«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2002-10-18 | #190, 2002-10-19 | #191, 2002-10-22


ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Կոնգրեսի պատվիրակությունը գտավ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն արտացոլել են միջազգային չափանիշներին համապատասխանեցվելու ցանկությունը», այսպիսի նախնական գնահատական է տրված Եվրախորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության զեկույցում, որը երեկ հրավիրած մամլո ասուլիսում ընթերցեց պատվիրակության ղեկավար Քրիստոֆեր Նյուբըրին։

Ընտրությունների օրը Կոնգրեսի պատվիրակությունը չորս թիմով այցելել է 50 ընտրատեղամասեր հանրապետության հինգ շրջաններումՙ Երեւանում, Էջմիածնում, Կոտայքի, Շիրակի եւ Սյունիքի մարզերում։ Նրանք աձանագրել են, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, խոշոր խախտումներ չեն եղել։ Պատվիրակությունը թեկնածուներից բողոքներ է ստացել ԶԼՄ-ների կողմից նախընտրական ծրագրերի անհավասար լուսաբանման, ինչպես նաեւ թեկնածուների ֆինանսական ռեսուրսների անհավասարության մասին։

Խնդիրները, որ դիտորդները նշեցին, վերաբերել են ընտրացուցակներում տեղ գտած անճշտություններին, ընտրատեղամասերի հոսանքազրկմանը (Կոնգրեսի փոխնախագահ Կալին Կատալին Քիրիտան նշեց Գյումրիում 20 ընտրատեղամասերի հոսանքազրկման փաստը), եւ ավտոբուսներով մարդկանց ընտրատեղամասեր բերելու, հաշմանդամների քվեարկության խոչընդոտներին առնչվող փաստերը։

Քրիստոֆեր Նյուբըրին նշեց նաեւ նախընտրական գրավի պատճառով առաջացած դժվարությունները գյուղական համայնքներում, ինչը թեկնածուների համար չառաջադրվելու պատճառ է եղել։ Ընդհանրապես շատ են եղել նաեւ համայնքները, որոնց ղեկավարի պաշտոնի համար մրցակցություն չի եղել։

Չնայած ընտրացուցակներում տեղ գտած անճշտություններին, դրանք 99-ի ընտրությունների համեմատ այս տարի ավելի քիչ էին։ Երեւանում, օրինակ, դատական կարգով ընտրելու իրավունքը վերականգնելու գործընթացը եւս հարթ էր ընթանում։ Բերված խախտումների օրինակներն ավելի շատ Գյումրուն էին վերաբերում։

Ըստ պատվիրակության ղեկավարի, հանձնաժողովների հետ թրեյնինգ անցկացնելու կարիք կա, բացի այդ ոստիկանության դերը ընտրություններին օրենքով ավելի հստակ ամրագրում պետք է ստանա։ Քրիստոֆեր Նյուբըրին ափսոսանք հայտնեց, որ այս անգամ եւս Երեւանի քաղաքապետի ընտրություններ չկատարվեցին, այդ պաշտոնը շարունակում է նշանակովի մնալ։

Եվրախորհրդի դիտորդները նշեցին նաեւ, որ հոկտեմբերի 20-ի ընտրություններին ընտրողների մասնակցությունը նույնիսկ 50 տոկոսից ցածր է եղել։

Ընդհանուր առմամբ, սակայն, դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրախորհրդի ներկայացուցիչները բավարարված էին ընտրություններիցՙ դրանք համարելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում տեղերում։

Հայաստանում ընտրությունների ազատությունն ու արդարությունը, ինչպես նաեւ ժողովրդավարական գործընթացը գնահատող ամբողջական զեկույցը Եվրախորհրդի Եվրոպայի տեղական եւ շրջանային իշխանությունների Կոնգրեսը կհրապարակի նոյեմբերի 13-ից հետո։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4