպանվեր Խորվաթիայում սերբական Կրաինան։ Ամեն ինչ կորցրին։ Ուրեմն, ստատուս քվոն ես չեմ գտնում, որ ռեալ է պահպանել։ Գուցե կարելի է համառել, կես տարի էլ, մեկ տարի էլ ձգձգել, բայց ի վերջո աշխարհի համբերության բաժակը կլցվի», հինգ տարի առաջ այս օրերին գրում էր Տեր¬Պետրոսյանը։
Դեմ ենք այն կարծիքին, թե Տեր¬Պետրոսյանն ուզում էր ծախել Ղարաբաղը, ինչպես այսօր եւ այն ժամանակ պնդում էին որոշ պոպուլիստ գործիչներ։ Պարզապես, ՀՀ առաջին նախագահը մտահոգություն ուներ, թե հայերի գլխին կկրկնվի սերբերի ողբերգությունը, հետեւապես համաձայն էր «փուլային» տարբերակին, որը, մեր կարծիքով, այն ժամանակ ընտրություն էր վատի եւ շատ վատի միջեւ։ Պետք է հիշեցնենք, որ դրանից առաջ Տեր¬Պետրոսյանը Ղարաբաղի համար նշում էր Կիպրոսի «տարբերակը», ասելով, որ թող 20 տարի հարցը չլուծվի։ Ինչ վերաբերում է առաջին նախագահիՙ «աշխարհի համբերության բաժակը կլցվի» սպառնալիքին, ապա դա էլ ուներ իր բացատրությունը։ Օրինակ, Դավիթ Շահնազարյանը, Վարդան Օսկանյանը, Ալեքսանդր Արզումանյանն ուղղակի կամ անուղղակի Լիսաբոնը եւ ընդհանրապես Հայաստանի նկատմամբ միջազգային ճնշումները բացատրում էին 1996 թ. սեպտեմբերյան հայտնի դեպքերով։
Չի կարելի չհամաձայնել նախկին իշխանությունների տեսակետին, որ Տեր¬Պետրոսյանը խաղաղության ջատագով էր, ուզում էր լուծել հակամարտությունը։ Ամբողջ խնդիրն այն էՙ ի՞նչ եղանակով եւ ի՞նչ գնով էր ուզում լուծել։ Ըստ «փուլային» տարբերակիՙ վերադարձվում էին հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող վեց շրջանները, ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղաբաշխվում էին խաղաղարար ուժեր, բուֆերային եւ անջատիչ գոտիներ, ոչ թռիչքային գոտիներ, իսկ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվում էր, քանզի այդպես էր ուզում Բաքուն։ Մի կողմ թողնենքՙ ընդունելի՞ էր հայկական կողմի համար, թե՞ ոչ։ Ադրբեջանն այսօր ցանկանում է Տեր¬Պետրոսյանի վերադարձը, քանի որ նա ընդունում էր կարգավորման «փուլային» տարբերակը։ Չենք կասկածում Տեր¬Պետրոսյանի հայրենասիրությանը, ազնվորենՙ չենք կասկածում։ Սակայն արդյոք այդ տարբերակի կիրարկումը բացառո՞ւմ է պատերազմը վերսկսելու հնարավորությունը։ Ո՛չ, հաստատ ո՛չ։ Իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտը օրինակ։ Անշուշտ, այդ եւ ղարաբաղյան կոնֆլիկտի տարբերությունները շատ են, բայց «փուլայինի» մեթոդաբանությունըՙ վերապահումներով, վերջ չի տալիս արյունահեղությանը Միջին Արեւելքում։
Մինչդեռ Լեւոն Տեր¬Պետրոսյանն իր հոդվածում գրում էր. «Բայց չի կարելի անտեսել նաեւ Նաթանյահուի սինդրոմը, որն անզիջում դիրքերից գալով իշխանության գլուխ, կարճ ժամանակ անց, թեեւ դժվարությամբ, ստիպված եղավ շարունակել Ռաբինի եւ Պերեսի սկսած խաղաղության գործընթացը»։ Առաջին նախագահի այս խոսքերը չդիմացան ժամանակի քննությանը. Նաթանյահուին փոխարինեց նրանից ոչ պակաս անզիջում Բարաքը, ապաՙ արմատական Շարոնը։
Այսօր Ռոբերտ Քոչարյանը շարունակում է խաղաղության գործընթացը, որը ժառանգել է Տեր¬Պետրոսյանից։ Հայաստանի ներկա նախագահը կգնա՞ «փուլային» տարբերակով, չենք կարծում։ Ամեն դեպքում, ղարաբաղյան բանակցություններում այսօր Հայաստանի դիրքերն առավել ամուր են, արդարացված, քան 1997 թ. աշնանը, երբ ԵԱՀԿ-ն, Ադրբեջանը Հայաստանին, առաջին նախագահին անկյունել էին։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