Երեկՙ հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում բացվեց Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության 11-րդ Ընդհանուր պատգամավորական ժողովը, որն ուղենիշային է կուսակցության պատմության մեջ։
Վաղ առավոտյան ժողովի մասնակիցները, տարբեր երկրներից ժամանած Ռամկավար Ազատական եւ ուրիշ կուսակցությունների ներկայացուցիչները եղան Ծիծեռնակաբերդում, պսակներ դրեցին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանին, այցելեցին Ցեղասպանության թանգարան։ Առանձին պսակ դրվեց ինչպես Պատգամավորական ժողովի մասնակիցների, այնպես էլ ժողովին մասնակցած ՌԴ Պետդումայի փոխնախագահ, Դումայում ներկայացված աջ ուժերի դաշինքի առաջնորդներից Իրինա Խակամադայի կողմից։ Այնուհետեւ Ռուսաստանում ճանաչված քաղաքական այս գործիչը պատվավոր հյուրերի ծառուղում տնկեց հավերժության եղեւնի, ապա գրառում կատարեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում։
Ցերեկը, ժամը 12-ին Պատգամավորական ժողովը բացեց Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։ Հնչեցին Հայաստանի Հանրապետության եւ ՀՌԱԿ հիմները։
ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը կարդաց Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի ողջույնի հեռագիրը.
«Ողջունում եմ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության 11-րդ Պատգամավորական ժողովի մասնակիցներին,¬ ողջույնի իր խոսքում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահը։¬ Հիմնադրվելով եւ գործունեություն ծավալելով մեր ժողովրդի համար բախտորոշ ժամանակաշրջանում, Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը միշտ կարեւոր մասնակցություն է ունեցել հայ հասարակության առաջընթացի ապահովման գործընթացներում։ Ազգային խնդիրների լուծմանը հետամուտ Ռամկավար Ազատական կուսակցությունը մեծ դեր է խաղացել սփյուռքում հայապահպանման, հայրենիքի վերաշինության եւ սփյուռքահայությանը դեպի մայր Հայաստան ուղղորդելու ասպարեզում։ Ձեր կազմակերպությունն, ի դեմս ՀՌԱԿ-ի, վերահաստատվելով նորանկախ հայրենիքում, հավատարիմ մնաց տնտեսության կազմակերպման ազատական սկզբունքներին, միաժամանակ իրականացրեց աշխատանքներ Հայաստանում ժողովրդական գործընթացների խորացման ուղղությամբ։ Լինելով կայուն, հզոր եւ բարգավաճ պետության ջատագով, Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունն իր մեծ փորձառությամբ կարող է ավելի զգալի դերակատարում ունենալ մեր երկրի տնտեսական եւ քաղաքական ոլորտներում։ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության 11-րդ Պատգամավորական ժողովին մաղթում եմ բեղմնավոր գործունեություն եւ ամենայն հաջողություն»։
Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը ընդհանուր ժողովի մասնակիցներին հաղորդեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական ողջույնն ու օրհնության խոսքը։
ՌԴ Պետդումայի փոխնախագահ, Դումայում ներկայացված աջ ուժերի դաշինքի համանախագահ Իրինա Խակամադան, ողջունելով Պատգամավորական ժողովի մասնակիցներինՙ ի դեմս հայ իրականության մեջ ամենաերկար պատմություն եւ հարուստ կենսագրություն ունեցող կուսակցության հետեւորդների, ասաց. «Իմ այցը բնավ պատահական չէ։ Ես այսօր ներկայացնում եմ Ռուսաստանի աջ ուժերին, որոնք հետեւում են լիբերալ-դեմոկրատիայի սկզբունքներին, այսինքնՙ այն գաղափարներին, որի հետեւորդն է ՀՌԱԿ-ը Հայաստանում։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում այս գաղափարախոսությունը, չնայած ձախ ուժերի ձեռք բերած րոպեական եւ կարճատեւ հեղինակությանը, հանդարտ, առանց հեղափոխական կոչերի երկրի զարգացման մեր ժամանակի ճիշտ մոդելն է ներկայացնում ու ապացուցում դրա անփոխարինելիությունը։ Այս իմաստով մեր երկու կուսակցություններն արմատական ու լուրջ ծրագրեր են ներկայացնում, որոնք, ելնելով մեր