«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2002-10-17 | #189, 2002-10-18 | #190, 2002-10-19


ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԻՐԱՔԻ ՔՐԴԵՐԸ։ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ ԴԺՈԽՔԻՑ

Այս վերնագրի ներքո անգլիական «Էկոնոմիստ» շաբաթաթերթն իր հոկտեմբերի 5¬11-ի համարում գրում է, որ մինչ քրդերը ձգտում են կիսաանկախություն ձեռք բերել հետսադդամյան Իրաքում, որոշ թուրքեր կարոտախտով են հիշում օսմանյան տիրապետությունը։

Մինչ ամերիկյան վարչակարգը բազմապատկում է ջանքերը Սադդամ Հուսեյնին տապալելու գործում միջազգային աջակցություն ձեռք բերելու համար, նա բացահայտ ընդդիմության է հանդիպում իր երկու արժանավորագույն, բայց միմյանց թշնամի դաշնակիցներիՙ Թուրքիայի եւ Իրաքի քրդերի կողմից։

Երկուսի միջեւ լարվածության սրման ներկա փուլում ամերիկացի պաշտոնատար այրերը փորձում են կախարդական մի բանաձեւ գտնելՙ բավարարելու համար իրենց անհամատեղելի պահանջները։ Թուրքիան հայտարարելով, որ չի մասնակցի Իրաքի դեմ որեւէ գործողության, որն իր հերթին կարող է անկախ պետություն ստեղծել այդ երկրի մոտ 3,5 մլն քրդերի համար, երդվել է ռազմական միջամտություն կատարել քրդերիՙ այդ ուղղությամբ յուրաքանչյուր քայլի դեպքում։ Քրդերն իրենք էլ հասկանում են, որ անկախության ձգտումը իրական չէ։

Թուրքիան դեմ է նաեւ միացյալ Իրաքի տարածքում քրդական դաշնային գոտու հիմնադրմանը. մի պահանջ, որ քրդերն առաջ են մղում որպես իրենց իրավունքն Ամերիկայի ղեկավարությամբ ծավալվելիք գործողություններին աջակցելու փոխարեն։

Թուրքիան վախենում է, որ դաշնային գոտու առաջացումն Իրաքում կարող է նման պահանջների պատճառ դառնալ ոչ միայն իր սահմանների մոտ 12 մլն, այլեւ Իրանի 6 մլն քրդերի կողմից։ Դա, ըստ մի թուրք դիվանագետի, «տարածաշրջանային քաոսի եւ անկայունության դժոխք կստեղծի»։

Թուրքիան նաեւ տնտեսական հոգսեր ունի։ Իրաքի փոխվարչապետ Թարիք Ազիզը, որն այս շաբաթ Անկարայում էր, իրեն հյուրընկալող թուրք առաջնորդներին հիշեցրել է, որ պատերազմի բռնկման դեպքում Թուրքիայի երերուն տնտեսությունը կտուժի Իրաքի հետ գործարարության կորստից։ Երկու երկրների միջեւ առեւտուրն իր նախածոցյան պատերազմի տարեկան մեկ միլիարդ դոլարի մակարդակի է հասել։

Ամերիկայի առաջ ծառացած դժվարին կացությունն այն է, որ պատերազմի դեպքում նա ունենալու է ինչպես Թուրքիայի, այնպես էլ քրդերի աջակցության կարիքը։ Թուրքիայի ռազմակայաններն անհրաժեշտ են ռմբակոծումների համար, իսկ իրաքցի քրդերի հսկողության տակ գտնվող 50 հազար մարտնչողներն անհրաժեշտ են Հուսեյնին տապալելու համար։ Եվ եթե ամերիկյան զորքերը տեղակայվելու են քրդական տարածքներում, ապա նրանք պետք է Թուրքիայի միջով ժամանեն այնտեղ։

Իրաքցի քրդերը վճռականապես դեմ են, որ թուրքական զինված ուժերը մասնակցեն պատերազմական գործողություններին, եթե ոչ ուրիշ, համենայն դեպս այն պատճառաբանությամբ, որ նրանց ներկայությունը հրահրելու է իրանյան միջամտություն։ Նրանք նույնիսկ սպառնում են Հուսեյնի հետ լեզու գտնել, եթե ամերիկացիներն անտեսեն իրենց պահանջները։

