Հոկտեմբերի 20-ին Երեւանի մամուլի ակումբի, Թուրքիայի դիվանագիտական լրագրողների ընկերակցության եւ Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի «Հանուն գլոբալ խաղաղության կենտրոնի» նախաձեռնությամբ մայրաքաղաքի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ հայ եւ թուրք լրագրողների կլոր սեղան։ Հարեւան հանրապետությունից Երեւան էին ժամանել չորս թուրք լրագրողուհիներ, որոնք իրենց հայ գործընկերների հետ բանավեճ-քննարկում անցկացրին հիմնականում երկու թեմաների շուրջ. «Ընտրությունները Թուրքիայում ու Հայաստանում, դրանց լուսաբանումը մամուլում եւ հնարավոր ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի ու հայ-թուրքական հարաբերությունների վրա», «Տարածաշրջանային խնդիրների լուսաբանումը Հայաստանի եւ Թուրքիայի մամուլում. տարբերություններ եւ ընդհանրություններ»։
Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւ Ամերիկայի համալսարանի «Հանուն գլոբալ խաղաղության կենտրոնի» ներկայացուցիչ Ստիվեն Լադեկը։
Հայ եւ թուրք լրագրողներն արդեն 1,5 տարի ակտիվ շփումների մեջ են, սա ութերորդ հանդիպումն էր, մի քանի հանդիպումների մասնակցել են Ադրբեջանի ԶԼՄ ներկայացուցիչներ։
Երեւանում գտնվող թուրք լրագրողուհիների կարծիքով, նոյեմբերի 3-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից լուրջ ակնկալիքներ չպետք է սպասել։ Անկախ նրանից, թե ովքե՞ր կգան իշխանությանՙ ազգայնականնե՞րը, իսլամականնե՞րը, ԵՄ-ին անդամակցելու ջատագով ուժե՞րը, հայ-թուրքական հարաբերություններն արմատական փոփոխություններ չեն արձանագրի։ Թուրքերն այս անգամ էլ նկատեցին, որ պաշտոնական Անկարայի համար ամենեւին էլ առաջնային չէ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել-չհաստատելու խնդիրը։ Դա նկատելի է նաեւ թուրքական մամուլի հրապարակումներից. ԶԼՄ-ներում առաջնային են Թուրքիայիՙ ԵՄ-ին անդամակցելու, Կիպրոսի, քրդերի հարցերը, հույն-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ այլն։ Թուրքիայի համար հայկական քաղաքականությունը տասներորդական խնդիր է, եւ Անկարան հայկական հարցին ուշադրություն է դարձնում արտաքին ճնշումներին դիմակայելու նկատառումներով։
Հայ լրագրողների կարծիքով եւս 2003 թ. Հայաստանի նախագահական, ապաՙ խորհրդարանական ընտրությունների արդյունքները լուրջ անդրադարձ չեն կարող ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա, քանի որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը պայմանավորում է Երեւանի համար անընդունելի եւ միջազգային պրակտիկային անհարիր նախապայմաններով։
Անշուշտ, ցեղասպանության հարցը հնարավոր չէր շրջանցել։ Թուրքերի կարծիքով, երկրի ցանկացած կառավարություն չի ընդունի 1915 թ. դեպքերը որպես ցեղասպանություն։ Հարեւան հանրապետության լրագրողները նկատեցին, որ այդ հարցը պետք է թողնել պատմաբաններին։
Թ. Հ.