«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2002-10-15 | #187, 2002-10-16 | #188, 2002-10-17


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է

Հավաստիացնում է ՆԳՆ ներկայացուցիչը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայաստանի «սեւ շուկայում» թմրամիջոցների գները գնալով աճում են, ինչը վկայում է թմրամոլության դեմ տարվող արդյունավետ պայքարի մասին։ Այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսեյ Հակոբյանը թմրամիջոցների եւ թմրամոլության հիմնախնդիրներին նվիրված եռօրյա սեմինարին, որ աշխատանքներն սկսեց հոկտեմբերի 16-ին։ Ըստ նրա, թմրանյութերի գների աճը պայմանավորված է դրանց դժվար հասանելիությամբ. այսպես, «օպիում» տեսակի թմրանյութի 1 կգ-ի գինը նախորդ տարվա համեմատ աճել է երկու անգամ եւ կազմել 35 հազար ԱՄՆ դոլար։ Ալեքսեյ Հակոբյանի խոսքերով, Հայաստանում «ծանր» թմրանյութեր չեն արտադրվում. դրանք հիմնականում հանրապետություն են ներկրվում Թուրքիայից, Իրանից, Հնդկաստանից, Ռուսաստանից եւ Վրաստանից։ Նա հայտնեց նաեւ, որ ներքին գործերի նախարարության շենքում բացվելու է թմրամիջոցներին վերաբերող տեղեկատվության մոնիտորինգի կենտրոն։

ԴԱՎ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փորձագետ Արշակ Լոպոյանը հայտնեց, որ Հայաստանում ԴԱՎ-ով հիվանդների 50,5%-ը կազմում են թմրանյութերի ներերակային օգտագործողները։ Ըստ նրա, թմրանյութեր օգտագործողների գերակշիռ մասը կազմում են 35 տարեկան անձինք, հիմնականումՙ ամուսնացած։

Սեմինարի ավարտին ակնկալվում է փոխըմբռման հուշագրի ստորագրում, որի համաձայն, թմրամիջոցներին վերաբերող տեղեկատվության մոնիտորինգի կենտրոնի եւ թմրամիջոցների խնդիրներով զբաղվող գերատեսչությունների միջեւ հետագայում տեղի կունենա տվյալների փոխանակում։

Սեմինարն անցկացվում է Եվրոպական միության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում իրականացվող «Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքար» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է օժանդակել երեք երկրներին պայքարել Անդրկովկասի տարածքով թմրամիջոցների տարանցիկ շարժի դեմ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4