«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2002-10-15 | #187, 2002-10-16 | #188, 2002-10-17


«ՏԱԹԵՎԸ ԳՅՈՒՂ ՉԷ, ՏԱԹԵՎԸ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Է»

Մշակութային օրեր Տաթեւում

1852 թ. Տաթեւի վանքում, Էջմիածնի սինոդի որոշմամբ, անգրագիտությունը մասսայաբար վերացնելու առաքելությամբ բացվում է հոգեւոր նոր դպրոց, որի 150-ամյակը նշվեց վերջերս։ Եռօրյա տոնակատարություններն անցկացվեցին Տաթեւի միջնակարգ դպրոցի շրջանավարտ, «Տաթեւ» գիտակրթական համալիրի տնօրեն Սոկրատ Մկրտչյանի նախաձեռնությամբ։

Սովետական Միության հերոս Սուրեն Առաքելյանի անունը կրող Տաթեւի միջնակարգ դպրոցում գյուղի, Տաթեւի վանքի, դպրոցի տարեգրության, նշանավոր տաթեւցիների մասին պատմող վահանակներ ու ցուցանակներ էին փակցվել, հրատարակվել էին թերթեր ու ալբոմներ։ Առանձնակի ուշադրության արժանացան Մատենադարանի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Աստղիկ Գեւորգյանի, ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարչուհի Հռիփսիմե Գրիգորյանի, գորիսեցի նկարիչ Սերժ Բաղդասարյանի, գեղարվեստի ակադեմիայի ուսանողուհի Գայանե Մեժլումյանի աշխատանքները։ Իսկ հրավիրված երաժիշտները, աշուղները նպատակ ունեին հայտնաբերել օժտված երեխաներին։

Երկրորդ օրը կազմակերպվեց «Տաթեւը որպես միջնադարյան կրթական կենտրոն» գիտագործնական կոնֆերանսը, որի ժամանակ լսվեցին չափազանց հետաքրքրական գիտական զեկուցումներ։ Սոկրատ Մկրտչյանն իր զեկուցման ժամանակ շեշտեց. «Ամեն հայ պիտի հիշիՙ Տաթեւը գյուղ չէ միայն, Տաթեւը խորհրդանիշ է»։ «Տաթեւից սկիզբ առած այս շարժումը պիտի տարածվի ողջ Հայաստանով», ասաց գրականագետ Աբգար Ափինյանը։

«Ողջ վաղ անցյալում, երբ վանք-եկեղեցիները պետության ուշադրության կիզակետում չէին բնավ, Տաթեւի վանքն առավել բանուկ էր ասես... 2003 թ.-ից մենք որոշել ենք վերանորոգել Տաթեւի ճանապարհը», ասաց Սյունիքի մարզպետ Էդիկ Բարսեղյանը։

Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպս. Մկրտչյանը շեշտեց. «Գրիգոր Լուսավորիչով աշխարհին ներկայանալիս պիտի... ցավով հիշել, թե նրաՙ ուշադրության կարոտ որքա՜ն ձեռագրեր կան Մատենադարանում»։ Եռօրյայի արդյունքում ստեղծվեց Տաթեւի դպրոցի օգնության հիմնադրամ։

ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գորիս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4