Իրաքի փոխնախագահ Թահա Յասին Ռամադանն անցյալ ամիս թուրք լրագրողներին հայտնել էր, որ Իրաքի ժողովուրդը «մեր քուրդ եղբայրների հետ» կկռվի թուրքական բանակին երկրի սահմաններից հեռու պահելու համար։ Այդ խոսքերով նա պատասխանում էր Թուրքիայի պաշտպանության նախարար Սաբահեդդին Չաքմաքօղլուի պնդումներին, թե Քերքուքը (Իրաքի նավթարդյունաբերության գլխավոր տարածքը) պատմականորեն Թուրքիայի բաղկացուցիչ մասն էր։ Քերքուքը, որն այժմ Բաղդադի հսկողության տակ է, երկու քուրդ ղեկավարներիՙ Մասուդ Բարզանիի եւ Ջալալ Թալաբանիի մտադրություններով դառնալու է հետագա դաշնային պետության մայրաքաղաքը։ Քերքուքը, հայտարարել էր Բարզանին, կարող է դառնալ «գերեզմանը թուրքական զորքերի, ճիշտ այնպես, ինչպես դարձել է օսմանյան զորքերի համար»։ Բարզանին եւ Թալաբանին վաղեմի թշնամիներ են, սակայն այս շաբաթ նրանք միացան իրենց երազած «գոտու» նոր սահմանադրությունը կազմելու գործում։ Այս նորաստեղծ միասնությունը չափազանց մտահոգիչ է քրդերի տարածաշրջանային թշնամիներիՙ Իրաքի, Թուրքիայի եւ Իրանի համար, որոնք տասնամյակներ շարունակ թիկունք են կանգնել քրդական մեկ խմբակցությանՙ ընդդեմ մյուսի, որպեսզի կարողանան թուլացնել եւ բաժանել քրդերին։ Ոչ շատ ժամանակ առաջ թուրքերն ու Բարզանին, որի Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցությունը (ՔԺԿ) հսկում է Թուրքիայի հետ Իրաքի ունեցած 700 կմ երկարությամբ սահմանը, մտերիմ ընկերներ էին։ Բարզանիի մարտիկների օժանդակությամբ թուրքական զորքերը Հյուսիսային Իրաք էին թափանցումՙ լեռներում որսալու համար քուրդ անջատողականներին։ Փոխարենը Թուրքիան թույլ էր տալիս իր վարորդներին իրաքյան դիզելային վառելիք ներկրել, որոնց համար Բարզանիի խմբակցությունը հարկ էր վերցնում։ Այդ եկամուտների շնորհիվ ՔԺԿ-ի հսկողության տակ գտնված տարածքներում հնարավոր է եղել կառուցել դպրոցներ, հիվանդանոցներ եւ ճանապարհներ։

Բայց այն օրվանից, երբ Թուրքիան կալանավորեց Օջալանին, Բարզանին դադարեց օգտակար լինել։ Փոխարենը նա դարձավ սպառնալիք։ ՔԺԿ-ի ազդեցությունը նվազեցնելու նպատակով Թուրքիան արգելեց Իրաքի նավթի հոսքը դեպի երկիր։ Միաժամանակ սկսեց սիրաշահել Թալաբանիին։

Թուրք պաշտոնատար անձանց համաձայն, Իրաքի քրդերին թյուրիմացության մեջ են գցելՙ հավատացնելով, թե նրանց օգնությունը Մ. Նահանգներին նույնքան կարեւոր է, որքան Թուրքիայինը։ «Եթե քրդերն այնքան միամիտ ենՙ հավատալու դրան, նշանակում է նրանք պատմությունից ոչինչ չեն սովորել», ասել է մի պաշտոնատար։

Իրաքի քրդերը հաստատ չեն մոռացել պատմության առավել նոր դասերը։ Նրանց գլխում դրոշմված է այն, թե ինչպես Ամերիկան չպաշտպանեց իրենցՙ Իրաքի բանակի դեմ, երբ իրենք նրա դրդումով Հուսեյնի դեմ ապստամբեցին Ծոցի պատերազմի վերջում։ Այդ պատճառով էլ, ըստ քուրդ ղեկավարների, նրանք երաշխավորություններ են պահանջում այս անգամ։ Այդ երաշխավորությունները, ըստ Սաֆին Դիզայիի (ՔԺԿ-ի հայտնի պաշտոնյա), իրենց պետք է «պաշտպանեն ոչ միայն Իրաքից, այլեւ ցանկացած այլ օտար ուժերից, որոնք կփորձեն ապակայունացնել տարածաշրջանը»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4