«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2002-10-18 | #190, 2002-10-19 | #191, 2002-10-22


ԱՆԿԱԽ ՄԱԿ-ՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԵՂՄԱՑՈՒՄԻՑՙ ԻՐԱՔԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Երբ աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները սկսում են թմբկահարել, թե ՄԱԿ-ում ամերիկացիները մեղմացրել են դիրքորոշումը, իսկ մեղմացումը պատճառաբանում հակաիրաքյան բանաձեւի հարցում Ֆրանսիայի եւ Չինաստանի աջակցությունն ստանալու պաշտոնական Վաշինգտոնի մտադրությամբ, ահա Անկարա են գործուղվում Պարսից ծոցում տեղակայված ամերիկյան ուժերի հրամանատար, բանակի գեներալ Թոմի Ֆրենքսը եւ ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Ջոզեժ Ռաստոնը։

Գործուղման մասին հոկտեմբերի 21-ի առավոտյան տեղեկացրեց թուրքական պետհեռուստատեսությունը, տեղեկությունը նույն օրվա համարներում լրացրին թուրքական թերթերը։ Պետհեռուստատեսության տվյալներով, Իրաքի դեմ պատերազմի դեպքում ռազմական գործողությունների ղեկավարումը որպես գլխավոր հրամանատար Ֆրենքսն է ստանձնելու, ավելինՙ ինքն էլ նշանակվելու է հետսադդամյան Իրաքի գեներալ-նահանգապետ։

Ինչ վերաբերում է թուրքական թերթերին, ապա նրանք «Սաբահի» գլխավորությամբ տեղեկացնում են, որ Ֆրենքսը եւ Ռաստոնը թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հիլմի Օզքյոքի հետ քննարկելու են հակաիրաքյան հնարավոր պատերազմի Թուրքիայի համար հնարավոր հետեւանքներին առնչվող հարցեր։ Հարկ է նշել, որ այդ հարցերն էլ անմիջականորեն առնչվում են Իրաքի հավանական հակահարվածին։ Այս պայմաններում Թուրքիան կանգնելու է սահմանագիծ շրջանների, առավել եւս հարավարեւելյան նախագծին համապատասխան հենց այդ շրջաններում կառուցված բազմաթիվ ջրամբարտակները պաշտպանելու հրամայականի առջեւ։

Թեեւ թուրքական թերթերը տեղեկացնում են, որ ամերիկացի գեներալները գլխավոր շտաբի պետից պահանջելու են Դիարբաքրի եւ Մալաթիայի, ինչպես նաեւ Թուրքիայի օդային տարածքի օգտագործում, սակայն այդ բազաներըՙ առավել եւս տարածքը, արդեն տրամադրված են ԱՄՆ-ի օգտագործմանը։ Ավելին, թուրքական երկրորդ բանակը, որի շտաբը Մալաթիայում է, շտաբն Էրզրումում գտնվող երրորդ բանակի հետ բերվել է մարտական բարձր պատրաստվածության։

Ուրեմն, հարցը ոչ միայն երկրորդ բանակի վերահսկողության տակ գտնվող Դիարբաքրի եւ Մալաթիայի ռազմաբազաներն են, Թուրքիայի օդային տարածքով հանդերձ, այլեւ Իրաքի դեմ ռազմական գործողություններին թուրքական զինված ուժերի անմիջական մասնակցությունն ու դրա պայմանները։ Թերեւս այս ամենի առումով պատահական չէին Մադրիդում եւ Լոնդոնում Իրաքյան Քրդստանի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցչություններում Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան շրջանները ներառող «Անկախ Քրդստանի» քարտեզների հայտնվելը, քրդական անկախ պետականություն ստեղծելու մտադրության մասին Մասուդ Բարզանիի հայտարարությունները, նրաՙ Թուրքիային հասցեագրած սպառնալիքները, Հյուսիսային Իրաքում Իրաքյան Քրդստանի հայրենասերների միության նախագահ Ջալալ Թալաբանիի հետ Քրդական ազգային խորհրդարանի ձեւավորումը, ապագա պետության սահմանադրության նախագծի այնտեղ քննարկումը, եւ, վերջապես, Քերքուքի մայրաքաղաք հռչակումը։

Բարզանիի սպառնալիքները խիստ զայրացնում են թուրքերին, քրդական պետության ստեղծմանն ուղղված համատեղ գործողությունները Թալաբանիի հետ հավասարակշռությունից են հանում, իսկ Քերքուքի մայրաքաղաք հռչակումը լուրջ մտահոգություն է պատճառում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Քերքուքն աշխարհի նավթի պաշարներով ամենահարուստ շրջաններից է։ Դրա հանձնումը քուրդ առաջնորդների վերահսկողությանը նշանակում է աննախադեպ ընդլայնել ե՛ւ պետություն ստեղծելու, ե՛ւ թե անկախ կարգավիճակից այդ պետության կայացումն ու հետագա հզորացումն ապահովելու վերջիններիս հնարավորությունները։

Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ քրդերը, հավակնելով Քերքուքին, Թուրքիային կանգնեցնում են երկընտրանքի առջեւ։ Իրաքի դեմ ռազմական գործողություններին անմիջական մասնակցությունից հրաժարվելու դեպքում Թուրքիան ակամա հաշտվում է Քերքուքում քրդական վերահսկողությանը, մասնակցելու պարագայում թուրքերի առջեւ բացվում է Քերքուքի հարցն ԱՄՆ-ի հետ սակարկելու հեռանկարը։ Այդ ընթացքում Հյուսիսային Իրաքի քուրդ առաջնորդների եւ Թուրքիայի հակասություններն ինքնաբերաբար քրդական պետականության հարթությունից փոխադրվում են Քերքուքի հարցի հարթություն։ Այլ կերպ, Քերքուքը հակամարտող կողմերի միջեւ դառնում է գլխավոր կռվախնձոր։ Քանի որ ԱՄՆ-ը հակաիրաքյան պատերազմում ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ քրդերի կարիքը, ուստի թուրք-քրդական հակասությունների փոխադրումը Քերքուքի հարցի հարթություն միանգամայն համապատասխանում է նրա շահերին։

Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ ամերիկյան գեներալներ Ֆրենքսն ու Ռաստոնը թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օզքյոքի հետ բանակցություններում գլխավորապես կենտրոնանալու են հենց Քերքուքի հարցի վրա, որպեսզի թուրքերը, Հյուսիսային Իրաքում քրդական վերահսկողության փաստի հետ հաշտվելիս, այս փաստը որպես հակաիրաքյան պատերազմի մասնակցությունից խուսափելու միջոց չօգտագործեն։

Ռազմական գործողություններին թուրքական զինված ուժերի անմիջական մասնակցությունն անխուսափելի է։ Հյուսիսային Իրաքում անկախ ձեւից, թեկուզ առանց Քերքուքի, քրդական պետականության ձեւավորումը նմանապես։ Ուրեմն, պետք է ենթադրել, որ անկախ ՄԱԿ-ում Իրաքի նկատմամբ ամերիկացիների դիրքորոշման մեղմացումից, անխուսափելի է նաեւ հակաիրաքյան պատերազմը։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4