«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2002-10-17 | #189, 2002-10-18 | #190, 2002-10-19


«ԵՍ ԻՄ ՁԱՅՆՆ ՈՒՆԵՄ ՈՒ ԱՅԴ ՁԱՅՆԻՆ ՏԵՐ ԵՄ ԿԱՆԳՆԵԼՈՒ»

Նախընտրական տրամադրություններ

Վաղը Հայաստանի 654 համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի, իսկ 645 համայնքներումՙ ավագանու անդամի ընտրություններ։ Շուրջ 1318 թեկնածուներ կպայքարեն 654 համայնքների ղեկավարի պաշտոնի համար եւ ավելի քան 4000 հոգիՙ ավագանու անդամ դառնալու։ Շատ երկրներում տեղական ինքնակառավարման մարմիններիՙ քաղաքապետների, թաղապետների ու գյուղապետների ընտրությունը նույնքան թերեւս ավելի կարեւոր է քաղաքացիների համար, քան խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները։ Մարդիկ իրենց առօրյա, կենցաղային հարցերի լուծման համար ուղղակիորեն առնչվում են իրենց թաղապետի, գյուղապետի ու քաղաքապետի հետ։ Իսկ վերջիններս պաշտոնում ընտրվելու կամ վերընտրվելու համար ուղղակիորեն կախում ունեն ընտրողների կամքից, նրանց համայնքային կարիքների բավարարման մակարդակից։ Այստեղից էլ բխում է ընտրող-ընտրվող գործարքային կախվածությունը, ինչը Հայաստանում դեռեւս ձեւավորված չէ։ Մեր ընտրողների մեծամասնության տեսակետով համայնքի պետը կամ ավագանու անդամը պաշտոնի է ձգտում իր անձի ու մերձավորների բարեկեցության համար, հետեւաբար նրանից պետք է սկզբից վերցնել ինչ որ կարելի է, պաշտոնավարության տարիների գործունեությունը կարեւոր չէ։ Իսկ եթե սկզբից ոչինչ չեն տալիս, ապա կարիք չկա մասնակցելու ընտրության, «մեկ էՙ ընտրվելու են»։

Ստորեւ հրապարակվող թղթակցությունը մեր ամենադժվար քաղաքիցՙ Գյումրուց է։ Հուսաբեկ մի քաղաք, որտեղ շատերն իմաստ չեն գտնում ընտրություններին մասնակցելու մեջ։ Բայց նաեւ մի քաղաք, որտեղ ոմանք արդեն գիտակցում են իրենց ընտրաձայնին տեր կանգնելու անհրաժեշտությունը։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

...Աշնանակեսի առավոտները Շիրակում սառն են, չնայած դեռ ցուրտ չէ։ Գյումրու սակավաթիվ պուրակներից մեկում տարեց կինը ձեռքերը ստեպ-ստեպ իրար շփելովՙ ցախ-մախի մնացորդներ էր հավաքում, լցնում պարկանման հյուսածո պայուսակը։ Ձմռան պատրաստություն էր տեսնումՙ հետն էլ քթի տակ ինքն իրեն խրախուսելով. «Էլի բան է...»։ Հետո, տեսնելով իրեն ուղղված հայացքս, կանգնեց, խոսեց առածի լեզվով։ «Է՜, ախպեր ջան, ասաց, խասից ընկել ենք խամը, խամն էլ չի ծածկում մեր ծամը...»։ Կեսկատակի տոնով խոսք գցեցի, թեՙ այ, վաղը մյուս օրը ընտրություն է, ընտանիքով կգնաք, ձեր ուզած քաղաքապետին ու ավագանու կազմը կընտրեք, կյանքը կլավանա... «Իմ ուզա՜ծ, ծոր տվեց կինը տխուր արձագանքելով, իմ ուզածն իմ զավակներն են, որ ո՞ւր է, կողքիս չեն։ Աղջիկներս, դե, իրենց ամուսինները թող իրենց գլխներից անպակաս լինեն, մեկը Գերմանիա, մյուսը Ղարաբաղՙ ընտանիքներով մի կերպ իրենց գլուխները պահում են։ Տղիս համար եմ հալվում մաշվում, որ չորրորդ տարին էՙ ռուսաստաններում է ու էնքան անհաջող, որ արդեն զանգ տալ էլ չի կարողանում։ Նոր աղջիկ թոռնիկ եմ ունեցել, իմ անունն են դրել, բայց երեսը չեմ տեսել... Ես ի՞նչ։ Նրանք պիտի լինեին, նրանք պիտի ընտրեին։ Այ, էս ջահելները ընտրեն, իրենց ապագայի համար...»։

