<200219104 .jpg>
ՀՌԱԿ 11-րդ պատգամավորական ժողովին մասնակցեց ՌԱԿ Երուսաղեմի շրջանակի փոխատենապետ, Հայ երիտասարդաց միության ատենապետ Հակոբ Անդրեասյանը։ Առիթից օգտվելով փորձեցինք տեղեկանալ Երուսաղեմի հայ համայնքի արդի խնդիրների եւ այլ հարցերի մասին։ Ստորեւ ներկայացնում ենք «Ազգի» թղթակցի հարցազրույցը պրն Անդրեասյանի հետ։
¬ Հայաստանցիների հետաքրքրությունը Երուսաղեմի գաղութի հանդեպ վերջին ամիսներին բազմապատկվեց հասկանալի պատճառներով։ Ի՞նչ կպատմեք գաղութի աշխարհիկ համայնքի մասին։
¬ Հայկական գաղութի սկիզբը, պատմական որոշ տվյալների համաձայն, համարվում է Քրիստոսի ծննդյան ժամանակաշրջանը։ Երբ հռոմեական կայսրությունը գրավել է Երուսաղեմը, այնտեղ բերվել է նաեւ հայկական զորախումբ, եւ Սիոնի լեռան վրա տեղակայվել է հայկական ճամբարը։ Ըստ հնագիտական վերջին պեղումների, Քրիստոսից հետո Երուսաղեմում գոյություն է ունեցել զարգացման բարձր աստիճանի հասած հայկական համայնք։ Հայտնաբերված հնագույն խճանկարները ապացուցում են, որ Հին քաղաքի Դամասկոսի դարպասի մոտ եղել է առաջին սիմվոլիկ գերեզմանը։ «Թռչունների խճանկարի» վրա հայտնաբերվեց հայերեն արձանագրությունՙ «Այստեղ թաղվածները միայն Աստծուն են ծանոթ»։
Ավելի ուշ հայերն սկսել են Երուսաղեմ այցելել որպես ուխտավորներ, եւ տեղում առաջացել են փոքր գաղութներ։ Այսպես, Հայոց վանքը հիմնվեց ս. Հակոբ եկեղեցու ընդարձակ տարածքի վրա եւ այսօր մեծ թաղամաս է կազմում։ Կիլիկյան թագավորության օրոք, Խաչակիրների արշավանքների ժամանակ Երուսաղեմ եկան հայ զինվորներ եւ բնակություն հաստատեցին Հին քաղաքի Սիոնի դարպասի մոտ։ Գաղթականների երրորդ ալիքը եկավ Հայոց ցեղասպանությունից հետո, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո Իսրայելում կազմավորվեց նոր գաղութՙ թվով 13000 հայ, որը բնավ կապ չունի Հին քաղաքի գաղութի հետ։
Երուսաղեմի հայոց վանքը հոգեւոր եւ մշակութային կարեւոր կենտրոն է աշխարհում։ Այնտեղ ստեղծել ենք մի փոքրիկ Հայաստանՙ իր եկեղեցիներով, ակումբներով, դպրոցով, մշակույթով։ Դժբախտաբար, գաղութը վերջին տարիներին դժվարին օրեր է ապրում։ Երկրի քաղաքական անկայունությունն, անշուշտ, մեծապես ազդում է հայերի նյութական եւ հոգեկան վիճակի վրա։ Բնակչության հիմնական մասի աշխատանքը պայմանավորված է տուրիզմով, որն այսօր զգալիորեն նվազել է։ Դժվար է հավատալ, որ կարճ ժամանակում խնդիրը կկարգավորվի, բայց, ինչ արած, հույսով ապրում ենք։
¬ Երուսաղեմում գործում են երկու ավանդական կուսակցություններըՙ ՌԱԿ-ը եւ ՀՅԴ-ն։ Ինչպե՞ս կբնութագրեք նրանց գործունեությունը։
