Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ըստ կայացած ընտրությունների նախնական արդյունքների, ձայների գերակշիռ առավելությամբ վերընտրվել է քաղաքի համայնքի ղեկավար։ Նրա օգտին գրանցվել է 28656 քվե կամ ընտրությանը մասնակցած քաղաքացիների ձայների ընդհանուր թվի 72,2 տոկոսը։ Ղուկասյանի մրցակից երկու թեկնածուներից Լեւոն Գալստյանի օգտին գրանցվել է 4694, Մարտին Զիլֆիմյանիՙ 4669 ձայն (համապատասխանաբար 11,8 եւ 11,7 տոկոս)։ Ընտրվել են նաեւ համայնքային ավագանու 15 անդամներ։
Գյումրիում քվեարկությանը մասնակցել է մոտ 39,7 հազար մարդ կամ ընտրողների ցուցակային թվի 34,3 տոկոսը։ Քվեարկության ընթացքի հետ կապված լուրջ խախտումներ չեն արձանագրվել։ Քաղաքն ընդգրկող 47-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում առայժմ ստացվել էր 1 բողոք քաղաքապետի թեկնածու Լեւոն Գալստյանիցՙ կապված ընտրացուցակների հետ, եւ 2 բողոքՙ ավագանու անդամության թեկնածուներից։ Ինչպես հանրապետության շատ համայնքներում, այնպես էլ այստեղ բազմաթիվ էին ընտրացուցակների անճշտությունները։ Լուրջ խնդիր էր առաջացրել ժամը 18-ից հետո քաղաքի մի հատվածի մեկ տասնյակ տեղամասային կենտրոններում էլեկտրական հոսանքի անջատումը, որի հետեւանքով որոշ տեղամասերում քվեատուփը նույնիսկ ժամը 22-ին դեռ չէր բացվել։
Շիրակի մարզում հոկտեմբերի 20-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել 93 համայնքներում։ Հատկանշական է, որ շատ համայնքներում վերընտրվել են գործող համայնքապետները։ Ըստ նախնական տեղեկությունների, մարզի մյուս համայնքներում եւս լուրջ ընտրախախտումներ չեն արձանագրվել։ Հետաքրքրական արդյունք է գրանցվել նախկին Ախուրյանի շրջանի Քեթի գյուղում, որտեղ համայնքապետի երկու թեկնածուները ստացել են հավասար թվովՙ 208 ական ձայն։ Ըստ «Շանթ» հեռուստատեսության հաղորդած տեղեկության, զավեշտական դեպք է արձանագրվել գյուղական մեկ այլ համայնքում։ Թեկնածուներից մեկը չի ստացել ոչ մի ձայն, չնայած ընտրությանը մասնակցել են նաեւ ինքըՙ թեկնածուն ու նրա ընտանիքի անդամները։
Գ. Մ.