Հյուր էին ՌԱԿ ներկայացուցիչները
Հոկտեմբերի 16-ին Երեւանում բացվելու է Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության 11-րդ պատգամավորական ժողովը, որին մասնակցելու են նաեւ Ռամկավար Ազատական կուսակցության ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Հյուրերից ոմանք արդեն ժամանել են Հայաստան։ Նրանք հանդիպում են ՀՌԱԿ Հանրապետական վարչության, ակումբների վարչականների եւ ՀՌԱԿ անդամների հետ, մասնակցում նորագիրների ուխտի արարողություններին։
Երեկ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցան 15 նորագիրների ընդունելություն եւ «Տաթեւ» ակումբի ձեւավորումը։ ՀՌԱԿ ատենադպիր Գառնիկ Հովակիմյանի, գործիչ Կարեն Կակոյանի հետ ակումբի ձեւավորման արարողությանը մասնակցում էին ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ, Կանադայի եւ Հյուսիսային Ամերիկայի ՌԱԿ շրջանակի ատենապետ դոկտ. Հարություն Արզումանյանը, ՌԱԿ Երուսաղեմի շրջանակի փոխատենապետ, Հայ երիտասարդական կազմակերպության ատենապետ Հակոբ Անդրեասյանը, ՌԱԿ Երուսաղեմի շրջանակի վարչության անդամ Հակոբ Փանոսյանը եւ Արման Միրիջանյանը (Չիկագոյից)։
Հարություն Արզումանյանը մանրամասն խոսեց Կանադայի եւ Հյուսիսային Ամերիկայի հայ գաղութի մասին, որի թվաքանակը վերջին երեսուն-երեսունհինգ տարում զգալիորեն աճեց Եգիպտոսից, Պոլսից, Լիբանանից Ամերիկա գաղթած հայերի հաշվին։ Իսկ վերջին տասնամյակում նրանց ավելացան նաեւ Հայաստանից ներգաղթածները։ Սա, իհարկե, բարդացնում է իրավիճակը հայ գաղութում։ «Դժբախտաբար թե բարեբախտաբար մեր աշխատանքները չեն սահմանափակվում կուսակցական աշխատանքով,¬ ասաց բանախոսը։ ¬ Մենք մեր մասնակցությունն ենք բերում նաեւ մշակութային, եկեղեցական, բարերարական աշխատանքներին, որպեսզի կարողանանք գաղութն ավելի բարգավաճ պահել»։
Շատ ավելի բարդ հիմնահարցերի լուծման առջեւ են կանգնած Երուսաղեմի մեր հայրենակիցները եւ մասնավորաբար տեղի ռամկավարները (այս մասին սեղմ տեղեկատվություն եղել է «Ազգի» մեր երեկվա համարում)։
Ապա Հարություն Արզումանյանի կնքահայրությամբ տեղի ունեցավ 15 նորագիրների երդման ուխտի արարողությունը։ ՀՌԱԿ անդամներ դարձան ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ավետիսյանի հովանավորությամբ գործող «Տաթեւ» նվագախմբի անդամները, ինչպես նաեւ շրջակա տարածքում ապրող բնակիչները։ Ստեղծվեց ՀՌԱԿ «Տաթեւ» ակումբը, որը ձեւավորեց ակումբի վարչություն։ Ակումբի ատենապետ ընտրվեց նվագախմբի տնօրեն Մանվել Գալստյանը։
Ս. Մ.