16 կուսակցությունների դաշինքի երեկ հրավիրած հանրահավաքը սկզբից մինչ ավարտը Ռոբերտ Քոչարյանին ուղղակիորեն կամ անուղղակիորեն դեմ ելույթներից էր կազմված։ Նախ, քաղաքապետարանի երեկվա որոշումըՙ Ազատության հրապարակում իրականացվող շինարարության պատճառով հանրահավաքը տեղափոխել Մատենադարանի տարածք, որակվեց որպես «հերթական սադրանք ընդդիմության դեմ»։
Առաջին ելույթն Ալբերտ Բազեյանինն էր, ելույթի թեմանՙ Ռոբերտ Քոչարյանն ու հոկտեմբերի 27-ը։ Նա ներկաներին կոչ արեց կողմնորոշվել կամ դեպի «անօրինական տիրույթում գործող իշխանությունները», կամ «ազգանվեր կուսակցությունները», այսինքնՙ 16-ի դաշինքը։ Արշակ Սադոյանն էլ, ի դեպ, որ այս անգամ բավականին սառը ընդունելության արժանացավ, կոչ էր անում մարդկանց գնալ անդամակցել 16 կուսակցություններից որեւէ մեկինՙ «որն իրենց ավելի է հարազատ»։
«Մենք ժողովրդի հետ ենք, ժողովուրդըՙ մեզ հետ, եւ մենք անպայման հաղթելու ենք», «մեզ հետ միասին ժողովուրդը պետք է տեր կանգնի իր պետականությանը», նման արտահայտություններ էին հնչում հանրահավաքի ընթացքում։
Իսկ պաստառներն ավելի շատ հոկտեմբերի 27-ին էին առնչվումՙ «Քոչարյանի հրաժարականըՙ արդար դատավարության երաշխիք», «Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի փետրվարի 19-ից հետո»։
Դարձյալ անդրադարձ եղավ «Արմենտելին», բաշխիչ էլեկտրացանցերին եւ այլ գործարքներին, ու կրկին փորձ արվեց ամենը մատուցել այնպես, որ կրկին Ռ. Քոչարյանը մեղավոր երեւա։
Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանն էլ փորձեց գալիք նախագահական ընտրությունների կանխատեսումներն անել. Քոչարյանն ընտրվելու շանս չունի, ժողովուրդը Քոչարյանին չի ընտրի։ Նա կոչ արեց ձայն տալ 16-ի միասնական թեկնածու(ներ)ին, այդ ժամանակ միայն երկրում դրական փոփոխություններ կարելի է ակնկալել։
Արշակ Սադոյանն ավելի ճշգրիտ հարցախույզի էր տիրապետում։ Նա նույնիսկ հաշվարկներ էր կատարել. Քոչարյանը 7¬10 տոկոսից ավելի ձայներ չի հավաքի։