«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2002-10-15 | #187, 2002-10-16 | #188, 2002-10-17


ՍՓՅՈՒՌՔԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸՙ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալըՙ խմբավար Զաքար Քեշիշյանին

Լիբանանաբնակ հայ մտավորական Զաքար Քեշիշյանի անունը հայտնի է Հայաստանի եւ Արցախի մշակութասեր լայն հանրությանը։ Իր համակ գործունեությամբ (ստեղծագործական եւ կազմակերպչական) ահա 10 տարիներ ի վեր նա հանդիսանում է հայրենիքն ու սփյուռքն էապես կապող այն հոգեւոր-մշակութային կամուրջներից մեկը, որն այնքա՜ն անհրաժեշտ է մեզ այսօր։ Մեզ, որ որդեգրել ենք «Մեկ ազգ, մեկ մշակույթ» իրավաարդար կարգախոսը, ազգովին միաբանված ճանապարհ անցնելու սկզբունքը։

Բազմաշնորհ երիտասարդ երաժիշտն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական եւ ժողգործիքների բաժինները, խմբավարության մասնագիտությամբՙ նաեւ ասպիրանտուրան։ Ներկայումս Լիբանանի պետական կոնսերվատորիայի երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարն է, Բեյրութի Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական քոլեջի դասախոսը (ֆլեյտա եւ շվի), «Կարկաչ» երգչախմբի ղեկավարը, «Ազդակ» թերթի երաժշտական խմբագիրը եւ... Շուշիի իր իսկ ստեղծած «Վարանդա» երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարը։

Նուրբ երաժշտականությամբ եւ բարձր ձիրքով օժտված երաժիշտ-խմբավարի արվեստի վկաներն են Լիբանանի, Սիրիայի, Ավստրալիայի (եւ այլ երկրների) խմբերգային երաժշտության երկրպագուները։ Իսկ հայրենիքումՙ Երեւանի ու Ստեփանակերտի, Շուշիի ու Մարտակերտի...

Իր բեղուն ստեղծագործական-մանկավարժական կյանքի յուրաքանչյուր տարվա մի քանի ամիսները երաժիշտն անց է կացնում Արցախումՙ տեղի երաժշտական-մշակութային կյանքը խթանելու, հայ խմբերգային արվեստը տարածելու, մատաղ սերունդը կրթելու առաքելությամբ։

Օրերս Զաքար Քեշիշյանի Արցախ հերթական այցելությունը պսակվեց բացառիկ տոնախմբությամբ. «Վարանդա» մանկապատանեկան երգչախմբի հիմնադրման 10-ամյակը պատեհ գնահատանքով նշվեց Ստեփանակերտում եւ Շուշիում։

Արցախ աշխարհի մշակութային բնագավառում ներդրած ծառայությունների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը Զաքար Քեշիշյանին պարգեւատրեց Արցախի մշակույթի անվանի գործիչներին շնորհվող «Վաչագան Բարեպաշտ» շքանշանով։

Բովանդակ ու գեղեցիկ հուշեր են կապում լիբանանաբնակ հայ արվեստագետին Արցախի հետ, հուշեր, որոնք իմաստավորում են անցած ստեղծագործական 10 տարիները, հուշեր, որ ներթափանցված են հայրենաբաղձ ջերմ ու ազնիվ զգացմունքներով։ Եվ այդ մասին առավել լավ կպատմի մեզ ինքըՙ Զաքար Քեշիշյանը։

«Քաղաք իմ, սեր իմ»

«Վարանդա»-ի 10-ամյակն է, խոխեք։

Եվ ինչ լավ է, որ 10 տարի անդավաճան եղանք մեր հայրերի եւ եղբայրների թափած արյունի, նրանց հիշատակի, հինավուրց մեր քաղաքի, հայ երգի-երաժշտության նկատմամբ։

Եվ մեզ վիճակվեց հայոց հնամենի մշակութային կենտրոնում հայեցի երգն ու երաժշտությունն ազատագրել։ Հիշո՞ւմ եք, խոխեք, Արամ Մանուկյան վարժարանում մեր առաջին հանդիպումը... այն օրերին ազերի օդուժը հաճախ էր պղտորում մեր երկնակամարը, եւ «տրիվոգը» ամեն օր էր ազդարարում նրանց երեւումը։ Այդպես էլ եղավ մեր առաջին հանդիպմանը, եւ ես սաստիկ վախեցա։ Իսկ դուք, փոխանակ վախենալու, երկնքում ինքնաթիռն էիք փնտրում ու տեսնելով վախից կուչ եկած իմ վիճակըՙ ո՜նց էիք ծիծաղում... «պարոն Զաքարը վախո՜ւմ ա...»։ Հաջորդող օրերում վերստին ռմբակոծումներ եղան, բայց ես էլ չէի հանդգնում վախենալ։ Նոր ազատագրված քաղաքի հերոսական ոգով ինձ էլ էիք վարակել...

