Հայաստանի ատոմակայանը գտնվում է ամենախիտ բնակեցված շրջանումՙ Արարատյան դաշտի գրեթե կենտրոնում, մայրաքաղաքից ուղիղ գծով 20 կմ հեռավորության վրա։ Աստված մի արասցե, վտանգների դեպքում հանրապետության բնակչության շուրջ 2/3-ը կհայտնվի անելանելի վիճակի մեջ։
ՀԱԷԿ-ի ծանր հետեւանքներով վտանգը շատերը հասկացել են դեռեւս նրա կառուցման տարիներին։ Եվ պատահական չէին ատոմակայանի տեղի ընտրության եւ կառուցման դեմ ուսանողների բազմամարդ ցույցերը։ Բանավոր եւ գրավոր ես իմ խոսքն ասել եմ նաեւ երկրաշարժից անմիջապես հետո։ Այժմ չեմ ցանկանում կրկնել։ Բայց նաեւ չեմ կարող լռել, մանավանդ այժմ, երբ դրված է ՀԱԷԿ-ը լիցքավորելու եւ աշխատանքը շարունակական դարձնելու խնդիրը։ Բայց մյուս կողմից էլ ատոմակայաններով զբաղվող միջազգային կազմակերպություններն առաջարկում են փակել ՀԱԷԿ-ը եւ դրա փոխարեն կառուցել նոր հիդրոկայաններ, օգտագործել նաեւ քամու ուժը եւ այլընտրանքային այլ աղբյուրներ, կոնկրետՙ արեգակի էներգիան (ջերմությունը)։
Նշենք մի քանի օրինակներ.
1. Հայտնի է, որ հանրապետությունում հզոր ջերմաէլեկտրակայաններ կառուցելու հետ կապված փակվեցին շուրջ 20 փոքր հզորության հիդրոկայաններ։ Առաջին հերթին վերականգնել դրանք, կառուցել նորերըՙ թեկուզ ամենաչնչին հզորությամբ, դիցուք մի համայնքի կամ նույնիսկ նրա մի թաղամասի պահանջները բավարարելու չափով։ Այսինքն, օգտագործել ամենաչնչին հզորությունները։
2. Օգտագործել քամու ուժը, որը Հայաստանի նման լեռնային երկրներում կարող է կազմել շոշափելի հզորություն։
3. Օգտագործել արեգակի էներգիան, որը Հայաստանում արեւոտ օրերի թվով նույնպես պոտենցիալ հնարավորություն կարող է ապահովել։ Արեգակի էներգիան հարավահայաց լանջերին շոշափելի արդյունք կապահովի։ Արեգակի էներգիան լայնորեն հնարավոր է օգտագործել շենքերի ջեռուցման ասպարեզում։
Իմ հաշվարկներով, հարավահայաց լեռներին, որոնք Հայաստանում կազմում են շուրջ 100 հազար հեկտար, միաթեք կտուրով ջերմոցների ջեռուցմամբ շուրջ 80 տոկոս վառելիք է տնտեսվում։ Ի դեպ, իմ այս առաջարկության համար ստացել եմ համապատասխան արտոնագիր։
Բոլոր դեպքերում, մենք պիտի հրաժարվենք ՀԱԷԿ-ի գործարկումից եւ դրա դիմաց լիովին օգտագործենք այլընտրանքային աղբյուրները։
Այս առաջարկության իրագործման օգտին է վկայում այն հանգամանքը, որ արտադրած էլեկտրաէներգիայի զգալի մասը որպես փոխհատուցում պիտի մատակարարվի Ռուսաստանինՙ իր ներդրած վառելիքի դիմաց։ Ստացվում է, որ Հայաստանում վախի ու սարսափի մտահոգությամբ արտադրված էլեկտրաէներգիան պիտի մատակարարվի ուրիշներին։
Մինչդեռ ատոմային էլեկտրակայանների հարցով զբաղվող միջազգային կազմակերպություններն առաջարկում են դադարեցնել ՀԱԷԿ-ի աշխատանքները եւ դրա դիմաց, իրենց իսկ ֆինանսավորմամբ, Հայաստանում լայնորեն օգտագործել այլընտրանքային աղբյուրներ, որոնք հպանցիկ նշել եմհենց սկզբից։
Մենք իրավունք չունենք մտահոգության մեջ պահելու մեր ժողովրին։ Սա սկզբունքային հարց է, եւ մենք անտարբեր մնալ չենք կարող։ Խնդրեմ, եկեք ազգովին քննեք։
ԳՐԻԳՈՐ ԱՎԱԳՅԱՆ, «Պարմանի» համազգային ուսանողական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս