Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցությունների համաշխարհային շարժումը սկիզբ է առել 1844 թ. Լոնդոնումՙ մի խումբ քրիստոնյա երիտասարդների կողմից, որոնց մտահոգում էր երիտասարդության բարոյազուրկ ապրելակերպը։ Նպատակ դրվեց նրանց մեջ հոգեւոր արժեքների վերականգնման։ Ներկայումս Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություններ գործում են աշխարհի 122 երկրներում։
Առաջին հայկական ԵՄՔԸ-ն հիմնադրվել է 1908-ին Ադանայում եւ դադարել է գոյություն ունենալ թուրքական կառավարության հայահալած քաղաքականության պատճառով։ Վերականգնվել է 1992 թ. ու տասը տարվա ընթացքում երկար ճանապարհ անցել։
Օրերս տեղի ունեցավ ԵՄՔԸ Հայաստանում գործունեության տասնամյա հոբելյանին նվիրված միջոցառում։ Հոբելյանի առիթով Հայաստան էին եկել ԵՄՔԸ Վրաստանի, Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի ներկայացուցիչները։ Անդրադարձ կատարվեց Հայաստանում իրականացրած ծրագրերին, գործունեության ոլորտներինՙ փախստականների ինտեգրում հասարակության մեջ, օտար լեզուների, համակարգչային ուսուցում, մշակութային, արհեստագործական ուսուցման խմբակներ, մարզական, խաղային ծրագրեր, տարածաշրջանային համագործակցությանն ուղղված գործունեություն եւ այլն։
ԵՄՔԸ Հայաստանի ազգային միության նախագահ Արթուր Ղազարյանը նշեց, որ այսուհետեւ կազմակերպությունը հանդես է գալու ավելի լայն գործունեությամբ։
Մ. Հ.