Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, նախընտրական տրամադրությունների եւ արդեն քվեարկության արդյունքների մթնոլորտում նախագահական ընտրություններում սեփական թեկնածությունն առաջադրելու, ենթադրվում էՙ նաեւ ընտրություններին մասնակցելու հովերը հանգիստ չեն թողնում ամբաստանյալ Նաիրի Հունանյանին։
Դրա փոխարեն դատավարությունը հանգիստ է թողնված դեռ ցուցմունք չտված եւ չհարցաքննված տուժողների կողմից։
«Հոկտեմբերի 27»-ի դատավարության երեկվա դատական նիստն էլ, ըստ էության, «ծառայեց» ամբաստանյալ Նաիրի Հունանյանին, քանի որ ոչ մի տուժող չէր ներկայացել։
Նաիրի Հունանյանը հայտարարեց, որ հրաժարվում է իր պաշտպանից եւ դրա համար 2 հիմնավորում ունի։ Նախ, ավագ Հունանյանը հայտնեց, որ իր պաշտպանն ուշ է արձագանքել իր խնդրանքինՙ հոր հետ տեսակցության թույլտվություն ստանալու կապակցությամբ դատարանին դիմելու համար։
Նաիրի Հունանյանը դժգոհեց նաեւ պաշտպանի մեկ այլ ուշացումից։ Հունանյանն իր պաշտպան Բենիամին Մինասյանին խնդրել է փոխանցել հորը, որ վերջինս հաշիվ բացի։ Ամբաստանյալը դժգոհեց, որ նոր բացված հաշվի համարն իրեն հայտնել են իր ասելուց 20 օր հետո։
Ինչեւէ, նախագահության ապագա թեկնածու դառնալու մեծ ցանկություն ունեցող ամբաստանյալը հրաժարվեց իր պաշտպանից։
Պաշտպանն իր հերթին նշեց, որ ամբաստանյալի հետ տարաձայնություններ է ունեցել։ Հունանյանը ցանկացել է իր պաշտպանի հետ հանդիպել նաեւ մեկուսարանում։ Մինչդեռ դրա համար պաշտպան Բենիամին Մինասյանը չի վճարվում։
Հետաքրքրական էր նաեւ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի այն հարցը, թե արդյոք ճնշումներ կա՞ն պաշտպանի վրա։ Պրն Մինասյանը պատասխանեց, որ դատարանից դուրս իր վրա ճնշումներ չեն գործադրվել։
Հակոբ Մարտիրոսյանն այս ամենին հավելեց, որ տեղյակ էր Հունանյանի կողմից փաստաբանական պաշտպանությունից հրաժարվելու մասին։ Սրան Հունանյանն արձագանքեց, որ պաշտպանից հրաժարվելու մասին ինքը խոսել է պահակախմբի մոտ։
Անդրադառնալով իր թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ նախընտրական գրավինՙ ամբաստանյալն իրեն հատուկ տոնով «կոչ» արեց Հակոբ Մարտիրոսյանին իր հաշվի համարով փոխանցել վերջինիս ամսվա աշխատավարձը։
Մեղադրողը կոչին պատասխանեց թերեւս հումորով, թե մի կտոր թույն կփոխանցի հաշվեհամարին։
Ա. Հ.