ԱՊՀ երկրների լրագրողների ֆուտբոլային թիմերի միջեւ մրցաշարերի անցկացումն արդեն ավանդական է դարձել։ Հերթականՙ 4-րդ միջազգային մրցաշարի հանդիպումներն անցկացվեցին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում։ Մրցաշարի կազմակերպիչը Երեւանում արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան էՙ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ եւ հովանավորությամբ։ Մրցաշարի կազմակերպմանն իրենց աջակցությունն էին ցուցաբերել նաեւ Հայաստանի կառավարությունը, ֆուտբոլի ֆեդերացիան եւ ամերիկյան ProMedia կազմակերպությունը։ Ռուսական կողմից մրցաշարի կազմակերպմանը մասնակցել են ՌԴ մարզական լրագրողների ֆեդերացիան, ֆուտբոլային միությունը եւ «Ֆուտբոլմարկետ» կազմակերպությունը։
Այս անգամ մրցաշարին մասնակցեց 6 թիմ, որոնք նախնական փուլում բաժանվել էին երկու խմբի։ Առաջին խմբում ընդգրկված էին Հայաստանի, Վրաստանի եւ «Սպորտ էքսպրես» օրաթերթի լրագրողների ֆուտբոլային թիմերը։ 2-րդ խմբում մրցավեճի էին բռնվել Վոլգոգրադի, Բելառուսի եւ Օդեսայի թիմերը։ Բնականաբար, հիմնականում լրագրողներով համալրված թիմերի համար դժվար էր մեկ օրում մի քանի հանդիպում անցկացնելը։ Այդ իսկ պատճառով էլ հանդիպումներն անցկացվեցին փոփոխված կանոնակարգով։ Յուրաքանչյուր խաղի տեւողությունը 25 րոպե էր (12,5 րոպեանոց երկու խաղակեսով)։ Եվ գլխավորըՙ խաղադաշտի չափերը փոքր էին (50 մX30 մ), իսկ ֆուտբոլային դարպասները փոխարինվել էին մինի ֆուտբոլի դարպասներով։ «Հանրապետական» մարզադաշտի խաղադաշտը բաժանվել էր 3 մասի, որոնցում միաժամանակ անցկացվում էր երեք հանդիպում։
Նախնական փուլում առաջին խմբում ուժեղագույնը Վրաստանի թիմն էր, որը միեւնույն 1¬0 հաշվով հաղթեց Հայաստանի եւ «Սպորտ էքսպրեսի» ֆուտբոլիստներին։ Իսկ վերջիններիս միջեւ կայացած խաղում դարպասները մնացին անառիկ։ Այսպիսով, հայ եւ ռուս լրագրողները բացարձակ նույն ցուցանիշին հասան։ 2-րդ տեղ գրաված թիմին որոշելու համար վճռվեց 3-ական 11 մ հարված կատարել։ Հայ լրագրողներն իրացրեցին բոլոր հարվածները, իսկ ահա ռուսների հարվածներից միայն մեկն էր դիպուկ։ Այսպիսով, առաջին խմբից մրցանակների համար պայքարը շարունակելու իրավունք ստացան Վրաստանի եւ Հայաստանի թիմերը։
Երկրորդ խմբում հաջող հանդես եկան Վոլգոգրադի լրագրողները, որոնք 1¬0 հաշվով հաղթեցին Օդեսայի թիմին, 2 անպատասխան գնդակ խփեցին բելառուսցի իրենց գործընկերների դարպասը եւ վստահորեն գրավեցին առաջին տեղը։ 2-րդ տեղը գրավեց Բելառուսի թիմը, որը 2¬0 հաշվով պարտության մատնեց օդեսացիներին։
Մրցակարգի համաձայն, կիսաեզրափակիչում միմյանց հետ մրցեցին Վոլգոգրադի եւ Հայաստանի, Բելառուսի եւ Վրաստանի թիմերը։ 5¬6-րդ տեղերի համար մրցավեճում «Սպորտ էքսպրեսի» լրագրողները 11 մ հարվածներով (հիմնական ժամանակում գրանցվել էր ոչ-ոքիՙ 1¬1) պարտության մատնեցին օդեսացիներին։
Կիսաեզրափակիչի հանդիպումներից պայքարի համառությամբ աչքի ընկավ Վոլգոգրադի եւ Հայաստանի լրագրողների մրցավեճը։ Հաշվի նվազագույն տարբերությամբ (3¬2) հաջողությունն ուղեկցեց հայ լրագրողներին։ Իսկ ահա վրաց լրագրողներն այս անգամ էլ անառիկ պահեցին սեփական դարպասըՙ փոխարենը 2 անգամ ստիպելով բելառուսցիներին խաղը վերսկսել դաշտի կենտրոնից։ Արդյունքում Հայաստանի եւ Վրաստանի թիմերին հարկ եղավ եւս մեկ անգամ խաղադաշտ դուրս գալ միմյանց դեմ, այս անգամ արդեն եզրափակիչում։ Մեր ֆուտբոլիստներին հաջողվեց ռեւանշ վերցնել նախնական փուլում կրած պարտության դիմաց։ Հաղթելով 1¬0 հաշվով, հայ լրագրողները գրավեցին առաջին տեղը։ Մրցանակային 3-րդ տեղը գրավեց Բելառուսի թիմը, որը 2¬1 հաշվով պարտության մատնեց վոլգոգրադցիներին։
Այսօր Աբովյանի «Կոտայք» մարզադաշտում կկայանա ֆուտբոլային յուրօրինակ մրցախաղ։ ԱՊՀ երկրների լրագրողների հավաքականը կմրցի Հայաստանի կառավարության եւ Ազգային ժողովի թիմի հետ։
Հիշեցնենք, որ լրագրողների թիմերի միջեւ առաջին մրցաշարն անց է կացվել 1999 թ. Սանկտ Պետերբուրգում։ Հաջորդ տարի մրցաշարն անցկացվել է Բաքվում, իսկ անցյալ տարի մրցումների անցկացման վայր էր ընտրվել Քիշինեւը, որտեղ էլ հայ լրագրողների թիմը դարձել էր 3-րդ մրցանակակիր։ Ինչպես տեսնում ենք, տան պատերն օգնեցին Հայաստանի թիմին գերազանցելու իրենց նախկին ցուցանիշը եւ դառնալու մրցաշարի հաղթող։