Հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով, Հայաստան ժամանեց Անտիոքի եւ համայն Արեւելքի Ասորի ուղղափառ քույր եկեղեցու գահակալ Մար Իգնատիոս Զաքքա Իվաս Ա պատրիարքը, տեղեկացնում է Մայր Աթոռի մամլո դիվանը։
«Զվարթնոց» օդանավակայանում Ասորի եկեղեցու գահակալին եւ նրան ուղեկից մետրոպոլիտներին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի գլխավորությամբ դիմավորեցին Տ. Ներսես արք. Պոզապալյանը, Տ. Ոսկան արք. Գալփակյանը, Մայր աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆայեզ Աբսին։
Հետմիջօրեին բարիգալստյան արարողություն տեղի ունեցավ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում։ Մայր տաճարում երկու հայրապետները աղոթք բարձրացրին առ Աստված եւ ապաՙ փոխանակեցին ողջույնի խոսքեր։
Քսան տարի անց սա պատրիարքի երկրորդ այցն է Հայաստան։ Օգտվելով առիթիցՙ պատրիարքը անձամբ իր շնորհավորանքը հայտնեց Հայոց հայրապետինՙ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյա հոբելյանի, ինչպես նաեւ Վեհափառ հայրապետի ընտրության առիթով։
Նույն օրը հայրապետները եպիսկոպոսաց դասի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդՙ իրենց խոնարհումը բերելու Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Նրանք ծաղկեպսակներ դրեցին եղեռնի զոհերի հուշարձանին։ Կատարվեց հոգեհանգստյան արարողություն։
Հովվապետները այցելեցին նաեւ հուշարձանին կից գործող ցեղասպանության թանգարան։