«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2002-10-15 | #187, 2002-10-16 | #188, 2002-10-17


ՄԻՆՉ 2015 ԹՎԱԿԱՆԸՙ 60 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ՊՂՆՁԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Վալերի Մեջլումյանի ասուլիսը

«Արմինիան քափըր փրոգրամ» (նախկին «Մանես եւ Վալեքս») ընկերության 5-ամյակն առիթ էր երեկ ընկերության տնօրեն Վալերի Մեջլումյանի համարՙ լրագրողների հետ հանդիպելու։ «Հայկական պղինձ» ծրագրի ղեկավարը ներկայացրեց ընկերության առաջիկա գործունեության, զարգացման հեռանկարները, խոսեց Ալավերդու պղնձաձուլական գործարանի ներկայի մասին։ Որպես առաջիկա ծրագրեր Վալերի Մեջլումյանը նշեց Ալավերդու գործարանի վերակառուցումըՙ ռաֆինացված պղնձի եւ ծծմբաթթվի բնապահպանական տեսանկյունից անվտանգ արտադրությամբ։ Սա մինչեւ 2006¬2007 թթ.։ Ընկերության տնօրենը նշեց նաեւ նոր հանքավայրերի մշակումը, հանքաքարի արդյունահանումը եւ հետագա վերամշակումը, տարածաշրջանում առկա պղինձ պարունակող ամբողջ հումքի (խտանյութ-ջարդոն) գնման ցանցի ստեղծումը, պղնձի եւ դրա համաձուլվածքների արտադրանքի թողարկումը, էլեկտրաէներգիայի սեփական արտադրության ծավալումը։

Վերջինս հնարավորություն կընձեռի արտադրել ընկերությանն անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մոտ 50 տոկոսը։

«Արմինիան քափըր փրոգրամ» ընկերությունը 2000 թ. սկսված 15-ամյա ծրագրի արդյունքում ձգտում է տարեկան 60 հազար տոննա պղնձի արտադրությանՙ 30 հազար տոննա սեփական խտանյութից (20 հազար տոննա Թեղուտի հանքավայրի շահագործումից), 250 հազար տոննա Հայաստանի մյուս հարստացուցիչ ֆաբրիկաներից։ Ծրագրի առաջին փուլը, որ մինչեւ 2007 թ. է նախատեսված, թույլ կտա պղնձի արտադրությունը տարեկան 40 հազար տոննայի հասցնել։

«Հայկական պղինձ» ծրագրի ներկա մասնակիցներն այժմ երեք ընկերություններ ենՙ «Արմինիան քափըր փրոգրամ», Լեռնամետալուրգիական ինստիտուտ ընկերությունները եւ վերջերս Լեռնային Ղարաբաղում ստեղծված «Բեյզ մեթըլս» ընկերությունը։ Վերջինս աշխույժ աշխատանքներ է ծավալել Դրմբոնի պղնձի եւ ոսկու հանքավայրի շահագործման առումով։ 2003 թ. սկզբին այս հանքավայրից մոտ 3 հազար տոննա պղինձ կարտադրվի։

Վալերի Մեջլումյանի խոսքով, այժմ գործարանի արտադրությունը կայունացել է։ Տարեկան մոտ 10 հազար տոննա պղինձ է արտադրվում եւ արտահանվում Գերմանիա։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4