«Հայաստանի քաղաքական դաշտում ընթացող ցանկացած միջկուսակցական հանդիպումներ օգտակար են։ Ներկա պարագայում դաշնակցության կողմից ընտրությունների նախաշեմին ձեռնարկած այս գործընթացը կարող է արդյունավետ լինել», ասաց ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը հոկտեմբերի 19-ին, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցած ՀՅԴ-ՀՌԱԿ ներկայացուցիչների հանդիպումից հետո։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել այնպիսի մեխանիզմների մշակմանը, որոնք թույլ կտան Հայաստանում սպասվող առաջիկա ընտրություններում երկրում պահպանել հանդուրժողականության մթնոլորտը, միաժամանակ ապահովել արդար եւ թափանցիկ ընտրություններ։
Վերոնշյալ հարցերից բացի քննարկվել են նաեւ քաղաքական այլ հարցեր, որոնց մինչ այս հանդիպումը երկու ավանդական կուսակցությունները անդրադարձել են այլ հանդիպումների ժամանակ։
Ընտրությունների նախաշեմին Հայաստանի բոլոր կուսակցությունների կողմից ստորագրվելիք հուշագրի նախաձեռնությանը միանալու վերաբերյալ ՀՌԱԿ ատենապետը տեղեկացրեց, որ կուսակցությունը իր վերաբերմունքը կարտահայտի, երբ պատրաստ կլինի հուշագրի նախագիծը, որից հետո «Կուսակցության հանրապետական խորհուրդը այն քննարկելուց հետո իր դիրքորոշումը կարտահայտի», ավելացրեց Ռ. Միրզախանյանը։
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԲԱԺԻՆ