«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2002-10-18 | #190, 2002-10-19 | #191, 2002-10-22


«ՀՐԵՇԸ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ»

«Ազգը» մի քանի անգամ անդրադարձել է ծագումով լեհ ամերիկացի դրամատուրգ Ռիչարդ Կալինոսկու «Գազանը լուսնի վրա» պիեսին եւ բեմադրություններին, մասնավորապես Փարիզի «Մարինի» թատրոնում Իրինա Բրուքի բեմադրությանը։ Սա Հայոց ցեղասպանությունից մազապուրծ երկու հայ մարդուՙ Արամ եւ Սեդա Թոմասյանների պատմությունը չէ լոկ։ Հայոց հիշողության պատմությունն է։

Եվ ահա գործը ներկայացվում է նաեւ Հայաստանում, հայերենով։ Բեմադրության հեղինակը «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանն է։ Տարեց Վինսեթի դերում հանդես է գալիս Կարեն Ջանիբեկյանը, 12 տարեկան Վինսենթին կերպավորել է միջնակարգ դպրոցի ավարտական դասարանի աշակերտ Պարոն Պարոնյանը, Արամ Թոմասյանի դերում Լեւոն Հարությունյանն է, իսկ Սեդայի դերումՙ Կարինե Եսայանը։

Կարեն Ջանիբեկյանը եւս մեկ անգամ հաստատում է իր վարպետությունը։ Նրա հերոսը, որն այս պատմության հեղինակն է, ազգությամբ իտալացի, կարողանում է համոզիչ եւ առանց ավելորդ սենտիմենտալության ներկայացնել մարդկության ահավոր ողբերգություններից մեկը։ Ի դեպ, հենց այս ավելորդ սենտիմենտից փրկվել է ողջ ներկայացումը։ Անշուշտ, դժվար խնդիր է եղել, բայց, ի պատիվ բեմադրության հեղինակի եւ արտիստների, հաջողվել է։ Նուրբ միզանսցեների միջոցով (որոնք նորություն են պիեսի անգլիական, ամերիկյան եւ ֆրանսիական բեմադրությունների հետ համեմատած) ստացվել է այնպես, որ Արամ Թոմասյանը շարունակությունն է իր հոր, իր պապերի, իր բոլոր նախնիների, 12-ամյա Վինսենթը շարունակությունն է տարեց Վինսենթի։ Արամ Թոմասյանն իր նախնիներին շարունակում է ոչ միայն հորից մնացած միակ հիշատակ-վերարկուով, այլեւ Թոմասյան տոհմը շարունակելու անզուսպ ճիգով։

¬ Հինգ տարի առաջ Հալեպում ինձ առաջարկեցին այս պիեսը բեմադրել, բայց ոչ այնտեղ, այլՙ Երեւանում,- մեր զրույցի ժամանակ ասաց Նիկոլայ Ծատուրյանը։ ¬ Բայց ինչպես բոլոր թատրոնները, մերն էլ հնարավորություն չուներ լուրջ բեմադրություն անելու, ֆինանսների պատճառով։ Եվ, ահա, վերջապես մեզ հաջողվեց այս պիեսը բեմադրել, թեկուզ բավականին ուշացումով։ Ես որոշակի փոփոխություններ եմ արել պիեսում, հատկապես ֆինալում։ Չուզեցա, որ Արամ Թոմասյանի բաց թողնված նկարը լրացվի իտալացի տղայով։ Արամը գնում էՙ կիսատ թողնելով նկարը։ Բայց գնում է այն հավատով, որ հայով լրացնի։

Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությունում այսպիսի միզանսցեն կա. Սեդան փոքրիկ Վինսենթին բացատրում է, որ ինքն էլ է որբ , իր ամուսինն էլ։ Տղան հարցնում է. «Նշանակում է, բոլոր հայերը ո՞րբ են»։ Ո՛չ, հավաստում են Նիկոլայ Ծատուրյանն ու բեմադրության մասնակիցները, մենք դաժան կորուստներ ենք ունեցել, սակայն ամեն վայրկյան ի զորու ենք սկսելու նորից, սկսելու ու շարունակվելու։ Բրուքյան բեմադրությունում այս տեսարանը չկա։

Ընդհանրապես լիովին նոր մեկնաբանություն է տրված պիեսին։ Ի տարբերություն օտարազգի բեմադրիչների օգտագործած դուդուկի երաժշտության, զուտ հայկական տարրերով լեցուն բեմադրություններին, այստեղ դասական երաժշտություն է հնչում (երաժշտական ձեւավորումըՙ Ռուբեն Տոնիկյանի) եւ հայեցի, բայց ոչ նատուրալ նկարչական ձեւավորում (հեղինակՙ Գարեգին Եվանգուլյան)։ Եվ հայոց մեծ ողբերգությունը մարդկության ողբերգություն է ներկայացնում։

Եթե Կալինոսկու պիեսում եւ Իրինա Բրուքի բեմադրությունում շեշտվում է, որ Արամ Թոմասյանին թուրքերն են փրկել կործանումից, ապա Նիկոլայ Ծատուրյանն առավել ճշմարիտ մոտեցում է ցուցաբերել, զերծ է մնացել թուրքական այն կեղծ պրոպագանդայից, որ անչափ շատ թուրքեր անչափ շատ հայերի փրկեցին գոնե 1915-ին։ Պատմությունը փաստում է, որ այդպես չէ։ Եվ Նիկոլայ Ծատուրյանը զերծ է մնացել կոսմոպոլիտ մարդասերի դերից։

... 1893 թվականին Թուրքիայում արեւի խավարում է եղել։ Եվ թուրքերը, ցանկանալով փրկել արեւը, կրակել են արեւը փակող գազանի վրա։ Հայկական եղեռնի ժամանակ միլիոնավոր հայերին կոտորելով, տեղահան անելով, թուրքն իր վրա էր կրակում։ Ու գազանը, արեւը ծածկող հրեշը ինքն էր... Այս ծանր տառապանքն ունի իր մեջ Արամ Թոմասյանը, որը, ի տարբերություն Սեդայի, կարողանում է կրկին ճանապարհ ելնել. «Սեդա, հայրս, հորս հայրը, հորս հոր հայրը սպասում են, որ ես շարունակեմ Թոմասյան տոհմը»։

Այսպես է, որքան էլ անհնարին է թվացել, միեւնույն է, հայը շարունակվում է։ Ու վերջ չունի Արամ Թոմասյանի գնացքը, քանզի հայ է։ Այս են հավաստում Նիկոլայ Ծատուրյանը, բեմադրության մասնակիցները, հատկապեսՙ Կարեն Ջանիբեկյանը, որի վարպետությունը աներկբա է։

ՍԵՐԳԵՅ ՄԵԼՔՈՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4