¬ Նախ ասեմ, որ ամենամեծ դերը գաղութի բարօրության համար կատարում է պատրիարքարանը, որը, սակայն, ցավոք, համայնքի բնակիչներին բնակարանով, աշխատանքով եւ դպրոցով ապահովելով, իր գործն ավարտած է համարում։ Մինչդեռ կենսական շատ հարցեր դեռեւս պատշաճ լուծում չեն ստացել։ Երուսաղեմում գործող երկու կուսակցություններն էլ իրենց դերը կատարում են լիովին։ Դժվարություններ շատ կան, բայց համառորեն հետամուտ ենք մեր նպատակների իրականացմանը։ ՌԱԿ-ը քաղաքական կուսակցություն է եւ, բնականաբար, զբաղվում է քաղաքական գործերով, իսկ ՌԱԿ-ի մշակութային-երիտասարդական թեւըՙ Հայ երիտասարդաց միությունը, մշակութային, մարզական, թատերական, արմենական աշխատանքներ է իրականացնում, Արմենական շարժման մեջ ընդգրկված երիտասարդների մեջ սերմանում է հայրենասիրություն եւ ազգային գաղափարախոսություն։ Վերջերս մեծ հանդիսությամբ նշեցինք մեր կուսակցության 80-ամյակը, իսկ սեպտեմբերի 21-ին ազգային տոնախմբություն կազմակերպեցինք վանքի բակում։
¬ Իսկ որո՞նք են համայնքին ամենից շատ հուզող խնդիրները։
¬ Դրանցից մեկը վանքում գործող հանրակրթական Թարգմանչաց դպրոցի կրթական մակարդակն է։ Որոշ ծնողներ նախընտրում են օտարալեզու դպրոցները, պատճառաբանելով, որ հայկական դպրոցը դուրս է մնում երկրի պահանջներից։ Պետք է զարգացման ճիշտ ճանապարհ ընտրել եւ դպրոցի հեղինակությունը բարձրացնելովՙ հետ բերել հեռացած աշակերտներին։ Գաղութում մեծ թիվ են կազմում գործարարներն ու արհեստավորները։ Շատ քիչ են եբրայերենին լավ տիրապետող մտավորականները, որի պատճառով էլ համայնքը մի տեսակ դուրս է մնացել Իսրայելի հասարակական-քաղաքական կյանքից։ Եթե հրեաների նախորդ սերունդը քիչ թե շատ գիտեր հայերի մասին, ապա նոր սերունդը, որը խուսափում է Հին քաղաք այցելելուց, բացարձակապես գաղափար չունի։ Թարգմանչաց դպրոցն ավարտողներից դժբախտաբար քչերն են ընդունվում Եբրայական համալսարան, քանի որ չեն ստանում համալսարանի պահանջներին համապատասխան գիտելիքներ։
¬ Մինչեւ պաղեստինյան ինթիֆադան Երուսաղեմը տուրիզմի հսկա կենտրոն էր, որտեղ կարելի էր քարոզչական մեծ աշխատանք ծավալել հայ ժողովրդի պատմության եւ ցեղասպանության մասին տեղեկագրեր տարածելով։ Ինչո՞ւ դա չարվեց։
¬ Մի քանի անգամ փորձեցինք նման գործունեություն սկսել, սակայն դա չիրականացավ։ Պատրիարքարանը մի քանի լեզուներով լույս ընծայեց Երուսաղեմի հայկական եկեղեցիների պատմությունը։ Մի տեսակ վախ կա օտարների չափից դուրս ելումուտից, որի պատճառով էլ Ս. Հակոբ եկեղեցին օրվա ընթացքում ընդամենը կես ժամ է բաց, եկեղեցու դռները գոց տեսնելովՙ զբոսաշրջիկները հաճախ այլեւս չեն գալիս։
¬ Դուք զբաղվում եք նաեւ խեցեգործական արվեստով։ Երուսաղեմում պահպանված հայոց հինավուրց խեցեգործական արվեստը մինչ օրս ներկայացված չէ Հայաստանում։ Ունե՞ք այդպիսի նպատակ։
¬ Հայկական խեցեգործական արվեստը Երուսաղեմ է հասել 1919 թ., երբ Պաղեստինում տիրապետություն հաստատած անգլիացիները Օմարի մզկիթը վերանորոգելու նպատակով Քյոթահիայից հրավիրեցին այնտեղ մեծ ճանաչում ունեցող խեցեգործ հայ վարպետների։ Անվանի խեցեգործներ Օհանիսյաններն իրենց հետ բերեցին Քարքաշյաններին եւ Բալյաններին, որոնց աշխատանքներն այդ ժամանակվանից ի վեր հայտնի դարձան եւ գրավեցին ոչ միայն տեղաբնակներին, այեւ զբոսաշրջիկներին։ 70-ական