Ռեպորտաժ «Ավստրիական ավիաուղիների» աջակցությամբ
ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԲԼԵԴԻՑ
Սլովենական Բլեդ լճի ափին գտնվող համանուն քաղաքում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային 35-րդ օլիմպիադան։ Այս պահին, երբ գրվում են այս տողերը, մասնակիցների վերջնական թվաքանակի մասին տվյալները դեռ չեն հրապարակվել, բայց ավելի քան 130 երկրների նախնական հայտերը խոստանում են ռեկորդային դարձնել այս օլիմպիադան։ Օլիմպիադայի ընթացքում «Ազգում» իմ ամենօրյա ռեպորտաժներում ուշադրության կենտրոնում կլինեն, բնականաբար, Հայաստանի շախմատիստների ելույթները։ Որպես նախաբան ներկայացնեմ մեր հավաքականների կազմերը։ Տղամարդկանց թիմում խաղատախտակների հերթականությամբ հանդես են գալու Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանը, Կարեն Ասրյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, մարզիչն Արշակ Պետրոսյանն է։ Կանանց մրցաշարում Հայաստանն ըստ խաղատախտակների ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հլղաթյանը, Լիլիթ Գալոյանըՙ մարզիչ Արսեն Եղիազարյանի ղեկավարությամբ։ Նկատենք, որ մեր բոլոր պատվիրակները, բացառությամբ երկու աղջիկների, գրոսմայստերներ են։ Հլղաթյանը միջազգային վարպետ է, իսկ Գալոյանն առայժմ վարպետ է։
Մեկնաբանների մեծամասնության կարծիքով, չեմպիոնի կոչման հավակնորդը Ռուսաստանի հզոր թիմն էՙ Գարրի Կասպարովի գլխավորությամբ։ Բայց ամեն ինչ կորոշեն շվեյցարական մրցակարգով անցկացվելիք 14 տուրերը։ Հուսանք, դրանք հաջող կլինեն Հայաստանի շախմատիստների համար։