«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2002-10-17 | #189, 2002-10-18 | #190, 2002-10-19


ԱԼԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ ԿՏԱ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ

Իսպանական «Էսպանյոլի» 31-ամյա կիսապաշտպան Ալեն Պողոսյանը հայտարարել է, որ այլեւս հանդես չի գա Ֆրանսիայի հավաքականի կազմում։ Իր այդ վճիռը նա բացատրել է նրանով, որ ցանկանում է իր տեղը զիջել երիտասարդ ֆուտբոլիստներին, իսկ իր հիմնական ուշադրությունը բեւեռել ակումբում ելույթների վրա։ Ալեն Պողոսյանը Ֆրանսիայի ազգային հավաքականում անց է կացրել 26 խաղ, խփել 2 գնդակ։ Նա 1998 թ. աշխարհի եւ 2000 թ. Եվրոպայի չեմպիոն է։ Պողոսյանը նշել է, որ իրեն երջանիկ է զգում, որ հանդես է եկել «եռագույնների» կազմում, արժանացել բարձր տիտղոսների։ Վերջին անգամ Պողոսյանը Ֆրանսիայի հավաքականի մարզահագուստը կկրի այս տարվա նոյեմբերի 5-ին կայանալիք բարեգործական խաղում, որը նվիրված է երկրի հարավում ջրհեղեղի հետեւանքով զոհվածների հիշատակին։

Հարկ է նշել, որ հայազգի ֆուտբոլիստը ժամանակին հրավեր էր ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հանդես գալու ՀՀ ազգային հավաքականում։ Բայց Պողոսյանը հույս ուներ, որ տեղ կգրավի Ֆրանսիայի ազգային հավաքականում, որում հանդես գալը ֆուտբոլիստի նվիրական երազանքն էր։ Եվ նա ճիշտ ընտրություն կատարեց, ինչը հնարավորություն տվեց շնորհալի ֆուտբոլիստին հավաքականի կազմում նվաճելու աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալները, որ քչերին է հաջողվում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4