Ինչ է փոխվել մեր ընկալումներում
Արդեն 3 տարի է մեզ բաժանում 1999-ի ահավոր հոկտեմբերի 27-ից։ Օր, որ յուրովի մերկացրեց համամարդկային աղետ դարձած ահաբեկչության ողջ դաժանությունն ու ստորությունը։ Օր, որ անջնջելի հետք թողեց մեր գիտակցության եւ պատմության վրա, որ դարձավ մի ամբողջ աշխարհայացք, եւ որով պիտի պայմանավորվեր մի ողջ երկրի տնտեսական, քաղաքական զարգացումը եւ ինտեգրումն աշխարհին։
Եվ այս ամենի ընկալումն ընդամենը 3 տարվա ընթացքում։ Ի՞նչ հաջողվեց այս տարիների ընթացքում ահաբեկչության իրական հեղինակներին բացահայտելու առումովՙ դժվար է գնահատական տալ, քանի որ գործընթացն ըստ էության շարունակական է։ Սակայն այնքանով, որքանով այդ հարցը ծայրահեղ քաղաքականացված է, կարելի է եզրակացնել, որ լուրջ տեղաշարժեր չեն արձանագրվել։ Ավելինՙ նույնիսկ գործից անջատված մասով, ահաբեկչության կազմակերպիչներին բացահայտելու նպատակով, նախաքննությունն ավարտված չէ, այսինքնՙ առայժմ դրա արդյունքները կամ գոնե դատախազության կատարած աշխատանքների մանրամասները հրապարակման ենթակա չեն։
Այս իրավիճակում ակնհայտ էր, որ ընտրությունների նախաշեմին «Հոկտեմբերի 27»-ն ընդդիմության համար բավականին հզոր խաղաթուղթ է դառնալու, որը գոնե հիմա նույն ուժերը շատ անգրագետ ձեւով են օգտագործում։ Դրա լավագույն ապացույցը երեկ հրավիրված հանրահավաքն է, որտեղ թեեւ ըստ էության հրավիրված էր «հոկտեմբերի 27»-ի կապակցությամբ, սակայն շահարկումներից բացի ոչինչ տեղի չունեցավ։
Բոլորովին պատահական չէր, որ հանրահավաքի նախօրեին ՀԺԿ-ի անդամ Ստեփան Զաքարյանը, փորձելով զուգահեռներ տանել 1999-ի հոկտեմբերի 27-ի եւ Մոսկվայի վերջին իրադարձության միջեւ, շեշտը դնում էր ոչ թե ահաբեկչության դատապարտման վրա, այլ դարձյալ սկսեց խոսել հոկտեմբերի 27-ից հետո երկրում իբր ստեղծված «բարոյական ահավոր անկման տարիների» մասին։ Դարձյալ զուգահեռներ տարվեցին այդ ահաբեկչության եւ «Առագաստ» սրճարանի սպանության միջեւ։ Իսկ ընդհանուր գնահատականը նույնն էրՙ իշխանությունները հովանավորում են ահաբեկիչներին եւ ահաբեկչությանը։
Նման գնահատականները, սակայն, ոչ միայն ոչինչ չեն ավելացնում եղածներին, այլեւ ընդհակառակըՙ հոկտեմբերի 27-ի ոճրագործության նշանակությունը հենց թեկուզ պետական, ազգային անվտանգության տեսանկյունից նույնացվում է այլ, շատ դեպքերում շարքային հանցագործությունների հետ։ Այսպիսով ոչ միայն ոճրագործությունն է մեծացվում, այլեւ ինքնին դառնում է քաղաքական շահարկումների շարքային միջոց, ինչը պետք է բացառվեր։
Թերեւս դա նկատի ուներ քաղաքագետ, ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը, երբ հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հետադարձ հայացքով նայելիս ասում էր. «Այս դատական պրոցեսից շատ բան է կախված պետության, հասարակության, ժողովրդավարության առողջացման համար։ Սա նաեւ ապացուցելու է մեր դատական իշխանության գործելակերպը։ Դեռեւս տարիների ընթացքում Հայաստանը կարող է դիտարկվել որպես երկիր, որտեղ թույլ է տրվել ահաբեկչական գործողություն։ Այսօր կարեւորը դատապարտման ընդհանուր պրոցեսն է։ Իսկ դատարանին քաղաքական գնահատական տալ պետք չէ։ Պետք է դատապարտել ոչ թե դատարանին, այլ ահաբեկչությունից հետո առաջացած մթնոլորտը։ Դա շատ կարեւոր է եւ մեզ համար լինելու է ապագայի խնդիր»։
Նույն կարծիքին է նաեւ իշխանամերձ շրջանակներից ՀՅԴ-ն, որը շատ ավելի կարեւորում է դատարանին ազատ գործելու հնարավորություն տալը։ Ըստ Աղվան Վարդանյանի. «Գործի ավարտված մասով դատավարություն է ընթանում եւ այստեղ որեւէ բան ակնկալելն առայժմ լուրջ չէ, ինչ վերաբերում է մյուս մասինՙ որեւէ բան ասել չի կարելի, քանի որ նախաքննության պրոցես է, լրացուցիչ ցուցմունքներ տալու հարց չի եղել։ Ինչ վերաբերում է անցնող երեք տարիներին, բնական եմ համարում տիրող իրավիճակը, որովհետեւ այդ կարգի ոճրագործության բացահայտման համար, նույնիսկ եթե տասնյակ տարիներ պետք լինեն, մեր պետությունը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի այս գործի մանրամասները, շարունակի աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի ի վերջո բացահայտվեն, եթե, իհարկե, կազմակերպիչ ուժեր կան, վերջիններս։ Որովհետեւ դա հարված էր մեր պետականությանն ու ինքնությանը»։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