ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։16-ի խորհրդի հոկտեմբերի 15-ի արտահերթ նիստում հաստատվեցին այն հիմնախնդիրները, որոնց շուրջ կընթանա միավորմանն անդամակցող կուսակցությունների հետագա համագործակցությունը։ Կուսակցությունների ստացած առաջարկությունների արդյունքում նախկինում հրապարակված 18 կետերի փոխարեն այժմ ընդունվել են 23-ը։
Համաձայն ընդունված փաստաթղթի, միավորումն անհրաժեշտ է համարում երկրում կառավարման համակարգի արմատական փոփոխությունըՙ ապահովելով իշխանական թեւերի տարանջատումը, դրանց անկախությունը եւ պատասխանատվությունը ժողովրդի առջեւ։ Նշվում է նաեւ զանգվածային լրատվամիջոցների ազատ եւ անկախ գործունեության ապահովման անհրաժեշտությունը։
Տնտեսության բնագավառում շեշտվում է շուկայական հարաբերությունների զարգացման, պետության կարգավորիչ դերի բարձրացման, ռազմավարական օբյեկտների սեփականաշնորհման արդյունքների վերանայման եւ հակամենաշնորհային քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը։
Փաստաթղթում նշվում է երկրի ազգային պետական շահերին նպատակաուղղված հավասարակշռված արտաքին քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը։ Վերջինը ենթադրում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խորացում, ինտեգրում եվրոպական կառույցներին եւ այլ երկրների հետ փոխշահավետ համագործակցության զարգացում։ 16 կուսակցությունների հիմնախնդիրներից է Արցախի ազգային ազատագրական պայքարի արդյունքների միջազգային իրավական ամրագրումը, ինչպես նաեւ Սփյուռքի հետ համագործակցության խորացումը։
Խորհրդի նիստին չէին մասնակցում Հայկոմկուսը, որի ղեկավարությունը հանդիպման էր մեկնել հանրապետության շրջաններից մեկը, եւ «Ազգային միաբանություն»-ը։ Վերջինի նախագահ Արտաշես Գեղամյանը լրագրողների հետ հեռախոսազրույցում ասաց, որ իրեն ժամանակին տեղյակ չեն պահել։ Սակայն արտահերթ նիստի մասին որոշումը կայացվել է խորհրդի նախորդ նիստին, որին Գեղամյանը ներկա է եղել։