Իսկ խորհրդարանը ճանաչեց Աբխազիայի ինքնավար կարգավիճակը Վրաստանի կազմում
Ուրբաթ օրը Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն երկրի խորհրդարանի տարեկան զեկույցումՙ կապված Վրաստանի ընդհանուր իրադրության հետ, Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին անվանեց «գլխավոր ռազմավարական դաշնակիցներ»։ Շեւարդնաձեն նշեց արտաքին քաղաքականության երկու առաջնահերթություններ. առաջինՙ «գործընկերային, բարեկամական հարաբերություններ հարեւան պետություններիՙ Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Կենտրոնական Ասիայի եւ բալկանյան երկրների հետ», երկրորդՙ «փոխշահավետ համագործակցություն «երկու գլխավոր ռազմավարական դաշնակիցներիՙ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ»։
Շեւարդնաձեն, համաձայն «Նովոստի» գործակալության, «կտրականապես համաձայն չէ» այն կարծիքին, թե Թբիլիսին պետք է միանշանակ ընտրություն կատարի Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ։ «Վրաստանը չպետք է դառնա առճակատման զինափորձարան, այլՙ այդ պետությունների (ՌԴ եւ ԱՄՆ) համագործակցության վայր», ընդգծել է Վրաստանի նախագահը։
ԱՊՀ Քիշնեւի գագաթաժողովում եւ անձամբ իր հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ Շեւարդնաձեն համարել է ռուս-վրացական հարաբերությունների զարգացման տեսանկյունից «հսկայական նշանակություն» ունեցող իրադարձություն, կրկին խոստանալով, որ Թբիլիսին կբացահայտի ավազակային խմբավորումների այն անդամներին, ովքեր ծանր հանցանքներ են կատարել Ռուսաստանում եւ Վրաստանում։
Վրաստանի նախագահը հայտարարել է, թե երկիրը ցանկություն ունի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ, դա մոտ հեռանկարի գործ չէ, բայց անիրականանալի էլ չէ»։ «Մի քանի տարի հետո Վրաստանը կունենա ոչ մեծաթիվ, բայց շատ լավ զինված եւ վարժեցված բանակ։ Շնորհիվ արտերկրի օգնության, Վրաստանը պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու առաջին քայլն է կատարում, որն առաջին հերթին պետք է համապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին», ասել է Շեւարդնաձեն։
Պակաս ուշագրավ չեն նաեւ Շեւարդնաձեիՙ երկրի ներքին քաղաքականության ապագային վերաբերող նոր մոտեցումները։ Այսպես, ըստ Շեւարդնաձեի, ապագայում Վրաստանը պետք է դառնա դաշնային հանրապետություն, խորհրդարանըՙ երկպալատ, ստորին պալատում ընտրվեն 80¬100 պատգամավորներ, վերին պալատը զբաղեցնեն ինքնավար հանրապետությունների եւ շրջանների սենատորները։
Ըստ 1995 թ. ընդունած սահմանադրության, վրացական խորհրդարանը միապալատ է, ունի 230 պատգամավոր, որից հինգըՙ ազգությամբ հայեր (Գիվի Շուգարով, Վան Բայբուրթ, Մելիք Ռաիսյան, Համլետ Մաթեւոսյան, Հենզել Մկոյան), պատգամավորներն ընտրվում են մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով։
Փոփոխություններ տեղի կունենան նաեւ իշխանության գործադիր հատվածում։ Ենթադրվում է ձեւավորել վարչապետի ինստիտուտ, նախարարների կաբինետ, որտեղ ներկայացված կլինեն 10¬14 նախարարություններ, մոտ նույնքանՙ դեպարտամենտներ (վարչություններ)։ Այսօր գործող օրենքներով Վրաստանի կառավարության ղեկավարը պետնախարարն էՙ Ավթանդիլ Ջորբենիձեն, սակայն պետնախարարի լիազորությունները խիստ սահմանափակ են, փաստացիՙ կառավարության ղեկավարը երկրի նախագահն է։
Հինգշաբթի երեկոյան Վրաստանի խորհրդարանն ընդունեց սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու օրենք, համաձայն որի այսուհետեւ սահմանադրության մեջ «Աբխազիա» բառի փոխարեն կնշվի «Աբխազիայի Ինքնավար Հանրապետություն»։ Քվեարկությանը մասնակցած 167 պատգամավորները միաձայն ճանաչեցին Աբխազիայի ինքնավարությունը Վրաստանի կազմում, քվեարկությանը չմասնակցեցին երկու խմբակցություններՙ «Աղորձինեբան» (Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեի կողմնակիցները) եւ «Միացյալ Վրաստանը»։ Փաստորեն, վրացի խորհրդարանականները դե ֆակտո անկախ եւ Թբիլիսիի վերահսկողությունից արդեն 9 տարի դուրս գտնվող ինքնահռչակ Աբխազիային տվեցին ինքնավարություն։
Հիշեցնենք, որ 1995 թ. սահմանադրության մեջ հետագային էր թողնվել «պետական կարգի մասին» գլուխը, հետեւաբարՙ չէր որոշակիացվել նաեւ Աբխազիայի կարգավիճակը։ Ինչ վերաբերում է նախկին Խորհրդային Վրաստանի կազմի մեկ այլ ինքնավար հանրապետությանըՙ Աջարիային, ապա 2001 թ. Բաթումի առաջարկով սահմանադրության մեջ Աջարիան նշվեց որպես ինքնավար հանրապետություն։
Սուխումից արձագանքն սպասել չտվեց։ «Մեզ համար Վրաստանի խորհրդարանի որոշումը որեւէ նշանակություն չունի։ Աբխազիայի անկախ պետության կարգավիճակը որոշվել է հանրապետության ժողովրդի կամքով եւ, այդ մասին գրված է Աբխազիայի սահմանադրության մեջ», «Ինտերֆաքսի» հետ զրույցում ասել է Աբխազիայի վարչապետ Անրի Ջերգենիան։ «Վրաստանի խորհրդարանի որոշումն այդ երկրի ներքին գործն է, մեզ համար Աբխազիայի կարգավիճակը որոշված է. դե ֆակտո եւ դե յուրե Աբխազիան Վրաստանից անկախ է», ավելացրել է Ռուսաստանում Աբխազիայի լիազոր ներկայացուցիչ Իգոր Ախբան։
Ի դեպ, Էդուարդ Շեւարդնաձեի ամենամյա ելույթն սկսվել է 15 րոպե ուշացումով, արմատական ընդդիմադիր պատգամավոր Բորիս Կակուբավան փորձել է խորհրդարանի դահլիճ մտնել ատրճանակով, սակայն նախագահի թիկնապահը կանխել է պատգամավորի կասկածելի քայլը։
Թ. Հ.