«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2002-10-17 | #189, 2002-10-18 | #190, 2002-10-19


«ԱՐԱՐԱՏ ՊԱՐԿ ՀԱՅԱԹԸ» ԴԱՐՁԱՎ

Մոսկվայի կենտրոնում հայերի ներկայության խորհրդանիշը

Մոսկվացի հայերը դեռ երբեք նման հպարտություն չէին զգացել։ Մոսկվայի կենտրոնում, Կրեմլից երկու քայլի վրա եւ Մեծ թատրոնի կողքին, որտեղ ժամանակին նշանավոր «Արարատ» ռեստորանն էր, բացվել է «Արարատ պարկ Հայաթ Մոսկվա» նոր, հինգաստղանի հյուրանոցը։ Այս առիթով ընդունելության էին հրավիրված մոտ հազար հյուրեր։ Նրանց մեջ էր մոսկվահայության (եւ ոչ միայն նրա) սերուցքը։

Հյուրանոցը կառուցած «Լուսինե» կոնցեռնի նախագահ Մուրադ Սարգսյանի հետ ուրախանալու էին եկել «Սուխոյ» նախագծային բյուրոյի գլխավոր տնօրեն Միքայել Պողոսյանը, գործարարներ Միքայել Բաղդասարովը, Ռուբեն Վարդանյանը, Վիտալի Գրիգորյանը (որը խիստ հազվադեպ է երեւում նման միջոցառումներում), Գագիկ Զաքարյանը («Յունիբանկ»), Գագիկ Ադիբեկյանը, Սուրեն Սահակյանը (Մոսկվայում ՀՀ նախկին դեսպան) եւ ուրիշներ։

Նույն օրը, բայց ավելի վաղ, հյուրանոց այցելեց Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, որը շատ գոհ մնաց եւ նույնիսկ ընդունեց հյուրանոցի ռեստորաններից մեկում ճաշելու հրավերը։ Ավելին, որպես ուղղափառ քրիստոնյա, նա ներկա գտնվեց հյուրանոցի շենքում կառուցված փոքր ժամատան օծմանը։ Օծումն անցկացրեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի առաջնորդ Եզրաս սրբազանը։ Նկատի ունենալով Մոսկվայում հայ եկեղեցու հետ կապված բարդ իրավիճակը եւ այն, որ Յուրի Լուժկովը համակրում եւ աջակցում է (իսկ գուցե աջակցո՞ւմ էր) կարգալույծ արված Տիրան Կյուրեղյանին, ժամատան օծման ամբողջ ընթացքին նրա ներկա գտնվելը կարելի է համարել խորհրդանշական։

Ի դեպ, Հայաստանում իր հանդիպած անձանցից շատերին Լուժկովը հրավիրել էր մասնակցելու նոր հյուրանոցի բացմանը, ներառյալ եռօրյա անվճար կեցությունը եւ օդանավակայանում դիմավորելն ու ճանապարհելը։ Ուստի ընդունելության ժամանակ Արեւմուտքի բուրժուազիայի պատկառելի ներկայացուցիչներից բացի (մասնավորապես ներկա էին «Հայաթ» համակարգի սեփականատեր ամերիկացի Նիկոլաս Պրիտցկերը եւ աշխարհի տարբեր երկրներից եկած նրա հյուրերը), մերթ ընդ մերթ երեւում էին նաեւ երեւանցի գործարարների ու քաղաքագետների ծանոթ դեմքեր, որոնք բերանները բաց նայում էին որոշ դիզայներների մոդելներ ցուցադրող մեկ տասնյակ երկարոտն շեկ գեղուհիներին։

Հյուրանոցի շահագործմամբ կզբաղվի հյուրանոցների կառավարման «Հայաթ» աշխարհահռչակ ընկերությունը։ Սեփականատիրոջ խոսքերով, դեռ 35 տարի առաջ իր հայրը ԽՍՀՄ է եկել, բայց սովորաբար հաջողակ այդ մարդը չի կարողացել այստեղ իրականացնել ծրագրերը։ Այդ ժամանակվանից ընտանիքում պահպանվել է Մոսկվայում հաստատվելու ցանկությունը, բայց միայն հիմա, «Լուսինե» կոնցեռնի գերազանց իրականացրած նախագծի շնորհիվ, հնարավոր դարձավ Մոսկվայում «Հայաթի» ներկայությունը։ Պետք է ասել, որ Մուրադ Սարգսյանի համար էլ դյուրին չի եղել։ Այն մասին, թե նրան ինչպիսի դժվարությունների վիճակվեց բախվել Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում «հայկական երազանքն» իրականացնելու համար, եւ ընդսմին ինչպիսի խոչընդոտներ հաղթահարվեցին, կարելի էր գրել եթե ոչ գիրք, ապա, համենայն դեպս, առանձին հոդված։ Նողկալի էր տեսնել, թե ինչպես վերջին ամիսներին որոշ հայ գործարարներ չարախնդում էին, լսելով հերթական այն խոսակցությունները, թե Մուրադից թերեւս հետ վերցնեն հյուրանոցը, կամ ստիպված լինի վաճառել եւ այլն։

Բայց պետք է պատշաճը մատուցել Մուրադ Սարգսյանին։ Ինչպես ասում են ամերիկացիներըՙ He did it, այսինքնՙ նա հասավ իր ուզածին, հուրախություն բազմահազար հայերի։ Հայերի տրամադրությունն արտահայտեց ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը բացման արարողության ժամանակ։ Վերջերս կասկածելիորեն շատ Մոսկվա այցելող Խաչատրյանն ասաց, որ ինքը շատ մեծ հպարտություն է ապրում հայ շինարարների, «Արարատ» հայկական անվան եւ «Հայաթ» համակարգի սպասարկման որակի համար, որն ինքն առիթ է ունեցել զգալու 1988 թ. Տոկիոյում։

Ի դեպ, «Արարատ» անվանումը պահպանել է նաեւ առաջին հարկում գտնվող սրճարաններից մեկը (հյուրանոցում կան 5 ռեստորան եւ բար)։ Հյուրանոցի դահլիճներից մեկը կրում է Արամ Խաչատրյանի անունը։ Ի դեպ, հենց այս օրերին (հոկտեմբերի 18¬20-ը) «Ռոսիա» դահլիճում Նատալյա Կասատկինայի եւ Վլադիմիր Վասիլեւի ղեկավարությամբ անցկացվում է «Սպարտակ» բալետի բեմադրության պրեմիերանՙ եկող տարի նշվող Արամ Խաչատրյանի 100-ամյակի առթիվ։ Ի տարբերություն Մոսկվայում այդ բալետի նախորդ երեք բեմադրությունների, այս անգամ օգտագործվել է նաեւ անցյալում չհնչած երաժշտություն։ Ինչպես հայտնի է, Արամ Խաչատրյանը 8-ժամանոց երաժշտություն է գրել «Սպարտակի» համար։ Դրա մեծ մասը հայտնի չէ ունկնդիրներին (օրինակ, քչերը գիտեն, որ հոլիվուդյան «Կալիգուլա» ֆիլմում օգտագործված է Խաչատրյանի Ադաջիոն «Սպարտակ» բալետից)։

Այնպես որ, Մոկվայում հայերն այս օրերին հպարտանալու եւ ուրախանալու պատճառներ ունեն։ Եվ գլխավորն այն է, որ կա ընտրություն։ Նրանք, ովքեր ի վիճակի չեն վճարել հինգաստղանի հյուրանոցի ծառայությունների դիմաց (մեկ տեղանոց համարի գիշերավարձը 200 դոլար է, նախագահական լյուքսինըՙ 1800 դոլար), կարող են «Ռոսիա» համերգասրահի տոմս գնել (25¬100 դոլար) եւ ըմբոշխնել մեր մեծ հայրենակցի երաժշտությունը։

ԼՈՒՍԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4