Ամերիկայի «Հայ տեխնոլոգիական խումբ» կազմակերպությունն Արցախում իր գործունեությունն սկսել է 1996 թվականից։ Նպատակադրված էր այստեղ, գյուղատնտեսական տարբեր կուլտուրաների սերմերի անհատույց առաքումներից բացի, նաեւ իրականացնել չորս գործնական ծրագրեր։ Մասնավորապես, կազմակերպությունը պետք է Ղարաբաղում ստեղծեր խաղողի պատվաստակալների տնկարան, արտադրեր սերմացու ցորեն, մեղր եւ գինի։
Այսպես կոչված «Մեղր» ծրագիրն արդեն ավարտման փուլում է։ Քանի որ «Հայ տեխնոլոգիական խումբը» շահույթ չհետապնդող կազմակերպություն է (տեղում ստացված եկամուտը բացառապես օգտագործվում է բարեգործական, կատարված աշխատանքի վարձատրման կամ էլ տնտեսության ընդարձակման նպատակներով), ուստի արտադրված ամբողջ մեղրը հատկացվել է կարիքավոր ընտանիքներին ու բուժհիմնարկներին։ Միայն ընթացիկ տարում Ստեփանակերտի ծերանոցին ու հիվանդանոցներին անվճար տրամադրվել է 1652 կգ անարատ մեղր։ Իսկ նույն այդ ծրագրի իրագործման 6 տարիների ընթացքում ղարաբաղյան ազատամարտում զոհվածների ընտանիքներին անհատույց տրվել է 3000 մեղրափեթակ։
Կազմակերպության արցախյան առաքելության կարեւոր նպատակներից մեկն էլ նոր աշխատատեղերի բացումն է։ Բուն մասնաճյուղում աշխատում է 4 հոգի, բայց գյուղատնտեսական աշխատանքներում ընդգրկված է 40-ից ավելի մարդ, որոնք ապահովված են մշտական աշխատանքով։ Նրանց ամսական միջին աշխատավարձը 30.000 դրամ է։ Ամենայն վստահությամբ կարելի է ասել, որ սահմանամերձ Խրամորթ հայկական գյուղը, որը պատերազմի ժամանակ տեւականորեն գտնվում էր թշնամու ձեռքին, վերհառնել է մասամբ ՀՏԽ-ի շնորհիվ։ Այս գյուղի հարեւանությամբ են գտնվում կազմակերպության փորձարարական 50 հեկտար հողամասերը, եւ հիմնականում խրամորթցիներն են տնկարանների բանվորները։
ՀՏԽ-ի ծրագրերում, թերեւս, ամենաուշագրավը «Խաղող» ծրագիրն է։ Կազմակերպությունն ունի 4 հեկտար ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալների մայրուտներ, որտեղ աճեցվում են սեղանի եւ տեխնիկական 20 տարբեր սորտերի խաղողի տնկիներ։ Անցյալ տարի խաղողագործությամբ զբաղվող մենատնտեսներին է վաճառվել 18000 տնկիՙ հատը 250 դրամ արժեքով։ Այս տարի պլանավորված է այդ թիվը գերազանցել։
ՀՏԽ-ի ղարաբաղյան ներկայացուցիչ Վլադիմիր Զաքիյանի համոզմամբ, խաղողագործությունը Արցախում մեծ հեռանկարներ ունի։ Ղարաբաղի խաղողը երբեւէ փառաբանված էր ինչպես որակական, այնպես էլ քանակական հատկանիշներով։ Բավական է նշել, որ 1984 թ. այստեղ արտադրվել է 164.300 կգ խաղողՙ ապահովելով հեկտարից միջինը 121 ցենտներ բերք։ Ու եթե խորհրդային տարիներին երկրամասում հաշվվում էր 17.000 հեկտար խաղողայգի, ապա ներկայումս այդ թիվը կազմում է ընդամենը 760 հեկտար։ Կա՛ ԼՂՀ-ում խաղողագործությունը զարգացնելու միտում, եւ «Հայ տեխնոլոգիական խումբը» դրան աջակցելու պատրաստակամություն ունի։
Վ. Զաքիյանը տեղեկացրեց, որ տնկիների իրացումից ստացված եկամտի մի մասը հատկացվում է տնկարանի զարգացմանը։ Ըստ ՀՏԽ-ի ներկայացուցչի, ծրագրված է առաջիկայում հիմնել 10 հեկտար սեղանի եւ տեխնիկական սորտի արտադրական խաղողայգի։
Արդեն հիմա եկամուտ է ապահովվում նաեւ «Ցորեն» ծրագրով։ Կազմակերպության աճեցրած բարձր վերարտադրության ցորենի սերմացուն լայն պահանջարկ է վայելում տեղում։ Եվ գներն էլ թանկ չենՙ կիլոգրամը 150-160 դրամ։ Սերմացուն ամբողջությամբ սպառվում է Ղարաբաղում։
Մեր զրույցում Վ. Զաքիյանը նշեց, որ ՀՏԽ-ն, իբրեւ գիտաարտադրական ձեռնարկում, նախադեպը չունի ամբողջ Անդրկովկասում։ Եվ դա շնորհիվ ամերկահայ մի խումբ հայրենասերների, որոնք տարեկան շուրջ 20 միլիոն դրամ են ներդնում այս բնագավառում։
Եթե համեմատելու լինենք ՀՏԽ-իՙ 6 տարի առաջվա եւ այսօրվա գործունեության ծավալները, ապա դրանք շոշափելիորեն տարբեր ենՙ դրական ակտիվով։ Նկատելի է առաջընթացը, իսկ դա նշանակում է, որ մեր հայրենակիցների ջանքերը ճիշտ նպատակին են ծառայում։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