Եվ առհասարակ առաջին օրերին մեզ վիճակվեց համատեղ լսել ռումբերի սուլոցն ու հայ երգի մեղեդին եւ հայրենի եզերքի պաշտպանության ի խնդիր զոհվածների մեջ եղան ձեր հայրերը եւս, բայց ձեր իսկ հայրերի կորստի սուգը ձեզ չհեռացրեց բեմից... ինչքա՜ն խոսուն երեւույթ։ Եվ ձեր շարքերում ես տեսա քարինտակցի այն պատանուն, որ «Վարանդա»-ում երգելու համար ոտքով հասնում էր Շուշի։ Ձեր շարքերում տեսա նաեւ ապագա ուսուցչուհի մոշ վաճառող աղջնակը, որ դպրոցական տետրերն ու գրիչները գնելու համար մոշ էր հավաքում-վաճառում։ Չէր մուրում։ Եվ դեռ հիշում եմ, թե անդրանիկ համերգից առաջ ձեր իսկ ձեռքով ոնց էիք վերանորոգում դահլիճը, եւ դեռ ուրիշ շա՜տ բաներ եմ հիշում...

Թերթելով «Վարանդա»-ի լուսանկարների ալբոմը, ես մի պահ վերապրում եմ այն օրերը, որոնք անմոռանալի են մնալու մեզ համար, Շուշիի, Հադրութի, Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի բազում համերգները, ազատամարտիկների համար տրվող համերգները։ Անմոռանալի են երեւանյան թե լիբանանյան հյուրահամերգները եւ վերջապես Բեյրութի ձեր քույր երգչախմբիՙ «Կարկաչ»-ի հետ համատեղ համերգներն ու հայրենատեսության գողտրիկ օրերը, հանդիպման ու բաժանումի պահի ձեր արցունքները...

Թերթելով մեր նախորդ համերգների բրոշյուրները, ես վերապրում եմ շուրջ 200 դասական եւ թե ժամանակակից երգերը, որոնց մեծ մասի պրեմիերաները կատարեցինք անցնող տասնամյակին։ Անսահման կարոտել եմ նրանց յուրաքանչյուրին, ուսուցման ստեղծագործական պահերը, մեր կատակները, ջանքը, քրտինքը, դրվագներ...

Ես երախտագիտությամբ եմ հիշում երգչախմբի հիմնադրման օրերից մինչեւ ցայսօր նրա բոլոր գործընկերներին ու բարեկամներին, որոնց ներդրումը «Վարանդա»-ի հաջողություններին շատ բարձր եմ գնահատում։

Երախտագիտության խորը զգացումով եմ լցված հայրենի ականավոր բանաստեղծների եւ երգահանների նկատմամբ, որոնք իրենց նորագույն երգերի առաջին կատարումները վստահեցին ու ձոնեցին «Վարանդա»-ին։ Երախտագիտության խոսք ունեմ ԼՂՀ կառավարության, մշակույթի նախարարության ու Շուշիի շրջանի վարչակազմին, որոնք երկու տարի առաջ պետական հովանու տակ վերցրին երգչախումբը։ Եվ վերջապես շնորհակալության անսահման համբույրը ձեզ, խոխեք, որ անցնող տարիներին ձեր խաղի ու ժամանցի պահերը նվիրաբերեցիք հանուն հայ երգարվեստի եւ դեռ ձեր գողտրիկ այն սիրո համար, որով պարուրված եմ միշտ...

Տարիները սահում են, փոխվում-նորանում են մեր երգերը, մնացյալը նույնն է մնում։ Տարիներն իբրեւ օրերի, ամիսների ամբողջություն ոչինչ ունեն իրենց մեջ նոր, մենք ենք, որ նորացնում ենք զանոնք եւ տասնամյա այս հանգրվանին նոր հեռանկարներ են ուրվագծվում մեր առաջ եւ վերջապեսՙ

...Քաղաք իմ, սեր իմ, 10-ամյա «Վարանդայի» եւ 5-ամյա «Կարկաչի» այս տարվա նոր երգերի թարմ փունջը ընդունիր իբրեւ խոնարհումՙ զքեզ ազատագրող արյունին, հարգանքՙ բազում դժվարություններ հաղթահարող եւ քեզ չլքող բնակիչներիդ եւ առհավատչյաՙ պայծառ ապագայիդ։ Եվ այս տողերից ծնված երջանկության երկու կաթիլ արցունքը քեզ...

Ձերՙ ԶԱՔԱՐ ՔԵՇԻՇՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4