երկրների եւ աշխարհի տնտեսական զարգացման օրինաչափություններից, միակ ճշգրիտ ծրագրերն են։ Մենք համոզված ենք, որ լիբերալ-դեմոկրատական շարժումը հզոր պետության կառուցման կարեւոր նախապայմանն է։ Իմ խորին համոզմամբ, Հայաստանը խաղաղասիրական լուրջ դեր կարող է խաղալ ոչ միայն այս տարածաշրջանում, այլեւ օգնել Ռուսաստանինՙ այստեղ եղած հիմնահարցերը լուծելու համար։ Ուստի մեր երկու կուսակցությունների սերտ համագործակցությունն անչափ արդյունավետ է լինելու մեր երկու երկրների համար։ Ի սրտե ձեզ հաղթանակ եմ ցանկանում ձեր ծրագրերն իրականացնելիս»։
Կարդացվեց ՌԱԿ ատենապետ Հայկաշեն Ուզունյանի ողջույնի հեռագիրը Պատգամավորական ժողովի մասնակիցներին (ՌԱԿ ատենապետը, ցավոք, առողջական պատճառներով չէր կարողացել գալ Հայաստան)։ Ժողովի մասնակիցներին ողջունեց նաեւ Ռամկավար Ազատական կուսակցության փոխատենապետ Երվանդ Ազատյանը. «Հաճույքն ու առանձնաշնորհումը ունիմ Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ողջույնները փոխանցելու այս պատկառելի ժողովին, ուր համախմբված են մեր գաղափարի ընկերները, հյուրերը եւ մեր հայրենիքի ճակատագրով մտահոգված ղեկավարները եւ մտավորականները... Հետեւելով մայր հայրենիքի մեջ վերջին տասը տարիներուն նկատված անցքերուն, կնկատենք, որ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունն անցավ բազմաթիվ փորձերե, փորձանքներե եւ փորձություններե եւ չհայտնվեցավ Հայաստանի խորհրդարանին մեջ, որուն առարկայական պատճառները դուք լավ գիտեք։ Այնքան ատեն, որ շրջապատման մեջ է մեր հայրենիքը, սփյուռքի մեջ թե Հայաստանի, ոչ մեկ անհատ եւ ոչ մեկ կազմակերպություն իրավունք ունի հայության մտածումները վերացնել այն կենսական նպատակներեն, որոնք կմտահոգեն մեզ եւ մեր ճակատագրի վրա կախված կմնան։ Այս երկրի պետությունն ունի իր մոտեցումը բովանդակ հայերուն երազանքներուն եւ նպատակներուն նկատմամբ։ Սփյուռքի ամբողջ հայությունը կտեսնե, որ այսօրվա Հայաստանի պետության մեջ սփյուռքին համար ամենեն կարեւոր հարցը նկատվողՙ Հայոց ցեղասպանության հարցը դարձած է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական կետերեն մեկը։ Ուրախ ենք ըսելու, որ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունն այսօր համախմբված է իր ներդրումը բերելու հայրենակերտումի իր նվիրական գործինՙ իր ծառայությունը մատուցելու, զորացնելու հայրենիքը եւ հայությունը»։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի ողջույնը Պատգամավորական ժողովի մասնակիցներին հաղորդեց ԼՂՀ նախագահի խորհրդական Նաիրա Մելքումյանը։
Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության քաղաքական զեկուցմամբ հանդես եկավ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, որը ներկայացրեց 2000 թվականի դեկտեմբերից (Պատգամավորական 10-րդ ժողովից հետո) մինչեւ օրս կատարված աշխատանքները։
Խոսելով 90-ական թվականների կեսերից կուսակցության անցած փորձությունների մասին, Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ 1998¬99 թվականներին Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ իրականացված իշխանափոխության հետեւանքով ՀՌԱԿ-ը, ինչպես նաեւ մի շարք այլ կուսակցություններ հնարավորություն ստացան բնականոն զարգացման համար։ Ռուբեն Միրզախանյանը ժողովի մասնակիցների համար հանգամանալից վերլուծեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գործունեությունը եւ ներքին քաղաքական ու տնտեսական զարգացումները։ «Վերջին հարյուրամյակում,¬ ասաց ՀՌԱԿ ատենապետը,¬ սփյուռքի դերը չի կարեւորվել այնքան, որքան այսօր։ Պատճառը ոչ միայն վերջին տարիների արտագաղթի հետեւանքով սփյուռքահայության աճած թիվն է, այլեւ նախ եւ առաջ Հայաստանի հայտնի տնտեսական կացությունը։ Անկախության տարիներին միանգամայն այլ հարաբերություններ են հաստատվել հայրենիքի եւ սփյուռքի միջեւ»։
Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը գտնում է, որ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան օրենսդրական եւ այլ պայմաններՙ սփյուռքահայության բարեգործական ծրագրերից անցնելու լայնածավալ ներդրումների, հնարավորին չափով օգտագործելու մեր հայրենակիցների հնարավորությունները Հայաստանում եւ նրանց գործնական կապերն օտար ընկերությունների հետ լուրջ տնտեսական ներկայություն կայացնելու համար։ Այս ասպարեզում ՀՌԱԿ-ը, ունենալով հաջողություններ ապագա ընտրություններում, շատ ավելի մեծ հնարավորություններ կունենա ներկայացված խնդիրները կյանքի կոչելու համար, նշեց Ռուբեն Միրզախանյանը։
Ճիշտ է, երկրի սոցիալ-տնտեսական վիճակն այսօր բարվոք չէ, առկա է գործազրկությունը, ավելի քիչ չափով, բայց այդուհանդերձ արտագաղթը շարունակվում է։ Դրա հետ մեկտեղ ակնհայտ են արտադրական ծավալների աճը եւ նոր աշխատատեղերի ավելացումը։ Վերջին մեկ-մեկուկես տարում անճանաչելի փոխվել է Գյումրին, հազարավոր ընտանիքներ առաջիկայում կստանան բնակարաններ այդ քաղաքում, իսկ դպրոցական շինարարությունը հասել է բացառիկ հաջողությունների, նշեց ՀՌԱԿ ատենապետը։ Դրականորեն փոխվում է Երեւանը, մայրաքաղաքը բարեկարգվում է, վերանորոգվում են մշակույթի օջախները։
Ամիսներ առաջ ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը հայտարարեց իր որոշումըՙ 2003 թվականի փետրվարին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։ Ոմանք այն միտքը հայտնեցին, որ ՀՌԱԿ-ի հայտարարությունը ժամանակից շուտ էր։ «Բայց,¬ ասաց Ռուբեն Միրզախանյանը,¬ հենց նույն ժամանակը ցույց տվեց, որ կուսակցության դիրքորոշումը ե՛ւ ճիշտ ժամանակին էր, ե՛ւ հաչս անընդհատ աճող կուսակցական շարքերիՙ պարկեշտ եւ ազնիվ։ Մարդիկ պետք է իմանան, թե այդ կարեւոր հարցում ինչպիսի դիրքորոշում ունի այս կազմակերպությունը, որի անդամն են դառնում իրենք»։ Նա հաջորդ Հանրապետական վարչությանը կոչ արեց վերահաստատելու իր գլխավորած վարչության որոշումը Ռ. Քոչարյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, ինչը ընդունվեց ծափահարություններով։
ՀՌԱԿ ատենապետի քաղաքական զեկույցին հետեւեցին ժողովի մասնակիցների ելույթները։ ՀՌԱԿ «Կոմիտաս» ակումբի ատենապետ Արմեն Ազիզյանը, Արարատի մարզային շրջանակի ատենապետ Սամվել Մինասյանը, Շիրակի մարզային շրջանակի ատենապետ Նորիկ Գրիգորյանը խոսեցին իրենց ղեկավարած կազմակերպություններում կատարվող աշխատանքների մասին։
«Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը խոսեց տարածաշրջանում սպասվող աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումների մասին։
ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Մեխակ Գեւորգյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրույթները, որոնք Պատգամավորական ժողովի որոշմամբ լրացվելու եւ ներկայացվելու են ամբողջությամբ։
«Ժամանակը եկել է ՀՌԱԿ կանոնադրության մեջ փոփոխություններ անելու,¬ ասաց ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը։ ¬ Դա, իհարկե, բնավ չի նշանակում կուսակցության ընդհանուր քաղաքականությունից գաղափարական որեւէ շեղում։ Ներկայացվող փոփոխությունները սոսկ ներկուսակցական ոլորտներին են վերաբերում»։ ՀՌԱԿ փոխատենապետի առաջարկած փոփոխություններն ընդունվեցին միաձայն։
Մասնակիցները բանաձեւ ընդունեցին ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին։
ՀՌԱԿ 11-րդ Պատգամավորական ժողովի ժամանակ «Ազգի» թղթակիցը հանդիպեց ժողովի մի շարք մասնակիցների հետ, որոնց հետ անցկացրած հարցազրույցները կներկայացնենք մեր թերթի վաղվա համարում։ -
ՀՌԱԿ պատգամավորական ժողովի բանաձեւը Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը զարգացնելու մասին ընթերցեց պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը։ Բանաձեւի մեջ նշվում է, որ կուսակցությունն իր ստեղծման տարիներից մշտապես հետապնդել է Հայ դատի եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաեւ տարածքային եւ գույքային փոխհատուցումների ձեռքբերման նպատակները։ Այնուհետեւ XI պատգամավորական ժողովի մասնակիցների անունից հայտարարվում է, որ «այսուհետեւ եւս ողջ հայ ժողովուրդը, ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում պետք է շարունակի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար դեռեւս 85 տարի առաջ սկսած պայքարը»։
Բանաձեւի առնչությամբ հնչած ելույթների մեջ նշվեց այն միտքը, որ Հայ դատի հետապնդումը պետք է դառնա ամբողջ հայությանը համախմբող գործոն, ինչը մինչ այժմ եղել է սփյուռքում։ Այս հարցի առնչությամբ պատրաստակամություն հայտնվեց համագործակցելու մյուս կուսակցությունների հետ։ Կարծիքների փոխանակումից հետո ժողովը միաձայն ընդունեց բանաձեւը։
ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին զեկուցումով հանդես եկավ Վահագն Փիլիպոսյանը։ Նա նշեց, որ կուսակցությունն աջակցում է նոր ձեւավորվող միջին խավի կայացմանը եւ նրա տեսակարար կշռի ավելացմանը, պաշտպանում է Հայաստանի Հանրապետության «աստիճանական բարեփոխումը հարուստների ու աղքատների հասարակությունիցՙ հարուստների ու ավելի հարուստների հասարակության», կոչ է անում քաղաքական ուժերին չմոռանալ եւ չթերագնահատել ՀՀ իշխանության հիմնական կրողինՙ հայ ժողովրդին, «ձգտելով համատեղ ջանքերով ապահովել նրա բարեկեցիկ ներկան ու հզոր ապագան»։ Կուսակցության խնդիրների թվում զեկուցողը նշեց նաեւ հոկտեմբերի 27-ի հետեւանքների հնարավորինս սեղմ ժամկետներում եւ առանց շահարկումների հաղթահարումը, ազատական ու ժողովրդավարական մյուս ուժերի հետ որպես հայ ազգի զարգացման ծրագիրՙ Հայաստանի ազգային-պետական մարտավարության ու ռազմավարության հիմնադրույթների մշակմանը ձեռնամուխ լինելը։ Ներկայացված բանաձեւի մեջ հանձնարարվում է կուսակցության Հանրապետական վարչությանը մշակել կուսակցության քաղաքական պլատֆորմը եւ ձեւավորել Ազգային ժողովի ընտրությունների կուսակցական ցուցակը։
Պատգամավորական ժողովի օրակարգի վերջին հարցը կուսակցության կառույցներիՙ Հանրապետական վարչության, դատական ատյանի եւ վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններն էին։ Մինչ այդ ՀՌԱԿ ատենապետի թեկնածություն առաջարկելու համար ձայնը տրվեց Լավրենտի Բարսեղյանին։ Նա առաջարկեց կուսակցության ատենապետ վերընտրել Ռուբեն Միրզախանյանին, ինչին ժողովի պատգամավորները միաձայն հավանություն տվեցին։
Վերընտրվելուց հետո Ռուբեն Միրզախանյանն անդրադարձավ նոր վարչության կազմի եւ թվաքանակի հարցերին։ ՀՌԱԿ ատենապետը նշեց, որ իր թվաքանակով եւ բովանդակային առումով Հանրապետական վարչությունը չի համապատասխանում կուսակցությունում առկա զարգացումներին։ Այդ պատճառով նա առաջարկեց նոր վարչության կազմում 11-ի փոխարեն ունենալ 29 անդամ։ Կարեւորվեց վարչության կազմում մարզերի ներկայացուցիչների ընդգրկվածության ավելացումը։ Միաժամանակ նշվեց, որ նրանք չպետք է ավելի լինեն վարչության կազմի 30¬40 տոկոսից, որովհետեւ դժվարություններ կծագեն վարչության նիստերի հրավիրման ժամանակ։ Ռուբեն Միրզախանյանը կարեւորեց նաեւ մտավորականների ներկայացվածությունը վարչությունում։ Ի վերջո, առաջարկվեց նոր վարչության կազմում ընդգրկել նախորդ վարչության ամբողջ կազմը (11 հոգի)ՙ գումարած 18 նոր անդամներ, ինչն էլ իրենց ընտրությամբ կատարեցին ժողովի պատգամավորները։ Այնուհետեւ ընտրվեցին նաեւ դատական ատյանի եւ վերստուգիչ հանձնաժողովի անդամները։
Եզրափակման խոսքում Ռուբեն Միրզախանյանն ընդգծեց կուսակցության անդամների միասնականությունը եւ վստահություն հայտնեց, որ նման միասնականությամբ էլ իրենք կգնան դեպի Ազգային ժողովի ընտրություններ։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ, ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