Ջահելների խումբըՙ երեք աղջիկ ու մի տղա, զրուցելով անցնում էր ու մի պահ կանգ առավ։ Հարցին, թե ընտրություններին արդյոք մասնակցելո՞ւ են, աղջիկներն ուսերը թոթվեցին, այսինքնՙ եսիմ։ Հետո նրանցից մեկը հեգնալից տոնով «գաղտնիք» բացեց. իրենց հարեւանի բարեկամը, որի երեսը չի տեսել, ուզում է ավագանու անդամ դառնալ, եկել խնդրել են, իր հայրն էլ ստիպված խոստացել է, որ կգնան ձայն կտան։ Աղջիկներին ուղեկցող երիտասարդը զվարճապատումի նման մի դեպք պատմեց։ Մեկի դուռը զարկում են, ջահել տանտիկինը բացում ու տեսնում է երկու տղամարդու։ Նրանցից մեկը, ցույց տալով մյուսի կողմը, ասում է. «Քուր ջան, կուզեմ խնդրել, որ այս երիտասարդին ընտրեք։ Կրթված, խելացի...»։ Ջահել կինը իրեն չի կորցնում ու մեկեն վրա է բերում. «Ախպեր ջան, մեկին ընտրել եմ, արդեն երեք երեխա էլ ունեմ։ Դժգոհ չեմ»։

Պուրակից դուրս գալուց հետո առաջինը մի հին ծանոթ հանդիպեց։ Բարեւեցինք, իրար որպիսություն հարցրինք, հետո փորձեցի տեղեկանալ, թե որտեղ է ընտրելու։ Ասացՙ միշտ մեր կողքի դպրոցում է եղել, հիմա տարել գցել են եսիմ որ թաղի մանկապարտեզը։ Դե արի ու հավատա, նրանց ինչի՞ն հավատաս։ Ես, ասաց, արդեն ինքս ինձ էլ չեմ հավատում. աշխատելու ընդունակ տղամարդը որ չկարողանա իր ընտանիքը պահել, ընտանիքի առաջ ամոթով լինի, էլ ինչ տղամարդ, ինչ երկիր։ Քաղաքը ելել տեղից գնում է... Մի մասը մուրացկան է դարձել, մյուս մասն էլ իրար են գցում, իրար սեւացնում։ Մեռած քաղաք է, անհեռանկար։ Մենակ գնացողը կփրկվի։

«Միայն կույր պիտի լինելՙ չտեսնելու համար, որ քաղաքը կառուցվում է, ասաց լուրջ դեմքով մի մարդ։ Իհարկե, ամեն ինչ միանգամից չի լինում։ Առաջվա քաղաքը դառնալու համար դեռ այնքա՜ն բան կա անելու։ Բայց կարեւոր է, որ լավը տեսնենք, լավին ձգտենք։ Ցավով եմ տեսնում, որ մեր մտավորականությունը խեղճացած, հետքաշված է... Այդպես չպիտի լինի, ու այստեղ տեղական իշխանությունն էլ շատ բան ունի անելու։ Հիմա էլ դեռ հրաշալի մտավորականություն, հրաշալի մասնագետ կադրեր ունենք, որոնց ուժը պիտի ակտիվացվի, օգտագործվի։ Ես ընտանիքով ընտրության գնալու եմ, իմ ուզած քաղաքապետին եմ ընտրելու։ Եթե ոչՙ ուրիշներն իմ փոխարեն չեն ընտրի, կընտրեն իրենցը»։

Սեփական ձայնի կարեւորության գիտակցումով լի էր նաեւ վերջին զրուցակցիս պատասխանը. «Խորքում ես այնքան էլ հավատ չեմ ընծայում ոչ բոլոր խոստումներին, ոչ էլ ընտրությունների անցկացման ու արդյունքների ամփոփման լիարժեք անաչառությանը։ Բայց որպես քաղաքացի ես իմ ձայնն ունեմ ու այդ ձայնին տեր եմ կանգնելու։ Ի վերջոՙ մեր ճակատագրի տերը նախ մենք ենք լինելու...»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4