«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2002-10-15 | #187, 2002-10-16 | #188, 2002-10-17


«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է»

Երեւանում նշեց Իրինա Խակամադան

«Այս այցի շրջանակներում ես հնարավորություն ունեցա հանդիպել ՀՀ նախագահին, այլ պաշտոնյաների։ Դա մեզ հնարավորություն է տալիս պատկերացնել, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Ձեզ համար էլ նման այցերն օգտակար են, քանզի թույլ են տալիս ճանաչել Ռուսաստանը ոչ միայն զուտ պետական մակարդակի շփումների միջոցով», երեկ Թեքեյան կենտրոնում հրավիրած իր մամլո ասուլիսում նշեց ՌԴ Պետդումայի փոխնախագահ, Դումայում ներկա աջ ուժերի առաջնորդներից Իրինա Խակամադան։ Տկն Խակամադան Երեւանում էր ՀՌԱԿ 11-րդ Ընդհանուր պատգամավորական ժողովին մասնակցելու հրավերով եւ ժողովում ելույթ ունենալուց հետո, մինչեւ ասուլիսն արդեն հասցրել էր հանդիպել ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի հետ, արժանանալ Ամենայն հայոց կաթողիկոսի ընդունելությանը, ծաղկեպսակ դնել եւ ծառ տնկել Ծիծեռնակաբերդում։

Լրագրողների հետ հանդիպմանը խորհրդարանականը նշեց, թե իր այս այցը հայ-ռուսական միջկուսակցական, մասնավորապես աջ ուժերի համագործակցության սկիզբն է խորհրդանշում։ «Սա մեկ մասնիկն է նման համագործակցության նախագծի, որը մենք կարեւորում ենք, քանզի Հայաստանը Կովկասում Ռուսաստանի ամենահուսալի գործընկերն է ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական առումով»։

Մեր այն հարցին, թե ռուսաստանյան լիբերալ-դեմոկրատական ուժերի ներկայացուցիչն ինչպես է գնահատում ժողովրդավարացման գործընթացը մեր տարածաշրջանում եւ առհասարակ ողջ հետխորհրդային տարածքում, տկն Խակամադան պատասխանեց, թե ԱՊՀ-ն ընդհանուր առմամբ համընթաց եւ կայուն առաջադիմություն ունի դեպի ժողովրդավարություն։ «ԱՊՀ գրեթե բոլոր երկրները, բացառությամբ, ասենք, Բելառուսի, Ուկրաինայի, առանց մեծ ցնցումների առաջ են գնում։ Այդ կայունությունը շատ կարեւոր է հատկապես Հայաստանի համար, քանի որ դուք խնդիրներ ունեք ձեր հարեւաններիՙ ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի, նաեւ Վրաստանի հետ»։

Տկն Խակամադան վստահեցրեց նաեւ, թե բազում կետերով Հայաստանն անգամ առաջ է անցնում Ռուսաստանից ժողովրդավարացման ճանապարհին։ Ըստ նրա, մեր երկիրը մասնավորապես ունի առավել կատարյալ դատական, բանկային, առողջապահական համակարգեր։ «Բայց մենք ունենք ընդհանուր խնդիրներ։ Ե՛վ մեր, ե՛ւ ձեր երկրներում բնակչության զգալի մասն աղքատության շեմից այն կողմ է։ Մենք աղքատ ենք։ Աղքատների ձայները սովորաբար բողոքի ձայներ են։ Իսկ սա խզում է առաջացնում ժողովրդավարական կամ ժողովրդավարության ձգտող համակարգում, քանի որ վերջինիս հիմնական տարրը հենց ձայներն ու քվեներն են»։

Այնուամենայնիվ, նա համոզված է, որ տասնհինգ տարի հետո արդեն Պետդումայում աջ ուժերը մեծամասնություն են կազմելու։ Սրան նպաստող առաջին գործոնն, ըստ Ի. Խակամադայի, կլինի նոր սերունդը, երկրորդն էլՙ նավթի գնի անկումը համաշխարհային շուկայում։

«Վերջին հանգամանքը մեծապես կնպաստի Ռուսաստանի կայուն զարգացմանը, քանի որ այլեւս թույլ չի տա բյուրոկրատական համակարգին ազատ շնչել ու գործել, ինչպես է նավթի բարձր արժողության դեպքում»։

«Գույք պարտքի դիմաց» հայ-ռուսական ծրագրի կամ մեխանիզմի արդյունավետության մասին լրագրողների հարցին ռուսաստանցի ազատական գործիչը պատասխանեց, թե խիստ շահավետ է համարում ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Հայաստանի համար։ Ըստ նրա, քննարկման առարկա դարձած ձեռնարկությունների անցումը ռուսական կողմին խիստ շահաբեր է իր երկրի համար, Հայաստանն էլ շահում է, քանի որ այդ ձեռնարկությունները գործելու են վերջինիս տարածքում, նրա համար են ապահովելու աշխատատեղեր եւ հարկեր։ «Ես այս մեթոդը կօգտագործեի մյուս երկրների համար էլ, ովքեր պարտքեր ունեն Ռուսաստանին, օրինակՙ Գերմանիայի»։

Աբխազիայով անցնող երկաթուղու գործարկման վերաբերյալ տեսակետ հայտնելովՙ տկն Խակամադան ասաց, թե խորհրդարանները միայն կարող են անուղղակիորեն նպաստել այս կամ այն խնդրի լուծմանը, բայց, անշուշտ, չունեն գործնական լծակներ։ Իսկ ընդհանուր առմամբ, ըստ նրա, Հայաստանն ու Ռուսաստանն ամեն կերպ պիտի նպաստեն Վրաստանի տնտեսության կայունացմանը եւ ոչ միայն այդ խնդրի շրջանակներում։

«Հայաստանը նաեւ, որպես Ռուսաստանի գործընկեր, պիտի համոզի Վրաստանին, որ մեր երկիրը կողմ է վերջինիս տարածքային ամբողջականությանը։ Չնայած Պետդումայի խմբակցություններից մեծ մասն առավել հակված է աբխազամետ տրամադրությունների եւ կոշտ դիրքորոշում ունի Վրաստանի հանդեպ»։ Վերջապես, ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցին Իրինա Խակամադան պատասխանեց, թե քանի որ բարեբախտաբար շատ կայուն հրադադար է շարունակվում, որքան քիչ լինեն մեկնաբանությունները խնդրի վերաբերյալ, այնքան առավել օգտավետ կլինի կարգավորման գործընթացի համար։

Տկն Խակամադան նշեց նաեւ, թե այստեղՙ իր արդեն երկրորդ այցի ժամանակ, հասկացավ, որ պետք է առավել հաճախ գալ Հայաստանՙ ավելի կենդանի եւ փոխտեղեկացված համագործակցություն ապահովելու համար մեր երկրների միջեւ։

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4