ԱԺ-ն մատնվում է անգործության
Երեկ խորհրդարանը նոկդաունի մեջ էր։ Որքան էլ տարօրինակ թվա, հուժկու հարվածը հասցրել էին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։
Որքան խորհրդարանական, այսինքնՙ քաղաքական ուժերի կապն այդ ընտրությունների հետ դրանց նկատմամբ հետաքրքրության մեծացման տեսակետից ողջունելի է, այնքան վտանգավոր է դառնում դրա կործանարար ազդեցությունը խորհրդարանական բնականոն գործունեության նկատմամբ։
Հստակ կարելի է ֆիքսել, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով սկսվեց մի գործընթաց, որը հայտնի է «ճամպրուկային տրամադրություններ» բնորոշմամբ։
Այսպեսՙ 131 պատգամավորից երեկ գրանցվեցին 85-ը միայն, ինչը լիովին բավարար էր եռօրյան սկսելու համար։ Սակայն օրակարգ հաստատելիս պարզվեց, որ դահլիճում գրանցվածների կեսն անգամ չկա։ Դրա հետեւանքով օրակարգի առաջին եւ երկրորդ մասերը, որոնք պետք է հաստատվեին քվեարկությամբ, չհաստատվեցին։ Չէր հերիքում անհրաժեշտ 44 պատգամավորի ներկայությունը։
ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, փորձելով պահպանել կանոնակարգի պահանջները, հայտարարեց առաջին մասում ընդգրկված օրենսդրական նախագծերն առանձին-առանձին քվեարկության դնելու մասին։ Սակայն դա օգուտ տալ չէր կարող, որովհետեւ երկու անգամ ընդմիջումները նույնիսկ չօգնեցին անհրաժեշտ թվով պատգամավորների ներկայությունը նիստերի դահլիճում։
Հատկանշական է, որ բացակայում էին հիմնականում խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները։ Եվ չնայած դրան, խորհրդարանական այդ հատվածը ներկայացնող ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը փորձում էր մեղավորներ փնտրել այլ շրջանակներում եւ բորբոքված խոսում էր, թե գրանցվելով եւ նիստին չներկայանալով որոշ պատգամավորներ պարզապես տապալում են ԱԺ գործունեությունը։ Հիշեցնենք, որ նախորդ եռօրյային նույն, քվորում չապահովելու պատճառով 16 քննարկված նախագծերի քվեարկությունը չէր կայացել։ Թերեւս այս հանգամանքը նկատի ուներ Աղասի Արշակյանը, երբ ելույթ ունենալովՙ նշեց, որ ցանկացած դեպքում խորհրդարանում ստեղծված բոլոր իրավիճակների պատասխանատուն ԱԺ մեծամասնությունն է, եւ նա է մեղավորը նման անհեթեթ իրավիճակի համար։
Իրականում, սակայն, բոլորը ստեղծված իրավիճակը բացատրում էին նախորդ օրվա ընտրություններով։ «Միշտ էլ ենթադրելի, կանխատեսելի էր, որ ԱԺ պատգամավորները տարվելու են ընտրական, կազմակերպական խնդիրներով, եւ դժվար է ակնկալել, որ Ազգային ժողովը կկարողանա առաջիկայում նորմալ աշխատել։ Դա, իհարկե, ցավալի է։ Լավ կլիներ գոնե այս նստաշրջանն ավարտվեր, կամ գործընթացն սկսվեր հունվարից հետո։ Այստեղ մեկ հանգամանք եւս կա։ Ի վերջո, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն էին, եւ բոլորի մտահոգությունը կապված էր դրա հետ։ Մարդիկ աշխատել են եւ մի տեսակ այլ մթնոլորտում են։ Եվ խորհրդարան գալու հավես մեծ մասը պարզապես չունի», այսպես բնորոշեց ստեղծված իրավիճակը ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը։
Եթե հաշվի առնենք քաղաքական ուժերի ավելի մեծ հետաքրքրությունը ԱԺ եւ նախագահական ընտրությունների հանդեպ եւ նրանց խոստումները, ապա պետք է այսօրվա օրինակով եզրակացնել, որ ներկա եւ եկող նստաշրջանների ընթացքում պատգամավորների հավեսն ընդհանրապես կկորչի։ Սակայն դրա դեմն առնելու միակ հնարավորությունը գտնվում է հենց «անհավես խորհրդարանի» ձեռքումՙ ինքնալուծարումը, որին երբեք ԱԺ-ն չի գնա։ Պատգամավորների «անհավեսության» գլխավոր պատճառը թերեւս այն է, որ նախագահն այլեւս իրավունք չունի լուծարելու այս գումարման Ագային ժողովը։
Մնում է համբերությամբ սպասել, թե երբ է վերջապես «անհավեսության» հետ նաեւ սպառվելու այս խորհրդարանի լիազորությունների ժամկետը։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