ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծին առնչվող որոշ սկզբունքային հարցերի էր նվիրված հոկտեմբերի 21-ի քննարկումըՙ մասնակցությամբ Եվրախորհրդի փորձագետների եւ օրինագիծը մշակող մասնագետների։
Ինչպես նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, բարձրագույն կրթության ոլորտում վերջին տարիների համակարգային փոփոխությունները Հայաստանում, ինչպես եւ մյուս նախկին խորհրդային հանրապետություններում, կատարվել են հիմնականում ներքին ռեսուրսների հաշվին։ Բարձրագույն կրթության օրինագիծը ենթադրում է, նախեւառաջ, պահպանել խորհրդային տարիների կրթական որակը, եւ երկրորդ, բարձրագույն կրթությունը համարժեք դարձնել միջազգային չափանիշներին։ Նոր նախագիծը ենթադրում է անցում երկաստիճան կրթական համակարգի, բուհական օպտիմիզացիայի եւ ինքնավարության։
Նախարարը տեղեկացրեց, որ այս քննարկումից հետո նախագիծը մամուլով կներկայացվի հրապարակային քննարկման, իսկ նոյեմբերի երկրորդ կեսին կներկայացվի կառավարություն, ապա նաեւ Ազգային ժողով։