թվականներից ասպարեզ եկավ խեցեգործների նոր սերունդ, որը հետեւելով նախորդներին, մահմեդական աշխարհին դուր գալու համար պահպանեց ընդունված զարդանախշերն ու գունապնակները։ Ի հակադրություն նրանց, ես նախընտրեցի միմիայն հայկական զարդանախշերըՙ դրանք վերցնելով միջնադարյան մանրանկարիչների աշխատանքներից։ Երուսաղեմի խեցեգործական արվեստը ժամանակի ընթացքում տարածվեց ու ճանաչելի դարձավ Իսրայելում եւ աշխարհի տարբեր երկրներում։ Ցավոք, մինչ այսօր այն անհասանելի է հայաստանցիներին։ Հուսանք, որ զբոսաշրջության զարգացմանը զուգընթաց Հայաստանում կծաղկի նաեւ Երուսաղեմի խեցեգործական արվեստը, քանզի հրաշալի վարպետներ կան այստեղ։
¬ Տարածված կարծիք կա, որ Երուսաղեմի հայերը խուսափում են հայաստանցիներից։ Ի՞նչ կասեք այդ մասին։
¬ Վերջին հոսքի ժամանակ Հայաստանից շատերը եկան Իսրայել կեղծ փաստաթղթերով, իրականում քիչ էին խառն ամուսնության դեպքերը։ Նրանք գալիս են իբրեւ հրեաներՙ միանգամից դառնում երկրի քաղաքացի եւ թվում է, թե որեւէ օգնություն չպետք է ակնկալեն մեզանից։ Մինչդեռ պատկերն այլ է, շարունակ դիմում են պատրիարքարանին եւ այլոցՙ հայցելով նյութական օգնություն եւ աշխատանք։ Հենց այսպես էլ կանաչ խոտը չոր խոտի հետ այրվում է։ Այժմ տարբեր առիթներով ժամանակավոր Երուսաղեմ եկող հայաստանցիներից պահանջում ենք երաշխավորագիր, իմանալու համար, թե ում հետ գործ ունենք։ Հատկապես շատ էին տուրիստական խմբերից փախուստի դեպքերը։ Հիմա Հայաստանից ուխտավորներ գրեթե չեն գալիս Երուսաղեմ, քանի որ Իսրայելը պահանջում է գրավ դնել 5000 դոլարին համարժեք գումար։
¬ «Պարոն Տերի» բռնազավթումը մեծ հուզումներ առաջացրեց Հայաստանում եւ սփյուռքում։ Կարելի՞ է վերջնական համարել խնդրի լուծումը։
¬ Այո, հարցը վերջնակապես լուծվեց ի նպաստ մեզ։ Պաշտպանական պատը կկառուցվի ոչ թե «Պարոն Տերի» կենտրոնում, այլ ծայրամասումՙ քիչ վնաս հասցնելով կալվածքին։ Դեռեւս կան մուտքի թույլտվության, սահմանների ճշտման հարցեր։ Պատը մեր սահմանի մեջ է եւ հետագայում քանդվելու պարագայում հողատարածքը կրկին մերն է։ Ի դեպ, ՀՌԱԿ-ը միակ կուսակցությունն էր, որն անմիջական կապ հաստատեց Երուսաղեմի ՌԱԿ-ի շրջանակի հետ եւ կարեւոր ներդրում ունեցավ հարցի լուծման մեջ։
Իսրայելի կառավարությունն այսօր քաջ գիտի, որ հայերն ունեն ազգային միասնություն եւ անհրաժեշտ է վարել խելամիտ քաղաքականությունՙ սուր միջադեպերից խուսափելու համար։
¬ Գո՞հ եք ՀՌԱԿ 11-րդ Պատգամավորական ժողովի աշխատանքներից։
¬ Համագումարն ընթացավ մեծ հաջողությամբ։ Համոզված եմ, որ մասնակցելով Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին, կուսակցությունը մեծ դեր կունենա Հայաստանի քաղաքական կյանքում։ Մեր գլխավոր նպատակը Հայաստանը ՌԱԿ-ի կենտրոնը դարձնելն էՙ կուսակցության գաղափարախոսության շուրջ միասնաբար համախմբվելու եւ ի շահ հայրենիքի գործելու գիտակցումով։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