Հարկային վարչարարությունը հանրապետության նախագահի մոտ խորհրդակցության օրակարգում
Փոքր եւ միջին բիզնեսի ոլորտին վերաբերող մի շարք հիմնախնդիրներ են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկ անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող, ֆինանսների ու էկոնոմիկայի, պետական եկամուտների, գյուղատնտեսության նախարարները, մաքսային պետական կոմիտեի նախագահը, Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնի գործադիր տնօրենը, շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների պատասխանատու ղեկավարները։
«Մենք փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը հայտարարել ենք գերակայություն, եւ կառավարությունն իր քաղաքականությամբ պետք է անի հնարավոր ամեն ինչՙ խթանելու ոլորտի զարգացումը»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։ Նա փոքր ու միջին բիզնեսը կարեւոր է համարել նաեւ միջին խավի ձեւավորման գործընթացի տեսակետից։
Հանրապետության նախագահն ասել է, որ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ սեպտեմբերի 26-ին կայացած հանդիպման ժամանակ գործարարներն առաջադրել են քննարկման եւ հրատապ լուծման կարիք ունեցող մի շարք հարցեր, որոնք բաժանվել են երկու մասի։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի, առաջին խումբ խնդիրները, որոնք հիմնականում առնչվում էին նորմատիվային դաշտի կատարելագործմանն, արդեն քննարկվել են։ Այսօր խորհրդակցության օրակարգում ընդգրկվել էին հարկային վարչարարությանը վերաբերող հարցերը։
Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են հարկային վարչարարության կատարելագործման, պարզեցված հարկի շեմի բարձրացման, հեռավոր բնակավայրերի ձեռներեցների համար մաքսային ձեւակերպումների պարզեցման հետ կապված խնդիրներին։ Համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ։